Այն, որ սիրիացի գրոհայինների թիկունքում կանգնած է Անկարան, բազմիցս է խոսվել, ընդ որում, դա հաստատել է ինչպես սիրիական կողմը, այնպես էլ` թուրքական: Թուրքիան ճանաչում է Սիրիայի ընդդիմության ազգային կոալիցիան` որպես սիրիացիների միակ օրինական ներկայացուցչություն, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Ջիբութիում` Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ: Դավութօղլուն կոչ է արել ԻՀԿ մյուս երկրներին հետևել Անկարայի օրինակին: Օլլանդն ասել է, որ Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիան ճանաչվում է որպես երկրի ապագա օրինական կառավարություն:
Նկատենք, որ ավելի վաղ սիրիական ընդդիմադիր ուժեի խորհրդակցության ժամանակ, որոնք կայացել են Քաթարի մայրաքաղաք Դոհայում, ստորագրվել է համաձայնագիր` Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության ազգային կոալիցիայի ստեղծման մասին, որը պետք է ներակայացնի Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող բոլոր ուժերի շահերը:
Թուրքիան այն երկրներից է, որոնք ամենաշատն են աջակցում սիրիական արտաքին ընդդիմությանը: Ստամբուլում գործում է Սիրիական ազգային խորհուրդը, որը ստեղծվել է նախորդ տարվա հոկտեմբերին: Թուրքիայում է հիմնավորվել նաև Սիրիայի ազատ բանակը, որն ընդդիմության ռազմական թևն է: Նախագահ Գյուլն արդեն հասկացրել է, որ թուրք-սիրիական սահմանում բռնության էսկալացիայի պարագայում, ինքը չի բաղցառում իրադարձությունների ուժային զարգացումը: Նրա խոսքով, Անկարան իրեն իրավունք է վերապահում օգտագործել զենքի ցանկացած տեսակ` հարավային հարևանից եկող սպառնալիքներին դիմակայելու համար: Այդ նպատակով սահմամերձ շրջաններում առաջիկայում կարող են տեղակայվել Patriot զենիթա-հրթիռային համակարգեր: Ներկայումս Թուրքիայի իշխանություններն արդեն տարհանում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են երկրի սահմանների անմիջական հարևանությամբ և կա ականների և ռումբերի` բնակելի գոտիներում հայտնվելու վտանգ: Այսպես, նոյեմբորի 12-ին Ռաս-էլ-Այն քաղաքում սիրիական օդուժի անցկացրած օպերացիայի ընթացքում բաց թողնված հրթիռն ընկել էր արևելյան նահանգներից մեկի տարածքում: Արդյունքում, ներկայումս սահմանամերձ շրջաններ են տեղափոխվել ռազմատեխնիկա և հրետանային ստորաբաժանումներ, իսկ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի ավիաբազայի կործանիչները մշտական պատրաստության վիճակում են:
«Եթե Թուրքիան ցանկանար խստագույնս վերահսկել Սիրիայի հետ սահմանը, ապա գրոհայինները կոչնչացվեին 10 օրվա ընթացքում, քանի որ Թուրքիան նրանց անհրաժեշտ ամեն ինչի հիմնական աղբյուրն է»: Այս կերպ է իրավիճակը AFP-ի թղթակցին նկարագրել մաքսանենգերից մեկը, ով գրոհայիններին ապահովում է գումարով և ռազմատեխնիկայով: Տեղեկությունները, որոնք հայտնել է այս միջնորդը, հաստատում են, որ Արդարության և զարգացման կուսակցության կառավարությունը, սաուդյան և քաթարյան շեյխերի հետ միասին, հանցակից է սիրիական արյունահեղությանը: Վերջիններիս գումարով է գնվում զենք, որը թուրք-սիրիական սահմանի միջոցով փոխանցվում է գրոհայիններին: Մինչ այդ, օրեցօր հայտնվում են նոր ապացույցներ, որ թուրքական կառավարությունը և նավթային շեյխերը մասնակցում են Սիրիայում ընթացող արյունահեղությանը: Ավելի ակնհայտ է դառնում սիրիական պետությունը կործանելու համար թուրքական իշխանությունների կողմից ահաբեկիչներին տրամադրվող օգնությունը:
Իսկ նոյեմբերի 14-ին Իսրայելը լայնածավալ ռազմական օպերացիա է սկսել Գազայի հատվածը ղեկավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ: Հայտարարվում է, որ օպերացիայի նպատակն է դադարեցնել Իսրայելի հրթիռակոծությունը, սակայն համարվում է, որ իսրայելական պետությունը պատերազմ սկսելու քաղաքական նպատակներ ունի: Օպերացիան շատ էֆֆեկտիվ կերպով է սկսվել` օդային հարվածի արդյունքում պայթեցվել է ավտոմեքենա, որով Գազայով երթևեկում էր Ահմադ Ջաբարին: Իսրայելի գործողությունները կարելի է և անգամ անհրաժեշտ է հասկանալ. Գազայից անընդհատ ռմբակոծվում է երկրի հարավը և անհրաժեշտ է պաշտպանել բնակչությանը: Քանի դեռ աշխարհը «քննադատում է» Իսրայելին, վատ չէր լինի մտածել, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, ովքեր անընդհատ սպասում են հրթիռակոծության:
Այն տեղի վրա, որտեղից հրթիռ է թողարկվում, անմիջապես հետևում է իսրայելական ՌՕՈւ-ի կետային հարվածը: Օդանավերը աշխատում են բացառապես ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտների վրա, հայտարարել է Թել Ավիվը: Սակայն Գազայում կան զոհեր նաև քաղաքացիների շրջանում, այդ թվում` երեխաներ: Իսրայելի ռազմական ղեկավարությունը այսօր հասկացնել է տվել, որ Թել Ավիվը մտադիր է Գազայի հատվածում սկսած ռազմական օպերացիան ավարտին հասցնել: Տեղի ունեցեղն արդեն համեմատվում է Գազայի հատվածում ընթացած վերջին խոշոր ռազմական օպերացիայի հետ: 4 տարի առաջ ամեն ինչ սկսվեց նույնքան հանկարծակի և կրկին ընտրությունների նախաշեմին: Կկարողանա՞ արդյոք «փոքրիկ հաղթական օպերացիան» ավելացնել Կնեսսեթի ընտրություններում քվեների թիվը` Գազային հարող շրջաններում: Այսպես, թե այնպես, իսրայելական տանկերն արդեն այսօր դիրքեր են զբաղեցրել Գազայի շրջաններին հարող տարածքներում: Գազայի հատված ներխուժելու վերաբերյալ հրամանը կարող է տրվել ցանկացած պահի:
Գազայի հատվածը մոտավորապես 50կմ երկարություն և 6-12կմ լայնություն ունեցող հողակտոր է: Ժամանակին այդ տարածքում տարածված է եղել բրիտանական, եգիպտական և իսրայելական իշխանություն:Այժմ այնտեղ իշխում է ՀԱՄԱՍ-ը, որն Իսրայելի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի և Ճապոնիայի կարծիքով ահաբեկչական կազմակերպություն է: