14 սեպտեմբերի 2012 - 12:36 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչ ունի սովորելու ֆուտբոլային Հայաստանը Վրաստանից. Մատչելի տոմսեր, մաքուր ստադիոն և կարգուկանոն
Չնայած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 11-ին ԱԱ ընտրական մրցաշարում հանդիպում էր Բուլղարիային, մենք որոշեցինք մեկնել Թբիլիսի և ներկա գտնվել Վրաստանի հավաքականի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ Իսպանիայի ընտրանու խաղին:
Մենք չենք անդրադառնա հանդիպման ընթացքին ու խաղադաշտում ընթացող պայքարին, այլ որպես երկրպագուներ կփորձենք փոխանցել այն տրամադրությունն ու մթնոլորտը, որը տիրում էր «Բորիս Պայչաձեի» անվան ստադիոնում, և որպես լրագրող չենք կարող չհամեմատել նաև Հայաստանում կազմակերպվող խաղերի հետ:

Մատչելի տոմսեր.

Ինչպես վկայում են վրացի երկրպագուները, հանդիպման բոլոր տոմսերը սպառվել էին խաղից մի քանի օր առաջ: Ֆուտբոլի սիրահարները հնարավորություն ունեին գնելու տոմսեր 2500, 3800, 5000 և 7500 դրամին համարժեք լարիով: Հայաստանում անգամ ֆուտբոլային ընկերական խաղերի տոմսերն արժեն ավելի թանկ: Մեզ մոտ տոմսերը վերջին երկու տարիներին արժենում են 3000, 5000 և 8000 դրամ: Այսքանով են վաճառվել, օրինակ, Ղազախստանի և Բելառուսի հետ ընկերական խաղերի տոմսերը:

Կազմակերպված ու ակտիվ երկրպագուներ.

56 հազար հանդիսական տեղավորող ստադինոն ֆուտբոլասերները սկսեցին ժամանել խաղի մեկնարկից մոտ 4 ժամ առաջ:

Երկրպագելը սկսվել էր դեռ ստադիոնի դարպասներից դուրս: Հարյուրավոր երկրպագուներ ստադիոն էին գալիս խմբերով տարբեր փողոցներից ու, միանալով իրար, իսկական ֆուտբոլային տոն էին ստեղծում: Նրանցից ակտիվիստներն իրենց հավաքականի ավտոբուսին սպասեցին մուտքի մոտ, ու այդտեղից էլ սկսվեց նրանց քաջալերումը:

Իսկ բուն խաղի ժամանակ ստադիոնը լռեց միայն մի քանի վայրկյան: Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ իսպանացիներին հաջողվեց գոլ խփել: Ֆան-շարժման անդամները նստել էին տարբեր տրիբունաներում ու ակտիվություն էին պահում ստադիոնի բոլոր հատվածներում:

Լրագորղների համար նախատեսված առանձին մուտքը.

Ստադիոնն ուներ մի քանի մուտքեր, ու սա նպաստեց, որ այն հեշտ ու առանց խնդիրների «լցվի»: Ի տարբերություն Հայաստանի, առանձին մուտք էր նախատեսված լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ու նրանք ժամանակին, առանց խառնվելով երկրպագուների հետ, կարողացան մտնել ստադիոն ու կատարել իրենց աշխատանքը:

Խաղից հետո, առանց որևէ քաշքշուկի ու հրմշտոցի, այն նաև «դատարկվեց»: Հետաքրքիր էր առհասարակ երկրպագու- ոստիկան- անվտանգության աշխատակից հարաբերությունը. չկար ոչ մի բախում, լեզվակռիվ կամ էլ հրմշտոց: Ամեն ինչ արվում էր հանգիստ, յուրաքանչյուրը կատարում էր իր աշխատանքը, և արդյունքում խնդիրներ չէին առաջանում:

Անվտանգության համակարգն ու աննախադեպ մաքրությունը.

Ստադիոնում կարգ ու կանոնն ապահովում էին չափազանց շատ ոստիկաններ ու անվտանգության համակարգի աշխատողներ: Նրանք վերահսկում էին անվտանգությունն ամենուրեք` ստադիոնի պարիսպներից մինչև տրիբունաներ ու խաղադաշտ:

Շատ բարձր մակարդակով էր ապահովվում նաև ստադիոնի մաքրությունը, ոչ միայն ներսում, այլ նաև դրսում: Ստադիոնի մուտքի մոտ հավաքված հազարավոր երկրպագուների թափած աղբը հավաքվում էր հաշված վայրկյանների ընթացքում, ինչի արդյունքում անընդհատ մաքրություն էր տիրում շուրջբոլորը: Ու երբ ավարտվեց հանդիպումը, կարծես այդտեղ ոչ ոք արևածաղիկ չէր կերել, չէր թափել ծխախոտի մնացորդը և խմիչքների շշերը: Ամեն ինչ արդեն մաքրած էր:

Ֆուտբոլային մեր փորձն ու զարմանքը.

Հայաստանցիներս մեր երկրի մայրաքաղաքը մեծ մասամբ համեմատում ենք Թբիլիսիի հետ: Դե, ցավոք մեզնից շատերը միայն հարևան Վրաստան ենք կարողանում մեկնել:

Ֆուտբոլային մեր փորձն էլ առայժմ սահանափակվում է միայն Վրաստան- Իսպանիա խաղով: Երբ հաճելիորեն զարմացել էինք վրացիների կազմակերպվածությունից, մի պահ նույնիսկ մտածեցինք. «Իսկ եթե ներկա գտնվեինք ասենք Ֆրանսիա- Անգլիա հանդիպման, ինչքան կզարմանայինք ու կասեինք, այ այս բանն էլ մեր երկրում չկա»: Ու մի պահ նույնիսկ ուրախացանք, քանի որ այդ հսկայական տարբերությունից հետո դժվար կլիներ կրկին հետ վերադառնալ հայկական իրականություն:

Հայաստան-Իտալիա ֆուտբոլային տոնի սպասումով.

Հայաստանը հոկտեմբերի 12-ին հյուրընկալելու է Եվրոպայի փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: «Հրազդան» մարզադաշտում միջազգային այսպիսի խոշոր միջոցառում վաղուց չի եղել: Մենք` թե որպես լրագրող ու թե որպես երկրպագու, հուսով ենք, որ այդ հանդիպումը կկազմակերպվի բարձր մակարդակով, տոմսերը հասանելի կլինեն տարբեր խավերի երկրպագուների համար, լրագրողները կկարողանան առանց վիճաբանելու ու նյարդայնանալու անցնել մամուլի սրահ, ու նրանց աշխատանքին ոչ մի անվտանգության աշխատակից չի խոչընդոտի: Շատ մեծ է մեր ցանկությունը, որ Հայաստան- Իտալիա հանդիպումն իսկապես տոն պարգևի բոլոր հայերին:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News