3 սեպտեմբերի 2012 - 13:35 AMT
ՀՈԴՎԱԾ
Հունգարիայի վարչապետը դավաճանեց իր ժողովրդին, իսկ Ալիևն, ինչպես միշտ, ստախոս դուրս եկավ
Հունգարիային քննդատողների մեջ Հայաստանն այդպես էլ չլսեց Ռուսաստանի ձայնը, որը մշտապես խոսում է «ռազմավարական համագործակցության մասին»
Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված պատմությունը հերթական անգամ ապացուցեց ճշմարտությունը` ամեն ինչ հնարավոր է գնել: Բարոյական և անգամ իրավական ոլորտի հասկացություններն անզօր են նավթադոլարների առջև: Սակայն ամենահետաքրքիրը սկսվեց Սաֆարովի ինքնաթիռի` Բաքու ժամանելուց հետո:

Հունգարիայի վրա արժանի մեղադրանքների տարափ է թափվում: Եվ եթե անգամ Բարաք Օբաման է «դժգոհություն հայտնել», ապա սա պետք է ինչ-որ բան նշանակի: Հունգարիային քննդատողների մեջ Հայաստանն այդպես էլ չլսեց Ռուսաստանի ձայնը, որը մշտապես խոսում է «ռազմավարական համագործակցության մասին»… Գու ՞ցե խնդիրն այն է, որ արտահանձնման գործընթացում որպես միջնորդ է հանդես եկել Վլադիմիր Պուտինի ընկերներից մեկը:

Հունգարիայի քաղաքական գործիչների և փորձագետների հետ զրույցում հնչում է միևնույն բանը. Վիկտոր Օրբանը դավաճանեց ոչ միայն կառավարությանը, այլ նաև բոլոր հունգարացիներին, ովքեր իրենց կեղտի մեջ թաթախված են զգում: Նորմալ մարդկացն արձագանքը բանակ և կանխատեսելի է, սակայն անհասկանալի է մնում, թե ինչպես է նման որոշումները միանձնյան կերպով ընդունող անձը, շարունակում պաշտոնավարել: Ըստ տրամաբանության և բարոյական պարտքի, Օրբանի կառավարությունը օգոստոսի 31-ին պետք է հրաժարական տար: Սակայն, եթե մի կողմ թողնենք հույզերը, ապա Օրբանը պարզապես գործարք է կնքել` երկիրը կործանումից և դեֆոլտից փրկելու համար: Իսկ միգուցե ավելի լավ էր աղքատ մնալ, սակայն անբասիր անունով. չէ որ այդ 3 մլրդ չեն փրկի հունգարական տնտեսությունը: Սակայն դրանք նպաստեցին, որպեսզի Բուդապեշտը ներքաշվի այնպիսի գործերի մեջ, որոնցից վերջինս բավականին հեռու էր, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության: Հունգարիայի արտաքաին քաղաքականության հարցերով փորձագետ Անդրաշ Ռաշայի խոսքով, այժմ դժվար կլինի խոսել ոչ միայն հայերի, այլ նաև այն եվրոպացիների հետ, ում համար Օրբանի որոշումը ռումբ դարձավ: Սակայն խոստովանում ենք, որ Սաֆարովին հունգարական բանտում մինչև կյանքի վերջ պահել, ոչ ոք չէր պատրաստվում: Եթե ոչ հիմա, ապա, հնարավոր է, 10 տարի անց, նրան միևնույն է ուղարկելու էին հայրենիք: Պարզապես ամեն ինչ համընկավ. Հունգարիային գումար էր պետք, Ադրբեջանին` Սաֆարովը: Ոչ մի անձնական բան, ուղղակի բիզնես: Եվ դա բիզնես էլ կմնար, եթե չլիներ ազատ արձակվածի անձի խնդիրը: Նկատենք, որ Հունգարիան հանձնել է ոչ թե մաֆիայի ղեկավարի, համառորեն հարկեր չվճարողի կամ զինավաճառի, այլ մարդասպանի` մի մարդու, ում համար կյանքի իմաստը քնած հայերին սպանելն է: Արթուն մարդկանց նա ձեռք չի տա, քանի որ ողջ չի մնա: Եվ հենց մարդասպանի անձն էլ սևացրել է հունգարական կառավարությանը, և անուղղակիորեն ամբողջ ժողովրդին, որն, ի դեպ, մեղավոր չէ վարչապետի ստոր քայլերի համար:

Հայկական կողմի ամբողջ ցավը ավելորդ հուզականության մեջ է: Դիվանագիտական հարաբերությունների խզումը ճիշտ քայլ էր, երկրորդը պետք է հանդիսանա Ալիևի և ցանկացած այլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպելուց հրաժարվելը: Բնականաբար, Բուդապեշտը կրկնակի դավադրության զոհ է. նախ` երբ նման որոշում կայացրեց, ապա` երբ հավատաց Ալիևին: Մեկնաբանությունները, հավանաբար, ավելորդ են:

Այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ այս ամբողջ պատմությունը, չնայած ադրբեջանական էյֆորիայի, ոչ Ալիևին, ոչ էլ վերջինիս ետևում կանգնած Թուրքիային պատիվ չբերեց: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այս գործարքի ետևում կանգնած էր Անկարան, որը կազմակերպել էր բանակցությունները և հստակեցրել գումարի չափը, որը պետք է վճարեր Իլհամ Ալիևը: Ամեն ինչ ճիշտ է, սակայն ըստ տեղեկությունների, որոնք ստացվում են Հունգարիայից, այդ տխրահռչակ 3 մլրդ եվրոն դեռևս չեն հասել Բուդապեշտ: Դրա փոխարեն, բոլոր խորհրդարանական կուսակցությունները պահանջում են Վիկտոր Օրբանի կառավարության հրաժարական: Վերջինս, իրեն թույլ է տվել հանդես գալ ոչ միայն իբրև երկրի վարչապետ, այլև որպես երկրի նախագահ:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երևանի վարքին, ապա այժմ ճիշտ ժամանակն է ճանաչել ԼՂՀ անկախությունը, քանի որ արդեն պարզ է, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները հազիվ թե շարունակվեն և կայանան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ:

Կարինե Տեր-Սահակյան