6 նոյեմբերի 2012 - 20:44 AMT
ՀՈԴՎԱԾ
Էրդողանը դեմ է Հանրապետության օրը տոնելուն. ընդդիմությունը չենթարկվեց
Հակակառավարական ելույթները դադարեցնելու համար, ոստիկանները կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ և վիրավորներ
Թուրքիայում տոնել են Թուրքական Հանրապետության 89-րդ տարելիցը, և հարկ է նշել, որ բավականին յուրահատուկ կերպով են դա արել` Էրդողանի կառավարության և հենց վարչապետի դեմ ուղղված հանրահավաքներով: Անկարայի Ուլուս հրապարակում հավաքվել են տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր իրենց ակցիան կազմակերպել են ի պատիվ հանրապետության ստեղծման տարելիցի:

Պաշտոնական տոնակատարություններ թույլատրվել են միայն Անկարայի ձիարշավարանում և որոնց մասնակցել է երկրի ղեկավարությունը: Սակայն գլխավոր ընդդիմադիր Ազգային-հանրապետական կուսակցությունը, ինչպես նաև Աշխատավորական կուսկացությունն ու մոտ 40 հասարակական կազմակերպություններ որոշել էին թուրքական առաջին խորհրդարանի շենքի մոտ «մոբիլիզացիոն ցույց» անցկացնել, ապա պետք է երթով հասնեին մինչև Թուրքիայի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքի դամբարան: Անվտանգության ապահովման համար ներգրավված են եղել մոտ 6 հազար ոստիկաններ: Հակակառավարական ելույթները դադարեցնելու համար, ոստիկանները կիրառել են ռետինե մահակներ և արցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ և վիրավորներ: Ինչպես հաղորդում են ընդդիմադիր պարբերականները, ոստիկաններն արգելափակել են քաղաքի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան այլ քաղաքաներից դեպի Անկարա ուղևորվող ընդդիմադիրների ավելի քան 100 ավտոբուսների մուտքը քաղաք, փոխանցում են ԶԼՄ-ները:

Ակցիայի մասնակիցները մեղադրել են ներկայիս իսլամիստական իշխանություններին Թուրքիայի աշխարհիկ հիմքերը խաթարելու մեջ: Ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիջդարօղլուն այդ ամենը կոչել է Էրդողանի ռեժիմի ագոնիա: «Էրդողանը խոսում է Սիրիայում մարդու իրավունքների մասին, իսկ ինքը իր երկրում ոտնահարում է բոլոր ժողովրդավարական արժեքները: Այս ամենը մատնանշում է, որ մենք մի քայլ ենք հեռու բռնատիրությունից»,-ասել է նա: Նկատենք, որ ընդդիմադիր բազմաթիվ լրագրողներ գտնվում են բանտերում`առասպելական դավադրության վերաբերյալ մեղադրանքով: Բանակը բարոյալքված է: Գրեթե ամբողջ հրամանատարական կազմը ձերբակալված է` կառավարությանը պաշտոնաթող անելու նպատակով ռազմական հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով: Սակայան հենց բանակն է միշտ հանդիսացել աշխարհիկ հիմքերի պահապանը: Սակայն իսլամիստները խաղադրույք են կատարում ժողովրդի վրա, որն անգամ 89 տարի անց նույնն է, ինչ սուլթանի օրոք` անգրագետ, մոլեռանդ ու անկիրթ: Ներկայիս նախագահ Աբդուլլա Գյուլը միակն է, ով գեներալի պաշտոն չունի, ինչը Թուրքիայի համար մինչև 2002թ պարտադիր էր: Ինքը վարչապետ Էրդողանը ևս չի առանձնանում բանակի հանդեպ առանձնահատուկ սիրով: 1998թ նա 10 ամսով ազատազրկման է ենթարկվել այն բանաստեղծության համար, որն ավարտվում է հետևյալ տողերով. «Մզկիթները մեր զորանոցներն են, գմբեթները` մեր սաղավարտները, մինարեթները` սվինները: Մեր զինվորները լի են հավատով»: Հարկ է նշել, որ Թուրքիան զարգանում էր հենց որպես աշխարհիկ երկիր` կառավարման բռնատիրական ոճով, և բանակի միջամտությամբ կառավարման այդ մոդելը պահպանելով:

