1 օգոստոսի 2012 - 17:34 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Շենգավիթ. Հին Երևանի ամենավաղ և բացառիկ վկայությունը
Հայտնի հնավայրի 2012 թ-ի պեղումների և նշանակության մասին
2000 թ-ից սկսած «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանի գլխավորած արշավախումբը հնագիտական պեղումներ է իրականացնում Շենգավիթի հնագույն բնակավայրում: Հնավայրի առաջին պեղումները կատարվել են դեռ 1936-38 թթ-ին Եվգենի Բայբուրթյանի, այնուհետև 1958- 1983 թ-ին Սանդրո Սարդարյանի կողմից:

Բնակավայրը զբաղեցրել է 6 հա տարածք: Այսօրվա վերակազմությամբ այստեղ ապրել է 3-5 հազար բնակիչ, որը բոլոր չափանիշեներով քաղաքային բնակչության թիվ է: Այնտեղ մարդիկ բնակվել են Ք.Ա. 4-րդ հազարամյակի երկրորդ կեսից, մինչև Ք.Ա. 28-26-րդ դարեր:

Շենգավիթն ունեցել է շատ հարմար դիրք: Նախ և առաջ Հրազդան գետը, որը սննդի և ջրի անսպառ աղբյուր էր: Այստեղ եղել են մեծ քանակությամբ ձկներ, այդ թվում նաև լճային ձկներ. Հրազդան գետն ամբարտակով փակվել է, և ստեղծել են արհեստական լճեր, որտեղ և բնակվել են այդ ձկները: Շենգավիթը բացառիկ էր իր սննդի պաշարներով: Այստեղ գտնվել են հացահատիկի հորեր, որոնք կարող էին ամբարել մինչև 4 տոննա հացահատիկ: Արդեն հայտնաբերված հորերում եղած հացահատիկով կարող էր ամբողջ տարին կերակրվել շուրջ 1000 մարդ:

Այս տարի պեղումները սկսվեցին հունիսի կեսերից և ավարտվեցին օգոստոսի 1-ին: Այդ կարճ ժամանակահատվածում հնագիտական արշավախումբը Հակոբ Սիմոնյանի գլխավորությամբ բազմաթիվ արժեքավոր նմուշներ է հայտնաբերել: Այս տարի պեղումների արդյունքում հնագետները հասան մինչև մայր հողին: «3 մ 25 սմ խորության վրա երևաց մայր հողը: Մենք հստակ կարող ենք ասել, որ ունենք Շենգավթի վերաբերյալ շերտագրական պատկեր, որը սրբագրում է մեր նախկինում եղած պատկերացումները: Գոյություն ունի առնվազն 6 շինարարական հորիզոն, այնինչ նախկինում ենթադրվում էր, որ Շենգավիթն ունի 3-4 շինարարական հորիզոն»,-ասաց Սիմոնյանը:

Հնագետի խոսքով, հորիզոնները ցույց են տալիս բնակավայրում մարդու բնակեցվածության ինտենսիվությունը:

Այս տարի վերջապես, հյուսիսային կողմում, բացվեց քարաշեն պարիսպը: Մինչ այդ Սարդարյանը պեղել էր պարիսպը, բայց գիտնականները թերահավատությամբ էին նայում այդ փաստին, բայց պեղումները գալիս են հաստատելու, որ դա իրոք եղել է պարիսպ: «Վիթխարի հարստություն է եղել այստեղ: Մարդիկ վախեցել են և կառուցել են այն պաշտպանվելու համար: Այն կատարյալ է եղել իր ժամանակի համար` ունեցել է աշտարակներ, դեպի Հրազդան գետը տանող գաղտնուղի` եզակի երևույթ, որ հայտնի է ավելի ուշ շրջանի համար»,-մանրամասնեց արշավախմբի ղեկավարը:

Այս տարվա պեղումների արդյունքում բացվել են միմյանցից 40 մետր հեռավորության վրա գտնվող տաճարական 2 համալիրներ: Մինչ այդ, Շենգավթում «տաճար» հասկացողությունն ընդհանրապես չի շոշափվել: «Դրանցից մեկը պահպանվել է արտակարգ լավ: Մենք այն արդեն անվանել ենք «Հրո տաճար»: Դեպի կիսագետնափոր, խորհրդավոր խավարում թաղված սենյակն են տարել 3 աստիճաններ, բացվել է 90 սմ լայնությամբ մուտք: Աստիճանների և մուտքի համադրությունը Շենգավթում առաջին անգամ է հավաստվում: Դիմացը` սրբարանն է, կավակերտ զոհասեղանը, որի վրա կանգնեցված է եղել փայտե կուռքը»,-ներկայացրեց Սիմոնյանը:

Արձանը, ցավոք սրտի, չի պահպանվել, բայց կիսալուսնաձև սեղանի վրա պահպանվել է ուղղանկյուն խորշ, որի վրա պետք է ամրացված լիներ կուռքը: Դիմացը` օջախ-կրակարանն է: Այս կրակի սրբազան մոխիրը չէր կարելի թափել, քանի որ այն կշփվեր «պիղծ» երևույթների հետ: Որպեսզի այդ կրակը կարելի լիներ պահել, մուտքից աջ, երկու` հում աղյուսից պատրաստված ավազաններում, պահվել է մոխիրը: «Փաստերի մի այնպիսի զարմանալի համադրություն է այստեղ հայտնաբերվել, որ մենք կարող ենք ասել, որ այստեղ եղել է կրակի պաշտամունք և այդ պաշտամունքի բոլոր հետքերը մենք հիմա պեղում ենք»: Սիմոնյանը համոզված է, որ Շենգավիթում բացառիկ, հստակ ձևավորված կրոնական բարդ համակարգ է եղել: «Տասնյակ օջախներ են նախորդ պեղումների ընթացքում բացվել, բայց դրանք համարվել են որպես պաշտամունքային օջախներ, իսկ այստեղ ձևավորված է եղել կրոնական բարդ համակարգ, որտեղ կրակը բացառիկ դերակատարում է ունեցել` որպես արևի երկրային կրկնակ»,- նշեց նա:

Մեկ այլ տեղում պահպանվել է միայն սրբարան-զոհասեղանի ստորին հատվածը: Դիմացը հարթակ է, որի վրա պետք է դրված լիներ կլոր օջախը: Այն ժամանակին հանվել է, բայց հստակ կարելի է տեսնել զոհասեղանը, զոհաբերության համար նախատեսված հորերը, դիմացը` հարթակը: Վիթխարի, բազալտե քարերով կառուցված գետնախարիսխների վրա հում աղյուսներով շարվել են պատերը: Դա Շենգավիթյան մշակույթին հատուկ կառուցման տեխնիկա էր:

Մյուս տաճարական պաշտամունքի վկայությունը, դա ուղղանկյուն հատակագծով երկու խորշ-աղոթատեղիներն են:

Հակոբ Սիմոնյանը չի բացառում, որ Շենգավիթը եղել է սրբազան քաղաք, որտեղ անընդհատ վառվել է սրբազան կրակը, կատարվել են զոհաբերություններ և գործ ունենք ամենաառանցքային հուշարձանների հետ:

Պեղումների արդյունքում, այս տարի, բացվել է կլոր հատակագծով շինություն, որի վրանաձև, դեպի վեր նեղացող պատերը վկայում են, որ այն եղել է հազարաշենի նախատիպը, և հատուկ այնպես են արել, որ հիմքից դեպի վեր պատերը նեղացել են, և այն հեշտ է եղել ծածկել գերաններով: Զարմանալի է պատերի դեկորատիվ հարդարումը: Դրանք շարված են զիգզագաձև, ունեցել են գունազարդում: Պատերի ծեփերին հայտնաբերվել են կարմիր և սև ներկերի մնացորդներ: Շինության պատերը ավելի քան 2 մետր են, ինչը բացառիկ բարձրություն է կավե պատերի համար: Սրանք, ի տարբերություն մյուս շինությունների, չունեն քարաշար հիմքեր:

«Այստեղ գտնվել են նաև բազմաթիվ զենքեր, որոնք վկայում են, որ կյանքն եղել է անհանգիստ, միշտ պատերազմական գործողություններ են տեղի ունեցել, մարդիկ ստիպված են եղել պաշտպանվել»,-պատմեց Սիմոնյանը:

Հնավայրը նկատելի վնասվել է 1950-ականներին, հիվանդանոցի և պոլիկլինիկայի շինարարության ժամանակ: Այն կառուցվել է բնակավայրի սրտում, և 6 հա տարածքից պահպանվել է միայն 2.5 հա տարածքը:

Հնագետի խոսքով, այստեղ եղել է հնդեվրոպական մշակույթ, և թյուր կարծիք է, որ այստեղ ապրել են սեմական կամ խուռիական ազգեր:

Պեղումները շարունակելու համար անհրաժեշտ են ֆինանսներ: 5 տարի աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի հատուկ նպատակային ֆինանսավորմամբ, որն այս տարի ավարտվել է: Սիմոնյանն ասաց, որ պետք է նորից դիմեն կառավարությանը, որպեսզի շարունակվեն այս արժեքավոր պեղումները:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