5 դեկտեմբերի 2012 - 20:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Մոսկվա-Բաքու. Բարեկամությունը բարեկամություն, սակայն շահերը տարբեր են
Ռուսաստանի դեմ և Արևմուտքի կողմից խաղալու անզուսպ ցանկությունը ոչ մի հետխորհրդային հանրապետության համար դեռ լավ չի ավարտվել
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որոնք գրեթե նորմալ էին Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամանակ, սկսել են վատանալ, ընդ որում, բավականին արագ տեմպերով և ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվի նախաձեռնությամբ: Եթե ճիշտ է, որ նավթը կուրացնում է աչքերը, և որ նավթադոլարները կարող են ցանկացածի մոտ գլխապտույտ առաջացնել, ապա Իլհամ Ալիևը, կարծես, կրակի հետ է խաղում:

Ռուսաստանի դեմ և Արևմուտքի կողմից խաղալու անզուսպ ցանկությունը ոչ մի հետխորհրդային հանրապետության համար դեռ լավ չի ավարտվել, ինչի վառ օրինակն է Վրաստանը: Եվ ոչ միայն Վրաստանը, այլև միջինասիական հանրապետությունները: Սակայն Բաքուն համառորեն չի ցանկանում տեսնել այն, ինչ կա իրականում, և ադրբեջանական ԶԼՄ-ները «պալատային» քաղաքական գործիչների շուրթերով սկսել են ակտիվ հակառուսական քարոզչություն: Հետաքրքիրն այն է, որ Բաքվում իսկապես կարծում են, որ Ադրբեջանի կողմից իրականացվող անկախ արտաքինքաղաքական կուրսի պատճառով, Կրեմլի յուրաքանչյուր քայլը ցուցադրում է իր նկատմամբ կոշտություն և անգամ ագրեսիվություն: Մոսկվան մեղադրվում է Ադրբեջանի դեմ սադրանքներում, ինչն արտահայտվում է Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության ստեղծմամբ: Միության մեջ ներառվել են խոշոր ռուսաստանցի գործարարներ, ովքեր ծնունդով Ադրբեջանից են, և որոնց թվում է նաև Իլհամ Ալիևի խնամի Արաս Ագալարովը: Այս միությունն արդեն ոչ պաշտոնապես կոչվում է «միլիարդատերերի ակումբ» և այն բավականաչափ ուժ ունի, որպեսզի Ալիևն իրեն «անհարմար» զգա:

«Բացի այդ, Մոսկվան լարվածություն է ստեղծում ադրբեջանական սահմանների մոտ: Այսպես, Դաղստանում` Ադրբեջանի սահմանների մերձակայքում,Ռուսաստանը կենտրոնացնում է ռազմական ուժեր, որոնք տեղափոխվել և վերաբաշխվել են Չեչնիայից: Ռուսաստանն ամրապնդում է Կասպիայի իր ռազմա-ծովային նավատորմը»,-գրում են ԶԼՄ-ները: Հետաքրքիր է` երբվանից է Կասպից ծովը դարձել միայն ադրբեջանական: Ռուսական նավատորմը Կասպիայում եղել է դեռևս այն ժամանակ, երբ ադրբեջանցիներ անգամ գոյություն չունեին, այլ կային միայն կովկասյան թաթարներ: Ավելի ուշ նրանք գրում են. «Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությունը հետագայում նվազեցնելու նպատակով, Ադրբեջանի կառավարությունը փորձում է Մոսկվային զիջել որոշ հարցերում: Այսպես, երկրի Նավթային ֆոնդը որոշել է իր արժետոմսերի մի մասը ռուբլային դեպոզիտի տեսքով պահպանել ռուսական բանկերում, թեև փորձագետները ռիսկային են համարում դեվալվացիայի ենթական ռուսական արժույթում ներդրուներ կատարելը: Եթե անգամ Ադրբեջանը որոշել է քաղաքական քայլ անել, ապա ավելի նպատակահարմար կլիներ միջոցներ ներդնել ռուսական ընկերությունների արժետոմսերում»: Զիջումների մասին խոսելը, կարծես, ավելորդ է. դա նույն բանն է, եթե խոսք գնար այն մասին, որ, օրինակ, Քաթարը զիջումների է գնում ԱՄՆ-ին և Վաշինգտոնին թույլ տա ինչ որ բան անել: Հնարավոր է, որ համեմատությունը մի փոքր չափազանցեցված է, քանի որ ԱՄՆ-ին և Ծոցի նավթային միապետերին միանգամայն այլ շահեր են կապում, քան Բաքվին և Մոսկվային: Այս դեպքում Մոսկվան ցանկանում է ցույց տալ, թե ով է տանտերը, իսկ Բաքուն ասում է` իմ տունն է, ինչ ցանկանամ, այն էլ կանեմ: Եվ սա Դմիտրի Մեդվեդևի կառավարման ամենախոշոր անհաջողություններից էր:

Ապագայում Ռուսաստանում կարող են փակվել շուկաներ, որտեղ հիմնականում աշխատում են ադրբեջանցիներ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ այս գործընթացը կավարտվի 2013-ի հունիսին:

