Ինչպես կարծում է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտոնի (ICES) տնօրեն, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, և հայկական, և հրեական սփյուռքերը միատարր չեն և իրենց գործողություններում առաջնորդվում են նպատակներով, որոնք տարբերվում են մայր երկրի բուն նպատակներից: «Այսպես, եթե հայկական սփյուռքը հիմնականում աջ համոզմունքների է հարում, այսինքն` դրա մեծամասնությունը կարծում է, որ ղարբաղյան հակամարտության և կորցված պատմական հայկական հողերի վերամիավորման հարցում անհրաժեշտ են արմատական քայլեր, ապա հրեականը ավելի շատ ձախ համոզմունքների է հարում, որոնք այսօրվա Իսրայելում լայն տարածում չունեն: Հարցն այլ է, եթե խոսել Հայաստանի և Իսրայելի միայն այն քաղաքացիների մասին, ովքեր գտնվում են արտերկրում` ուսանողների, դասախոսների, ձեռներեցների, զբոսաշրջիկների և այլն: Այստեղ մի խնդիր կա, որը լուրջ քննարկում է պահանջում: Սակայն դա չպետք է հապճեպ կերպով արվի` ընտրությունների հենց նախաշեմին, ինչն արդեն իսկ արդյունավետ չէ ժողովրդավարության զարգացման համար»,-ընդգծել է Ցինկերը:
Նա նաև ընդգծել է, որ քվեարկության օրը հաճախ ոչ թե կիրակի է, այլ աշխատանքային օր, և մարդը, ով բնակվում է, օրինակ Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում, հանուն քվեարկության չի կարող հասնել ընտրատեղամաս, որը բավականին հեռու է տեղակայված լինում, երբեմն` այլ քաղաքում:
Իսկապես, ԱՄՆ-ում, օրինակ, հայերի, Հայաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասերը գտնվում են դեսպանատներում կամ գլխավոր հյուպատոսարաններում, և այն մարդկանց համար, ովքեր բնակվում են, ասենք Այովա կամ անգամ Մասաչուսեթս նահանգներում, պարզապես հարմար չէ մեկնել Վաշինգտոն, Նյու Յորք կամ Լոս Անջելես, որպեսզի քվեարկեն: Նույն իրավիճակն է նաև Իսրայելի քաղաքացիների պարագայում:
Կա կարծիք, որ եթե գոյություն ունեն հայկական և հրեական լոբբի, որոնք երկրների շահերն առաջ են տանում ԱՄՆ Կոնգրեսում և այլ կառույցներում, անցկացնում են ամենամյա հեռուստամարաթոններ, որոնց ընթացքում հավաքված միլիոնավոր դոլարներն ուղղվում են Հայաստանի և Իսրայելի զարգացմանը, ապա այդ մարդիկ քվեարկության իրավունք ունեն: «Չեմ կարծում, որ սա օբյեկտիվ մոտեցում է, սակայն ամեն դեպքում, ԸՕ-ում փոփոխություններ կատարել կամ, առավել ևս որոշումներ կայացնել անմիջապես ընտրություններից առաջ, պետք չէ: Դա պետք է անել նախօրոք»,-ընդգծել է Ցինկերը:
Ելնելով վերևում ասվածից` հիշեցնենք, որ ընտրություններում հայկական սփյուռքի մասնակցության գաղափարը նոր չէ և առաջին անգամ այդ մասին հայտարարվել է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո: Սակյան ընտրելու իրավունքը չպետք է դիտարկվի Հայաստանի քաղաքացու պարտականություններից և այլ իրավունքներից`Հայրենիքում առնվազն 6 ամիս ապրելուց, հարկեր վճարելուց, պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց, առանձին: Առանց այս ամենի, պարզապես ՀՀ նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցելը չի հասկացվի Հայաստանի քաղաքացիների կողմից: