21 դեկտեմբերի 2012 - 09:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Եվրոպական Օլիմպիական խաղեր. նոր մրցաշա՞ր, թե անհաջող փորձարկում
Հռոմում կայացած Եվրոպական Օլիմպիական կոմիտեների գլխավոր ասամբլեայի ժամանակ որոշվել է, որ 2015 թվականից անցկացվելու են Եվրոպական Օլիմպիական խաղեր:
Առաջինն այդ խաղերն անցկացելու հնարավորությունը ստացել է Բաքուն, որպես հայտ ներկայացրած միակ քաղաքը: Բաքուն «նոր Օլիմպիական խաղերի» մայրաքաղաք է ընտրվել փակ քվեարկությամբ, որի արդյունքում ստացել է 38 կողմ, 8 դեմ և երկու ձեռնպահ ձայն: Ասամբլեային ներկա են եղել նաև Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչները, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Նախապես նշվում էր, որ խաղերի ծրագրում ընդգրկված են լինելու 17 մարզաձևեր, որոնցից 15-ը` Օլիմպիական: 13 մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը: Դրանք են` վոլեյբոլը, հանդբոլը, ձյուդոն, թաեկվանդոն, բադմինթոնը, բռնցքամարտը, հրաձգությունը, նետաձգությունը, թիավարությունը, սուսերամարտը, սեղանի թենիսը, եռամարտը և ռեքբի-7-ը: Ոչ Օլիմպիական մարզաձևերից ներառվել է կարատեն, հնարավոր է նաև, որ կլինեն սպորտային պարերը:

Բանակցություններ են տարվում նաև ըմբշամարտի, ատլետիկայի, լողի և մարմնամարզության ֆեդերացիաների հետ: Սակայն լողի և ատլետիկայի մասնակցությունը խաղերին հարցականի տակ է: Այդ մարզաձևերում ամենաշատ թվով մեդալներն են խաղարկվում Օլիմպիադաների ժամանակ ու դրանք ունեն բավականին հագեցած մրցաշարեր: Արդեն որոշված է, որ 2015 թվականի հուլիսին Կազանում կայանալու է ջրային ձևերի աշխարհի առաջնությունը, իսկ ատլետիկայի առաջնությունը` օգոստոսին Պեկինում:

Շատ հավանական է, որ շախմատն էլ ներառվի խաղերի ծրագրում, սակայն ՖԻԴԵ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել: Եվրոպական խաղերում ընդգրկվելով` շախմատն ավելի կամրապնդիր իր դիրքերը և կներառվի նաև Օլիմպիական խաղերում: Եվրոպական Օլիմպիական խաղերի վերջնական ծրագիրը պարզ կդառնա 2014 թվականի մարտին:

Հայ մասնագետների կարծքիները.

Այս հարցի շուրջ PanARMENIAN.Net-ի թղթակիցը զրուցեց նաև հայաստանյան մարզական կառույցների ղեկավարների հետ: ՀԱՕԿ-ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը կարծիքով, եթե խաղերը վարկանշային լինեն, մարզիկների գործը բավականին կհեշտանա: «Բնականաբար, շատ ավելի դյուրին կլինի վարկանիշներ ձեռք բերել, որովհետև չեն մասնակցելու այլ աշխարհամասերի ուժեղագույն մարզիկները: Սակայն, եթե դրանք վարկանշային չլինեն, մարզիկների խնդիրը կբարդանա»,- ասել է նա:

Ձյուդոյի միջազգային կարգի մրցավար, ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանն էլ ասաց, որ այդ խաղերը կարևոր են ոչ միայն ավելի փորձառու, այլև երիտասարդ մարզիկների համար:

«Իմ կարծիքով, այդ խաղերը պետք է կայանային կամ 2014 թվականին կամ էլ 2015-ին և պետք է մասնակցեին երիտասարդները: 2015 թվականը բոլոր մարզիկների համար էլ ծանրաբեռնված տարի է լինելու, այդ թվում նաև ձյուդոիստների համար: Այս հունվարից սկսվում են մեր մարզաձևի մրցաշարերը, և մարզիկները պետք է հավաքեն Օլիմպիական միավորներ 4 տարիների ընթացքում»,- ասաց Խիթարյանը:

Ստացվում է, որ եթե 2015-ի խաղերը վարկանշային չլինեն, ավելի փորձառու և տիտղոսակիր մարզիկները, որոնք պայքարելու են Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին հանդես գալու համար, չեն մասնակցի դրանց, իսկ առանց նրանց Օլիմպիադան մի տեսակ խամրած կլինի: Եվրոպական Օլիմպիական խաղերը երիտասարդ մարզիկների համար էլ չեն նախատեսված, քանի որ նրանք ունեն Համաշխարհային ուսանողական խաղեր և 2015-ին կորեական Քվանջու քաղաքում ելույթ են ունենալու: Եվ անհասկանալի է դառնում, թե ում համար են եվրոպական խաղերն առհասարակ անցկացվելու:

2019 թվականից Եվրոպական խաղերը վարկանշային են լինելու.

Ասամբլեայի ժամանակ ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիկին նշել է, որ սկսած 2019 թվականից Եվրոպական խաղերը վարկանշային են լինելու 2020-ի Օլիմպիադայի համար: Նա նաև հաստատել է, որ այս խաղերն արդեն ունեն հովանավորներ և նրանք հետաքրքրված են նոր սպորտային միջոցառմամբ:

«Կարծում եմ, որ ուժեղագույն մարզիկները կմասնակցեն այս խաղերին, և մենք դրա հետ կապված խնդիրներ չենք ունենա: Եվրոպայում այդ խաղերն առաջինն են լինելու, մինչդեռ այլ աշխարհամասերում նման խաղեր վաղուց են անցկացվում: Ահա, թե ինչու մարզիկները մեծ խանդավառությամբ հանդես կգան Բաքվում, կերազեն չեմպիոն դառնալ և իրենց անունները գրել սպորտի պատմության մեջ: Թոփ մարզիկները կցանկանան նման ավար ունենալ»,- այսպիսի համոզմունք է հայտնել նա:

Առաջին խաղերը փորձնական են լինելու, և դեռ հայտնի չէ այդ փորձարկումն ինչպես կազդի մարզիկների վրա: Հնարավոր է, որ նրանք Հիքի պես խանդավառված չեն խաղերով և չորս տարվա մեջ մեկ Օլիմպիական խաղերը լիովին բավական են նրանց համար: Իհարկե, գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր Օլիմպիական խաղերի ավարտից հետո մարզիկները սկսում են արդեն պատրաստվել հաջորդ խաղերին` հստակ իմանալով իրենց մրցաշարերի ժամանակացույցը: Փաստորեն այս Օլիմպիական ցիկլի եվրոպացի մարզիկների խնդիրներն ավելի են բարդանալու, քանի որ նրանք, պետք է իրենց մրցութային գրաֆիկում որոշակի փոփոխություններ կատարեն: Բայց հնարավոր է նաև, որ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշներ մարզիկները ձեռք բերեն նոր ձևաչափով` ազատվելով վարկանշային մրցաշերից: 2015-ի խաղերի հետ կապված քննարկումները դեռ շարունակվում են, և դեռ հստակ ոչինչ հայտնի չէ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News