17 հուլիսի 2012 - 14:53 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ոսկե ծիրանն» 9-րդ անգամ տոն պարգևեց երևանցիներին և ոչ միայն նրանց
Կարճ էքսկուրս 9-րդ փառատոնի 7 օրերով
Հուլիս ամսվա առաջին կեսին Երևանում տեղի է ունենում Հայաստանի մշակութային կարևոր (եթե ոչ կարևորագույն) իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:

Այդ օրերին երևանցիները, և Հայաստան ժամանած զբոսաշրջիկները Աբովյան փողոցում տեսնում են համաշխարհային կինոյի ներկայացուցիչներին, փառատոնի մասնակիցներին: Ամենից շատ, իհարկե, մարդիկ նկատում են սպիտակ կոստյում և գլխարկ հագած փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին`ով այդ օրերին իր տարրերքի մեջ է: Փառատոնի մշտական հյուր է նաև ռեժիսոր, ամառային Երևանը ոչ այդքան սիրող Ռոման Բալայանը:

Այս տարի փառատոնը տեղի ունեցավ հուլիսի 8-15-ը:

Ստացվել էր ռեկորդային` 1120 հայտ աշխարհի 70 երկրներից:

Փառատոնը պահպանեց իր ավանդական մրցութային և ոչ մրցութային ծրագրերը` «Հարգանքի տուրքը», հետահայաց ցուցադրությունները:

Նշվեցին Ֆրունզե Դովլաթյանի 85, Անդրեյ Տարկովսկու 80 և Յուրի Երզնկյանի 90-ամյակները, ներկայացվեց նոր`«Գիրք և կինո» ծրագիրը: Հայ առաքելական եկեղեցին սահմանեց «Եղիցի լույս» մրցանակը, որն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն շնորհեց ռուս հանրահայտ կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին:

Այս տարի մրցութային ծրագրերն աչքի ընկան բազմազանությամբ: Հետաքրքրական է, որ որոշ վավերագրական ֆիլմերի ռեժիսորներ անդրադարձել էին ոչ թե իրենց, այլ օտար երկրներին: Չեխ ռեժիսոր Պետր Լոմը պատմում էր Եգիպտոսի հեղափոխության մասին, սերբ Գորան Ռադովանովիչին էլ ոգեշնչել էր Կուբայի բնակիչների ծանր վիճակն ու Ֆիդելը: Փառատոնին մասնակցում էր Հարավային Կորեայից միայն մեկ ներկայացուցիչ: Փոխարենը այս տարի փառատոնը հյուրընկալեց Հարավային Ամերիկայի ներկայացուցիչներին. Չիլիից ժամանած Խոսե Լուիս Տորես Լեյվան ներկայացրեց սիրողական տեսախցիկով նկարած իր հարազատ գյուղի ամառային կյանքը: Ֆիլմն արժանացավ ժյուրիի ուշադրությանը և հատուկ մրցանակին:

Առհասարակ, միջազգային մրցույթն, այս տարի աչքի ընկավ ծանր հոգեբանական ֆիլմերով, որոնք միանշանակ չընդունվեցին հանդիսատեսի կողմից: Ամենամեծ խոսակցությունների առիթ տվեց ռուս Վասիլի Սիգարևի «Ապրել» (Жить) ֆիլմը: Ոմանք այն անվանեցին գլուխգործոց, մյուս խումբն էլ Սիգարևին անվանեց սկանդալիստ: Ինքը, Սիգարևը հանգիստ է նայում նման արձագանքներին, նշելով, որ ամեն մեկն իր հոգեվիճակով է առաջնորդվում ֆիլմի մասին կարծիք հայտնելով: Լավատեսներն ուզում են ապրել, իսկ դժբախտ հոգեվիճակով մարդիկ` ընդհակառակը:

Փառատոնին մասնակցեց նաև քաղաքական թեմա շոշափող «Նախարարը» ֆիլմը, որը դուր չէր եկել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի կառավարությանը, և հիացրել ներկա նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Միջազգային ծրագրերից անցում կատարենք «Հայկական համայնապատկեր» ծրագրին: Այս տարի «Համայնապատկերի» լիամետրաժ ֆիլմերի ծրագիրն աչքի ընկավ Հայաստանի մասնակիցների ավելի մեծ թվով (անցած տարիներին ավելի շատ էին սփյուռքահայերի կամ օտարազգիների նկարած գեղարվեստական ֆիլմերը):

Վավերագրական մրցույթում, ինչպես սովորաբար լինում է, հայաստանցի և սփյուռքահայ կինոռեժիսորները մեծ ուշադրություն էին դարձրել Հայոց ցեղասպանության հարցին: Օրինակ՝ Սյուզան Խարդալյանը ներկայացրել էր Եղեռնի տարիներին հայ կանանց դաջվածքները, Էրիկ Նազարյանը և Նիկոլ Պեզչյանը Ստամբուլում իրենց ֆիլմի հերոսների նախնիների հետքերն են փնտրել, Էրիկ Խաչիկյանը գնացել է իր տատի հայրենի Ամասիա քաղաքը, Արմեն Գասպարյանն էլ պատմում էր Եղեռնից մազապուրծ եղածների սերունդների, մասնավորապես Հայաստանում բնակվող մի տիկնոջ մասին:

Գլխավոր մրցանակին` «Ոսկե ծիրանին» արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը: «Լավագուն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը տարավ պաղեստինցի Էմաթ Բուրնաթի «Հինգ կոտրված տեսախցիկ»-ը: «Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական մրցույթում գլխավոր մրցանակը գնաց Բրազիլիա, Սեզար Գանանյանին «Հայկական ռապսոդիա» ֆիլմի համար:Նույն անվանակարգի խաղարկային մրցույթում լավագույնը ճանաչվեցին Նատալյա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը» և ֆրանսահայ ռեժիսոր Վալերի Մասադյանի «Նանա» ֆիլմերը:

Այս տարի փառատոնն աչքի չընկավ հայտնի հյուրերով, փոխարենը` ներկայացավ բազմազան ծրագրերով: Լավ կլինի, որ եկող տարի 10-ամյակի կապակցությամբ շտկվեն որոշակի խնդիրներ (օրինակ` վարպետության դասեր անցկացնողը հաշվի առնի ներկաների ցանկությունը, ֆիլմերը ցուցադրվեն ավելի լավ որակով) և բոլորիս սիրելի «Ոսկե ծիրանը» դառնա առավել հիշարժան և գունեղ:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News