27 հուլիսի 2012 - 15:48 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը Օլիմպիադայի բացմանը շքերթի դուրս կգա 9-րդը
Մի քանի ժամ ևս ու աշխարհը վերջապես ականատես կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը, իրադարձություն, որին սրտատրոփ սպասում է Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը:
Հայաստանի պատվիրակությունն արդեն Լոնդոնում է, և PanARMENIAN.Net-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ պատվիրակության անդամ Գագիկ Բոլշիկյանի հետ, որը պատմեց, թե իրենք ինչ աշխատանքներ են տարել Բրիտանիայի մայրաքաղաքում:

«Հայ մարզիկներից բոլորն արդեն Լոնդոնում են և շարունակում են իրենց նախապատրաստական աշխատանքներն արդեն այստեղ: Միայն չեն ժամանել ըմբշամարտի հավաքականները, պատճառն այն է, որ ըմբշամարտի մրցաշարը կայանալու է ավելի ուշ: Մրցման մեկնարկից առաջ մեր ըմբիշները կմիանան մեզ»,- նշեց Բոլշիկյանը:

Ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի բացումը Հայաստանի ժամանակով կմեկարկի կեսգիշերին: Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը շքերթի դուրս կգա 9-րդը, Արգենտինայի ընտրանուց հետո:

Որպես կանոն, առաջինն անցնելու է Հունաստանի պատվիրակությունը, որպես երկիր, որը ողջ աշխարհին նվիրել է Օլիմպիական խաղերը: Շքերթը կեզրափակի կազմակերպող երկրի` Մեծ Բրիտանիայի, պատվիրակությունը:

«ՀՀ նախագահ Սերժ Սրգսյանն արդեն ժամանել է Լոնդոն և ներկա կգտնվի խաղերի բացմանը: Նա մեր մարզիկների հետ դեռ չի հանդիպել, սակայն հանդիպում նախատեսվում է: Արդեն այստեղ է նաև ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելացնեմ նաև, որ հուլիսի 29-ին կլինի հայկական օր, և այս միջոցառման ժամանակ կներկայացնենք հայկական մշակույթը»,- ավելացրերց Բոլշիկյանը:

Հայաստանը ամառային խաղերում կներկայացնեն 25 մարզիկներ: Հայաստանի դրոշակակիրը լինելու է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը:

Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին

Լոնդոնյան խաղերին մասնակցելու են ավելի քան 10 հազար մարզիկներ աշխարհի 205 երկրներից, կխաղարկվի մեդալների 302 հավաքածու: Բացման արարողության վրա, որը կրելու է «Հրաշքների կղզի» անվանումը, ծախսվել է 42 միլիոն դոլլար:

Ինֆորմացիա է տարածվել, որ արարողության գլխավոր գործող անձիք լինելու են գրականության հերոսներ: Շոուն սկսվելու է Օլիմպիական ստադիոնի կենտրոնում, որտեղ վեր է հառնելու «Հարրի Փոթեր» գրքի հերոս կախարդ Վոլդեմորտի 12-մետրանոց կերպարը: Մարզական արենայում հանդիսականները կտեսնեն նաև Ալիսային` «Հրաշքների աշխարհից», Կրուելլո դե Վիլլին «101 դալմաթիներից»:

Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին:

Բացման արարողությանը ներկա կգտնվի 15 հազար մարդ, որոնց թվում լինելու են բազմաթիվ հայտնի հյուրեր: Արարողության վերջին ակորդը կտա Փոլ Մաքքարթնին:

Իսկ ահա Օլիմպիական կրակը ստադիոնում կվառվի «Muse» խմբի «Survival» երգի ներքո:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News