Բնական է, որ իսլամիստները ցանկանում են անել ամեն բան, որպեսզի Աթաթյուրքի պաշտամունքը, որը բարեհաջող կերպով քարոզվել է 70 տարի, դադարի գոյություն ունենանլուց: Ճիշտ է, դժվար թե այդ ծրագրին հավանություն տա Թուրքիայի աշխարհիկ մասը, որը քվեարկում է ընդդիմադիրների և ցանկացած այլ կուսակցության, սակայն ոչ Արդարության և զարգացման օգտին: Հարկ է նշել, որ այդ հատվածն այնքան էլ փոքր չէ` վերջինիս հաշվի չառնելու համար: Վերջին ընտրությունների համար Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 49 տոկոսը, փաստորեն, խլեց հաղթանակը` թույլ չտալով ձևավորել սահմանադրական մեծամասնություն: Փաստացի, երկրի կեսը դեմ էր քվեարկել Էրդողանին: Հավելենք անխուսափելի ընտրակեղծիքները և վարչական ռեսուրսը: Սակայն դա այնքան էլ կարևոր չէ: Սիրիայից Էրդողանին մտահոգիչ հաղորդագրություններ են հասնում. Քրդական զինված խմբավորումները, որոնք մինչև վերջերս չեզոքություն էին պահպանում սիրիական հակամարտության ընթացքում, Հալեպ քաղաքում պայքարի մեջ են մտել ընդդիմության ստորաբաժանումների դեմ: Եթե Բաշար Ասադը կարողանա օգտվել դրանից և ամրագրել այդ միտումը, ապա սիրիական պատերազմում ուժերի հավասարակշռությունը կարող է հօգուտը իրեն փոխվել: Քրդերը կազմում են Սիրիայի բնակչության ավելի քան 10 տոկոսը. եթե նրանք կառավարական զորքերին աջակցեն ոչ միայն Հալեպում, այլև մյուս ճակատներում, ապա դա լուրջ խնդիրներ կառաջացնի ընդդիմության համար:

Ընդդիմության դեմ զինված գործողություններին հիմնականում մասնակցել են «Դեմոկրատական միություն» կուսակցության ստորաբաժանումները. վերջինս սերտորեն կապված է Քրդական աշխատավորական կուսակցության հետ, որը զինված պայքար է մղում հարևան Թուրքիայի իշխանությունների դեմ: Հենց Թուրքիան է առավել ակտիվորեն աջակցում սիրիական ընդդիմությանը, իսկ վերջերս, սահմանում մի շարք դեպքերիրց հետո, հայտնվել է Դամասկոսի հետ ռազմական հակամարտության սպառնալիքի եզրին: Սակայն եթե հարցի մեջ ներքաշվել են քրդերը, թուրքական գործերն այնքան էլ լավ չեն ընթանա: Եթե տեսականորեն պատկերացնենք թուրքական քրդերի միավորումը սիրիական և իրաքյան քրդերին, հնարավոր է նաև իրանցի քրդեին, ապա ամերիկյան հերթական նախագիծը` Մեծ Քրդստանը, կարող է իրագործվել: Ի տարբերություն Էրդողանի, թուրքական ընդդիմությունը ակտիվորեն համագործակցում է քրդերի հետ, և թե ինչի կվերածվի այդ ենթադրվող դաշինքը, կանխագուշակել դժվար չէ. իսլամիստները կարող են «գահընկեց» արվել` խիստ ժողովրդական նորմերի վրա հիմնված հերթական համազգային արտահերթ ընտրությունների միջոցով:

Կարինե Տեր-Սահակյան