13 օգոստոսի 2012 - 13:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի հավաքականն Օլիմպիադայում ելույթն ավարտեց 60-րդ տեղում
Չորս տարի առաջ Հայաստանը վեց բրոնզե մեդալներով զբաղեցրել էր 78-րդ տեղը
17 օր շարունակ միլիոնավոր մարդիկ հետևում էին Լոնդոնում տեղի ունեցող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերին, իրադարձություն, որին սպասել են ամենաքիչը չորս տարի:

Այպիսով, Հայաստանի 24-հոգանոց պատվիրակությունից միայն երեք մարզիկի հաջողվեց նվաճել այդքան ցանկալի Օլիմպիական մեդալ:

Երկար ընդմիջումից հետո Հայաստանն ունեցավ Օլիմպիական արծաթե մեդալ: Այս պարգևին արժանացավ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիր հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Արսենին ընդամենը մեկ քայլ էր բաժանում ոսկուց, սակայն եզրափակչում նա պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովից: Արժե նշել, որ հայ ըմբիշը մինչև եզրափակիչ իր մրցակիցներին հաղթեց առանց միավոր տալու:

Ջուլֆալակյանի ելույթից մի քանի ժամ առաջ, Հայաստանի առաջին մեդալն ապահովել էր ծանրորդ Եվրոպայի չեմպիոն և աշխարհի մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը: Խուրշուդյանը դարձավ առաջին հայ ծանրորդուհին, ում հաջողվեց Օլիմպիական խաղերից մեդալ նվաճել: Այս պայքարում ոսկե և արծաթե մեդալների համար պայքարում էին չինացի և ռուս ծանրորդուհիները, սակայն Խուրշուդյանը կարողացավ մյուս մրցակիցներից առաջ պոկվել ու արժանիորեն վաստակել բրոնզե պարգև:

Երրոդ մեդալը, որը կրկին բրոնզ էր, իր օգտին գրանցեց Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի հաղթող կրկին հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Այս մարզիկից շատերն էին սպասում ոսկե մեդալի, նա իսկապես պատրաստ էր հասնելու այս հաջողությանը, սակայն իր երկրորդ գոտեմարտի ժամանակ չկարողացավ կատարել հնարքը ու պարտվեց իրանցի ըմբիշին, որն էլ հետագայում դարձավ Օլիմպիական չեմպոին: Այս մենամարտից հետո Արթուրը հանգիստ հաղթեց մյուս հակառակորդներին ու կանգնեց պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Թիմային հաշվարկով Հայաստանը 205 երկրների մեջ զբաղեցրեց 60-րդ հորիզոնականը: Որպես համեմատություն նշենք, որ չորս տարի առաջ պեկինյան խաղերի ժամանակ Հայաստանը վեց բորնզե մեդալով 78-րդն էր:

Առաջին տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ի հավաքականը, որն իր հաշվին գրանցեց 104 մեդալ` 46 ոսկե, 29 արծաթե և 29 բրոնզե: Երկրորդ տեղում Չինաստանն է` 38 ոսկե, 27 արծաթե և 22 բրոնզե պարգևսներով: Տանտերերը` Մեծ Բրիտանիայի մարզիկները, եզրափակեցին լավագույն եռյակը` 29 ոսկե, 17 արծաթե և 29 բրոնզե մեդալներով:

Արդեն չորս տարի հետո Ռիո դե Ժանեյրոյում կմեկնարկեն 31-րդ Օլիմպիական խաղերը: Այս քառամյա ցիկլում մարզիկները կսկեն նախապատրաստվել արդեն հաջորդ խաղերին` ձգտելով նվաճել ուղեգրեր և իրենց անունը գրանցել Օլիմպոսում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News