13 օգոստոսի 2012 - 17:10 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի 3 մեդալներն ու չիրականացված երազանքները
Օգոստոսի 14-ին հայկական պատվիրակությունը վերադառնում է հայրենիք
Օլիմպիական խաղերը մարդկային կարողություններին, պատրաստվածությանն ու կամային որակներին ծանոթանալու յուրահատուկ հնարավորություն են: Նույն վայրում հավաքված հազարավոր մարզիկներ թեժ պայքար են ծավալում սպորտային ամենաբաղձալի գագաթը նվաճելու համար:

2012 թվականի լոնդոնյան խաղերի 15000 մարզիկների թվում էին Հայաստանի 24 պատվիրակներ, որոնցից մեդալների համար մղվող մրցավազքին կարողացան մասնակցել միայն երեքը:

Հայաստանի Օլիմպիական հավաքականն Օլիմպիադայում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր, հատկապես սպասելիքները չարդարացրին ծանրորդները: Պեկինյան խաղերում 6 բրոնզե մեդալներից երեքը նվաճեցին ծանրորդները, թվում էր, եթե Լոնդոնում այդ արդյունքը չգերազանցեն, գոնե նահանջ էլ չեն արձանագրի:

Մինչ այժմ էլ անհասկանալի է մնում, թե ինչու Օլիմպիադային չմասնակցեց Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ): ՀԱՕԿ-ը այս ամենը բացատրեց նրա վնասվածքով, որը մարզիկը «ստացել է վերջին մարզման ժամանակ»: Անհասկանալի էր նաև, թե ինչու ծանրամարտի մարզիչները վերահայտավորում չարեցին`հնարավորություն տալով Օլիմպիադային մասնակցել Վանիկ Ավետիսյանին, որն անցել էր նախապատրաստական ողջ փուլը և հավաքականի պահեստային անդամն էր:

Անհասկանալի ու նաև շատ ցավալի էին Առաքել Միրզոյանի (69 կգ), Մելինե Դալուզյանի (69 կգ) և Արա Խաչատրյանի (85 կգ) ձախողումները: Նորայր Վարդանյանը (94 կգ) հանդես եկավ իր հնարավորությունների սահմանում, նա մեծ միջազգային մրցաշարերում հանդես գալու փորձ չուներ, և, հավանաբար, լոնդոնյան պամոստը մեծ փորձություն էր նրա համար:

Ծանրորդների անհաջող ելույթները որոշ ժամանակով կարողացավ մոռացնել տալ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ): Իր քաշային կարգում լինելով ամենաթեթևներից մեկը`նա համառ պայքար ծավալեց «հսկա» կանանց հետ ու տիրացավ չափազանց բաղձալի բրոնզե մեդալին: Խուրշուդյանը նաև դարձավ անկախ Հայաստանի առաջին մարզուհին, ում հաջողվեց Օլիմպիական խաղերում մեդալակիր դառնալ:

Պեկինյան երկու բրոնզե մեդալների փոխարեն լոնդոնից մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով կվերադառնա հունահռոմեական ըմբշամարտի ոճի հավաքականը: Լևոն Ջուլֆալակյանի սաները հերթական անգամ ապացուցեցին իրենց վարպետությունն ու բարձր կարգը: Այս անգամ եկավ Արսեն Ջուլֆալակյանի ու Արթուր Ալեքսանյանի ժամանակը: Իր երկրորդ Օլիմպիադայում Ջուլֆալակյանը չափազանց մոտ էր Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելուն, բայց կարողացավ Հայաստանի հավաքականի գանձարանը հարստացնել արծաթե մեդալով, որը հայ մարզիկներին չէր հաջողվել նվաճել երեք Օլիմպիադաներ շարունակ: Ալեքսանյանը հայ ամենախոստումնալից ու տաղանդավոր ըմբիշներից է, ինչը ևս մեկ անգամ ապացուցեց Օլիմպիական խաղերում:

Ըմբշամարտի ազատ ոճի հավաքականը, որը ներկայացված էր երեք մարզիկներով, մեդալ նվաճել չկարողացավ: Արդեն որերոդ անգամ ազատ ոճայինները արժանի դիմադրություն ցույց չտվին: Անակնկալ էր նաև բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանի պարտությունը հենց առաջին մարտում:

Աթլետներն ու լողորդները արեցին այն, ինչ կարող էին: Իհարկե, շատ դժվար էր նրանցից փայլուն արդյունքներ ակնկալելը` հատկապես հաշվի առնելով միջազգային մրցաշարերի մասնակցելու նրանց փորձն ու վարպետությունը:

Ինչևէ, Օլիմպիական խաղերն արդեն անցյալում են, ու Հայատսանի հավաքականն էլ իր երեք մեդալով զբաղեցնում է 60-րդ տեղը:

Վաղը` օգոստոսի 14-ին, հայկական պատվիրակությունը վերադառնում է հայրենիք, որին սպասում են բազմաթիվ երկրպագուներ:

Որոշ ժամանակ անց մարզիկները կսկսեն նախապատրաստվել հաջորդ քառամյա ցիկլին, իսկ 2016-ի Օլիմպիադա ընդունելու է բրազիլական Ռիո դե Ժանեյրոն:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News