26 դեկտեմբերի 2012 - 16:51 AMT
ՀՈԴՎԱԾ
2012թ. մշակութային կյանքն ըստ PanARMENIAN.Net-ի. Շարքային համերգներից մինչև շարքային Գրքի համաշխարհային մայրաքաղաք
Հայաստանում 2012 թվականը հագեցած էր մշակութային իրադարձություններով. հյուրընկալեցինք հանրահայտ մշակութային գործիչների, տոնեցինք հոբելյաններ, բայց և սգացինք անդառնալի կորուստների համար:
PanARMENIAN.Net-ը, ամփոփելով տարին, առանձնացրել է Հայաստան այցելած անվանի գործիչներին, տեղի ունեցած նշանակալի իրադարձությունները, հոբելյաններն ու կորուստները:

Դեմքեր

2012 թվականն աչքի ընկավ մի շարք ճանաչված, սիրված և սպասված գործիչների այցելություններով: Այդպես, ապրիլին Երևանում էր հայտնի իտալահայ գրող, ակադեմիկոս Անտոնիա Արսլանը, ում 2004թ. համաշխարհային հռչակ բերեց «Արտույտների ագարակը» վեպը: «Տոկիո» լարային քառյակը Հայաստանում համերգով հանդես եկավ 7 տարվա ընդմիջումից հետո՝ բացելով «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ապրիլի 22-ին՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում կենդանի կատարմամբ հանդես եկավ աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելլին:

Ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը մայիսի 8-15-ը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր: Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նրա «Ֆաուստ» (2011) ֆիլմի երևանյան պրեմիերան:

Սեպտեմբերին Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցավ հայկական «Դորիանս» ռոք խմբի երկար սպասված համերգը աշխարհահռչյակ ամերիկահայ ռոք երաժիշտ, ստեղնահար Դերեք Շիրինյանի հետ, բայց երեկոյի «գլխավոր հերոսը» «Deep Purple» լեգենդար ռոք խմբի անդամ Գլեն Հյուզն էր, ում էներգիան հորդում էր, չնայած արդեն ոչ երիտասարդ տարիքին: Սեպտեմբերի 15-ին մենահամերգով հանդես եկավ աշխարհահռչակ կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Իսկ սեպտեմբերի 27-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում 4 տարի առաջ խոստացված մենահամերգով հանդես եկավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը, ով ելույթ չի ունենում Թուրքիայում այն պատճառով, որ վերջինս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հոկտեմբերի 17-ին հայ հանդիսատեսը կրկին հնարավորություն ունեցավ ունկնդրելու հանրահայտ օպերային մեներգչուհի Արաքս Մանսուրյանին:

Նոյեմբերին Երևան ժամանեց վավերագրական կինոյի մեծագույն վարպետ Արտավազդ Փելեշյանը: Ռեժիսորներ Ռոման Բալայանի և Արմեն Մազմանյանի նախաձեռնությամբ կազմակերպված Ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի շրջանակում Փելեշյանը իր փորձով կիսվեց երիտասարդ ռեժիսորների հետ: Նոյեմբերի 6-ին ՆՓԱԿ-ում բացվեց Յասեր Արաֆաթի անձնական լուսանկարիչ Աիդա Ավագյանի ցուցահանդեսը: Իսկ նոյեմբերի 9-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնը եզրափակվեց Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի ելույթով, որը, ըստ Դոյչե Գրամոֆոն հանդեսի, համարվում է աշխարհի թիվ մեկ նվագախումբը: Նոյեմբերի 22-ին հատկապես ավագ սերնդի համար սպասված համերգով շուրջ 15 տարվա ընդմիջումից հետո Երևանում հանդես եկավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Իոսիֆ Կոբզոնը: Երևանում նա ելույթ ունեցավ իր ծննդյան 75-ամյակին նվիրված հոբելյանական հյուրախաղերի շրջանակում:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբն իր 50-ամյակի առթիվ հանդես եկավ վիրտուոզ ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոյի հետ: Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգ ունեցավ ֆրանսահայ հանրահայտ դաշնակահար Անդրե Մանուկյանը, ով ձայնասկավառակ է ձայնագրել այդ թվում Շառլ Ազնավուրի համար: Այդուհանդերձ, դեկտեմբերյան մշակութային կյանքի ամենասպասված իրադարձությունը աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի այցն էր Երևան: Իր մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային ժամանած դերասանը, հյուրընկալվելով ՀՀ նախագահի նստավայրում, հրավեր ստացավ կրկին այցելելու Հայաստան:

Դեպքեր

Այս տարի կինոև թատերական փառատոններն այդքան էլ մասշտաբային չէին: «Ոսկե ծիրանը» որոշեց պատրաստվել 10-րդ հոբելյանական փառատոնին, իսկ «ՌեԱնիմանիան» միջոցներ խնայեց 5-րդ փառատոնի անցկացման համար: Հայաստանի թատերական գործիչների միությունն իր հերթին «Արմմոնոն» և Շեքսպիրյան մոնոներկայացումների փառատոնը զուգահեռաբար անցկացրեց ֆինանսական խնդիրների պատճառով:

