28 օգոստոսի 2012 - 13:32 AMT
ՀՈԴՎԱԾ
ՀՀ կուսակցությունների երիտթևերի խոստումներն ու միայնակ մնացած ՀԱԿ ակտիվիստները
Մինչ օրս ՀԱԿ ակտիվիստների դատավճռի դեմ կազմակերպված ակցիաներին մասնակցել են միայն «Ժառանգության» ներկայացուցիչները
Այս տարվա փետրվարի 24-26-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովին մասնակից Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որում արձանագրվում են Հայաստանում առկա մի շարք խնդիրներ, և այդ խնդիրների դեմ պայքարելու կազմակերպությունների միասնական կամքը:

Հայտարարությունում, բացի այլ հարցերից, առանձին նշվում է հետևյալ կետը. «Քաղաքական հայացքների համար երիտասարդների հետապնդումների դատապարտում և նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում»:

Այս փաստաթղթի ստորագրումից 6 ամիս անց՝ հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարվա օգոստոսի 9-ին Խնկո Ապոր անվան գրադարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով կայացրեց վճիռ, ըստ որի, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6 տարի, Արտակ Կարապետյանին 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին՝ 2-ական տարի ազատազրկման՝ քրեական օրենսգրքի 216 («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն») և 258 («Խուլիգանություն») հոդվածներով:

Դատավճռի հրապարակումից հետո հասարարական շրջանակներում և սոցիալական ցանցերում սկսվեցին բուռն քննարկումներ:Հասարակության մի ստվար զանգված համոզված է, որ դատավճիռն ունի քաղաքական ենթատեքստ և ակտիվիստները հետապնդվում են քաղաքական հայացքների համար:

Հուլիսի 25-ին ՀՀՇ երիտասարդական միության անդամներն այս առիթով հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ արեցին բոլոր այն կուսակցությունների երիտթևերին, ովքեր ստորագրել են Ծաղկաձորում կազմված հայտարարության տակ, կատարել իրենց խոստումը և միանալ դատավճռի դեմ պայքարին:

Նշենք, որ Ծաղկաձորում կազմված հայտարարության տակ ստորագրել էին «Ազատ դեմոկրատներ»-ի, ԲՀԿ-ի երիտասարդական միությունները, ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությունը, ՀՅԴ երիտասարդական միությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, ՀՀՇ երիտասարդական «Հիմա» նախաձեռնությունը, «Միասին» երիտասարդական շարժումը, ՕԵԿ երիտասարդական միությունը և այլք:

Մինչև օրս կոչերին արձագանքել են և դատավճռի մասին հայտարարությամբ են հանդես եկել միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միությունը և «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը, որն, ի դեպ, վերոնշյալ հայտարարության տակ չէր ստորագրել: Իսկ առանձին հայտարարությամբ հանդես են եկել մի շարք հասարարական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ:

Հուլիսի 20-ի դատավճռի հրապարակումից հետո, ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված ակցիաներին, երթերին, պիկետներին վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչները ներկա չեն եղել ոչ որպես քաղաքացիներ, ոչ որպես կուսակցության երիտմիությունների ներկայացուցիչներ: Երիտասարդական միությունները շարունակում են լռել:

ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսխանյանը ասում է, որ դատավճռի դեմ կազմակերպված միջոցառումներին քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցներից երբեմն իրենց մասնակցությունն են ունեցել միայն Ժառանգության կուսակցության անդամները:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն էլ , ում կարծիքով ՀԱԿ ակտիվիստները դատավճիռը պետք է քննարկել, թե քաղաքական, թե իրավական հարթության մեջ, նշեց, որ իրենք այս հարցում վերջնական որոշում դեռևս չունեն, սակայն շուտով պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Իսկ թե ինչու ՀՅԴ երիտթևի անդամները չեն մասնակցում դատավճռի դեմ կազմակերպված ակցիաներին, երթերին, պիկետներին, Ղազարյանը բացատրեց հետևյալ կերպ. «Որոշ կազմակերպություններ և անհատներ փորձում են այդ անկեղծ պայքարից քաղաքական դիվիդենտներ շահել»:

ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասում է, որ ԲՀԿ-ն այս հարցում իր պաշտոնական դիրքորոշումը հայտնել է ՀՀՇ-ին ուղղված նամակ-հայտարարությունում, որը նրա խոսքով իրենք ուղարկել են ՀՀՇ անդամներին: Թե ինչ նամակ-հայտարարության մասին է խոսքը պարզել այդպես էլ չհաջողվեց, քանի որ ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսխանյանը, և նրա հավաստմամբ, նաև իր կուսակիցները նման նամակ չեն ստացել:

ՀՀԿ երիտասարդական թևի առաջնորդ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն էլ ՀՀԿ երիտթևի անունից ասում է, որ իրենք հարցի լուծումը տեսնում են միայն իրավական հարթության մեջ և դատավճռում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում. «Մնացած ձևակերպումները իրավականից դուրս են և ցանկությունների ժանրից են»:

ՀԱԿ 4 դատապարտված ակտիվիստներից Սարգիս Գևորգյանը կարծում է, որ երիտմիությունները չեն միանում բողոքին, քանի որ նախընտրում են հարմարավետ գործունեությունը, այն գործունեությունը, որտեղ չկա որևէ վտանգ և իշխանությունների գործելաոճի դեմ պայքարի հեռանկար. «Եթե նրանք ինչ-որ կերպ հայտարարությամբ կամ ակցիաներին իրենց ֆիզիկական ներկայությամբ միանան մեզ, ապա դա ուղղակի կնշանակի, որ նրանք իրենց դասում են Սերժ Սարգսյանի ռեժիմի ապօրինության դեմ պայքարողների շարքին, ինչին նրանք պատրաստ չեն: Ցավալի է, որ իրենց քաղաքական գործիչներ հռչակած երիտասարդները նախնտրում են զոհել ազնվությունն ու ադեկվատությունը, որպեսզի խուսափեն ավելորդ խնդիրներից»:

Փառանձեմ Վարդանյան / PanARMENIAN News