Եթե հաշվի առնել այն, որ 2013-ը Ադրբեջաբում նախագահական ընտրությունների տարի է, ապա տասնյակ հազարավոր հայրենակիցների վերադարձը հայրենիք, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել իշխանությունների համար: Բնակչության զգալի մասը, հատկապես Ադրբեջանի շրջաններում, ապրում է Ռուսաստանում արտագնա աշխատանքների մեկնած բարեկամների գումարային փոխանցումների հաշվին: Այնտեղ բնակվում է մոտ 3 մլն ադրբեջանցի, ովքեր վաստակած միջոցներով հայրենիքում բնակվող իրենց ընտանիքներն են պահում:

Ադրբեջանի բյուջեից աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների համար տրամադրվում է տարեկան մոտ 3 մլրդ դոլար: Եթե հաշվի առնել, որ Ռուսաստանում 3 մլն ադրբեջանիցներից յուրաքանչյուրը տարեկան տուն է ուղարկում 1000 դոլար, ապա կստացվի նույն թիվը` 3 մլրդ դոլար: Դա այն գումարն է, որը փոխադրվում է բանկերի միջոցով: Սակայն իրականում, կան նաև կանխիկ գումարով փոխանցումներ, որոնք իրականացվում են հարազատների միջոցով: Դրանք պաշտոնական վիճակագրությունում հաշվի չեն առնվում:

Փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանի կողմից ներդրվող սահմանափակումները ամենաշատը կանդրադառնան Ադրբեջանի շրջանների բնակիչների վրա, իսկ երկրի նահանգներում սոցիալական վիճակը էլ ավելի կվատանա: Մյուս կողմից, արտագնա աշխատանքների մեկնածների վերադարձը խնդիրներ կառաջացնի բնակչության զբաղվածության ոլորտում, քանի որ մարդիկ աշխատավայրեր չեն ունենա: Այս ամենը նախագահական ընտրությունների տարում լրացուցիչ խնդիր կստեղծի կառավարության համար և կհանգեցնի ինչպես սոցիալական, այնպես էլ հասարակական-քաղաքական լարվածության սրմանը:

Բացի այդ, ադրբեջանցի քաղաքագետների կարծիքով, Կրեմլը ճնշում է գործադրում Ադրբեջանի մասնակցությամբ միջազգային ծրագրերի վրա: Այսպես, վերջերս քննադատության օբյեկտ է դարձել TANAP-ը , որը պատրաստվում են կառուցել Բաքուն և Անկարան, և որի միջոցով նախատեսվում է ադրբեջանական գազի տեղափոխումը դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով: Ադրբեջանի վրա Ռուսաստանի կողմից ճնշման ևս մեկ նպատակը Գաբալինսկայա ՌԼԿ-ի վարձակալության ժամկետի վերաբերյալ համաձայնագրի երկարացումն է նախկին պայմաններով գոնե ևս 5-7 տարով: Ռուսաստանի ինչին է ընդհանրապես պետք այդ հնացած կայանը. այն վաղուց ճնշման միջոց և սակարկության առարկա չէ:

Պրոֆեսոր Վլադիմիր Զախարովը մեջբերում է Vesti.az ռեսուրսի մի շատ հետաքրքիր հատված. «Ինչպե՞ս կավարտվի «սառը պատերազմը»: Արդյո՞ք պատճառը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին`հետխորհրդային տարածքում ամենաանկախ քաղաքականության միակ պատվարին, իր ազդեցության ոլորտ ներքաշելն է, տարածաշրջանից Արևմուտքին արտամղելու ձգտումը, ռազմական և քաղաքական ամբիցիաների ամրապնդումը, թե կան նաև այլ պատճառներ. ցույց կտա ժամանակը: Սակայն ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը կապված է ոչ միայն այդ պատճառների հետ: Ռուսաստանը ձգտում է, գոնե նախկին ԽՍՀՄ տարածքում, վերակագնել իր հեղինակությունը, քանի որ Կրեմլը «արաբական գարունից» հետո մեկը մյուսի հետևից կորցում է Աֆրիկայի և Ասիայի իր դիրքերը: Միակ վայրը, որտեղ Մոսկվան կարող է հակահարված տալ Արևմուտքին, Ադրբեջանն է: Քանի որ Ադրբեջանը միակ երկիրն է, որը կարող է Եվրապային ազատել Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ լինելուց: Արևմուտքը այսօր հենց դրա համար է գնահատում Ադրբեջանին: Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությունը ևս զարգանում է այս ուղղությամբ. իրականացվող տարբեր էներգանախագծերի հիմնական նպատակը Եվրոպայի շուկաներին Կասպիայի ածխաջրածնային ռեսուրսների մատակարարումն է: Քաղաքականություը բավականին հաջող է, բացի այդ, Ռուսաստանին զրկում է Եվրոպայի վրա էական ազդեցություն թողնելու հնարավորությունից: Աշխարհում հակամարտությունների հիմնական պատճառը էներգիայի աղբյուրների նկատմամբ վերահսկողությունն է: Ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածության գլխավոր, հնարավոր է նաև միակ պատճառը, հենց դա է»:

Կարինե Տեր-Սահակյան