Իսկ ինչ վերաբերում է երաժշտական փառատոններին, ապա այստեղ պատկերը մի փոքր այլ է: Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան միջազգային փառատոնն աչքի ընկավ բազմաթիվ նշանավոր հյուրերով, իսկ ամենասպասվածը, իհարկե, ամփոփիչ համերգն էր՝ Միշել Լեգրանի մասնակցությամբ: Տեղի ունեցան «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի երեք փառատոնները՝ «Ազգային պատկերասրահ», «Վերադարձ» և Ալտի և թավջութակի փառատոն, որոնք իրենց որակով չզիջեցին «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնին:

Հայաստանն այս տարի չմասնակցեց «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որն անցկացվում էր Բաքվում, թեև դա, հակառակ շատերի սպասումներին, ոչինչ էլ չփոխեց ո'չ Հայաստանի, ո'չ էլ մյուս երկրների համար: Իսկ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Էրեբունի-Երևանի 2794-ամյակին նվիրված տոնակատարություններն իրենց մասշտաբով աննախադեպ էին, ինչը հակասական արձագանքների առիթ դարձավ երևանցիների շրջանում:

Հոբելյաններ

Հայաստանի պետական կամերային նվագախումբ - 50

Կոմպոզիտոր Դավիթ Հալաջյան - 50

Ջութակահար Ռուբեն Ահարոնյան - 65

Նկարչուհի Գայանե Խաչատուրյան - 70

Կոմպոզիտոր Մելիք Մավիսակալյան - 75

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն - 75

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ - 75

Կոմպոզիտոր Միշել Լեգրան - 80

Դիրիժոր Օհան Դուրյան - 90

Քանդակագործ Արա Սարգսյան - 110

Գրող Եղիշե Չարենց - 115

Գրող Դերենիկ Դեմիրճյան - 135 Աշուղ Սայաթ-Նովա - 300

Հայ գրատպություն - 500

Աստղագետ Անանիա Շիրակացի - 1400

Կորուստներ

Ալեքսանդր Հարությունյան - ԽՍՀՄ և ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր

Էդվարդ Միրզոյան - ԽՍՀՄ և ՀՀ ժող. արտիստ, կոմպոզիտոր

Ֆլորա Մարտիրոսյան - ՀՀ ժող. արտիստ, երգչուհի

Հրաչուհի Ջինանյան - ՀՀ ժող. դերասան, հաղորդավար

Գալյա Նովենց - ՀՀ ժող. արտիստ

Նարեկ Առուշանյան - Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանի տնօրեն

Էդուարդ Տեր-Ղազարյան - մանրաքանդակի վարպետ

Ակսել Բակունց - երաժիշտ

Սամվել Պետրոսյան - գեղանկարիչ

Աշոտ Իսկանդարյան - նկարիչ

Վազգեն Իսակով - քանդակագործ

Անի Սարգսյան - դերասանուհի

Ալեքսանդր Գուրգենով – դաշնակահար

2012թ. գլխավոր մշակութային բացթողումը

2012թ. Հայաստանում նշեցին Հայ գրատպության 500-ամյակը: Բացի այդ, Երևանը հռչակվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Այդ առիթներով կազմակերպվեցին մի շարք պաշտոնական միջոցառումներ, հայկական տպագիր գրքերի ու ձեռագրերի ցուցադրություններ արտասահմանում, տպագրվեցին մի շարք ժողովածուներ, մասնագիտական և գեղարվեստական գրականություն: Բայց այ Երևանում ընդամենը մեկ գրախանութ բացվեց, այն էլ ՝ տարվա ավարտից հաշված օրեր առաջ:

2012թ. գլխավոր մշակութային ձեռքբերումը

Ձեռքբերումներն իսկապես մի քանիսն էին, բայց ամենակարևորը, որի համար հպարտանալու առիթ ունենք նաև օտարերկրացիների առջև, այն էր, որ դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում:

Մի փոքր էլ 2013-ի մասին

Ռեժիսուրայի բարձրագույն կուրսերի շրջանակում գարնանը, հնարավոր է, Երևանում հյուրընկալվեն ճանաչված ռեժիսորներ Էմիր Կուստուրիցան, Կիմ Կի-Դուկը, Պեդրո Ալմոդովարը և այլք: Մինչև 2013թ. ապրիլ ամիսը Երևանը կշարունակի մնալ Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մայիսի 14-18, հավանաբար, կերկրպագենք մեր մասնակցին «Եվրատեսիլ 2013»-ում, իսկ մայիսի վերջին, հնարավոր է, հայ արվեստագետները 10-րդ անգամ ներկայանան Վենետիկի բիենալեում: Խոստումնալից են լինելու նաև «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնն ու «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի առայժմ միակ և արդեն 5-րդ միջազգային փառատոնը տարածաշրջանում:

Անի Պապոյան, Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News