23 հուլիսի 2012 - 11:52 AMT
ՀՈԴՎԱԾ
Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց 5 օր
Եվս 5 օր և ողջ աշխարհն ականատես կլինի 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Իրադարձություն, որին սպասում են ոչ միայն մարզիկներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները, այլև երկրպագուներն ու սպորտի սիրահարները:
PanARMENIAN.Net-ը փոքրիկ անդարադարձ է կատարել Օլիմպիական խաղերի պատմությանը: Հետաքրքիր է, որ ամառային Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում` սկսած 1896 թվականից, նվաճվել է 4503 ոսկե մեդալ: Երկրների հաշվարկով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է` 929 մեդալով, երկրորդ տեղում Գերմանիան է (400 մեդալ), իսկ երրորդում` Խորհրդային Միությունը (395 մեդալ):

Առաջին Օլիմպաիական խաղերին մասնակցել է 241 մարզիկ.

Աթենքում 1896 թվականի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերին մասնակցել են 241 մարզիկներ աշխարհի 14 երկրներից` խաղարկելով մեդալների 43 հավաքածու:

Առաջին խաղերին ամենից շատ թվով մարզիկներ ներկայացրել են Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Անգլիան: Կանանց արգելվել է մասնակցել Օլիմպիադային, քանի որ «այն կդիտվեր որպես ոչ պրակտիկ, անհետաքրքիր և ոչ կոռեկտ»: Խաղերին հետևել է 80 հազար հանդիսական, այդ թվում նաև Հունաստանի թագավոր Գեորգ Առաջինը:

Պեկինյան Օլիմպիադային հետևել է 3,6 միլիարդ մարդ.

Այս պահի դրությամբ վերջին` 29-րդ ամառային խաղերին, որոնք տեղի ունեցան Պեկինում 2008 թվականին, մասնակցել է 204 երկրների 10942 մարզիկ, խաղարկվել է մեդալների 302 հավաքածու:

Չինաստանի Օլիմպիական հավաքականը նվաճել է 51 ոսկե մեդալ և շրջանցել ԱՄՆ-ի հավաքականին: Չնայած սրան, ամերիկացիները մեդալների ընդհանուր հաշվարկով գրավել են առաջին տեղը: Պեկինի խաղերին հետևել են ռեկորդային թվով հանդիսականններ, նրանց թիվը կազմել է 3,6 միլիարդ: Այս խաղերում ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը նվաճել է 8 ոսկե մեդալ` պատմության մեջ դառնալով առաջին մարզիկը, որը իր կարիերայի ընթացքում այդպիսի արդյունքի է հասել:

Լոնդոնի Օլիմպիադան կլինի «էկոլոգիապես ամենամաքուրն ու կանաչը».

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը միակն է, որն արդեն 3-րդ անգամ հյուրընկալում է Օլիմպիական խաղերը: Լոնդոնն Օլիմպիադա առաջին անգամ ընդունել է 1908 թվականին, երկրորդը` 1948-ին: 2012 թվականի լոնդոնյան խաղերին կմասնակցի 205 երկրի 15 հազար մարզիկ:

Պարալիմպիական խաղերին ելույթ կունենան ավելի քան 4 հազար մարզիկներ, որոնք կներկայացնեն 147 երկիր: Ի դեպ, Լոնդոնն առաջին քաղաքն է, որը 1948 թվականին Օլիմպիական խաղերի հետ համատեղ որոշեց կազամկերպել նաև Պարալիմպիական խաղեր: Այս անգամ ևս բրիտանացիներն ամեն ինչ արել են, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարզիկներն իրենց հարմարավետ զգան:

Խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Օլիմպիական այգում և ավանում տնկվել է ավելի քան 4000 ծառ: Առաջին ծառը 2009 թվականին տնկել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-ը: Օլիմպիական կոմիտեն հատուկ ուշադրություն է դարձրել բնապահպանական կայունության խնդիրներին` ապահովելով կանաչապատում, խնայողություն, մաքրություն և բնության պահպանություն:

Սպորտը կարող է միավորել աշխարհը և խաղաղություն հաստատել Դեռ շատ հին ժամանակներից, Օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր պատերազմները դադարեցվում էին: Այդ օրերին ողջ աշխարհը հարգում էր սպորտային այս միջոցառումը և վայելում խաղերը:

Օլիմպիական զինադադարի խորհուրդը գալիս է հին հռոմեական ժամանակներից, երբ մարտնչող երկրների ներկայացուցիչները մեկնում էին Օլիմպիադա և վերադառնում խաղաղությամբ:

1990-ականներից ՄՕԿ-ը վերափոխեց Օլիմպիական զինադադարի մոտեցումը և հռչակեց այն որպես հավասարության և բազմազանության պաշտպանության նախաձեռնություն: Այն կրում է հետևյալ կարգախոսը. «Սպորտը կարող է միավորել աշխարհը և խաղաղություն հաստատել»:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News