8 հունվարի 2013 - 18:30 AMT
ՀՈԴՎԱԾ
Թուրքիա և ԵՄ. հույսերը գնալով հօդս են ցնդում
Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը
Նոր տարվա առաջին իսկ օրերից Թուրքիան կրկին սկսել է խոսել Եվամիությանն անդամակցելու մասին, ընդ որում, սկսել է խոսել՝ մեղադրելով ԵՄ-ին կանխակալության և «Մերձավոր արևելքի, ու, առհասարակ, ամբողջ աշխարհում ամենաառաջադեմ երկրի» նկատմամբ վատ վերաբերմունքի մեջ: Իսկապես, ինչ ասես, եթե այդ մասին խոսում է Թուրքիայի և ԵՄ միջև գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղիշը:

Բաղիշը համարում է, որ Եվրամիությունը չի հասկանում, թե որքան առաջադեմ են թուրքական բարեփոխումները: Այս հայտարարությունն արվել է ի պատասխան ԵՄ՝ Թուրքիայի ինտեգրացիայի վերաբերյալ զեկույցի, որը հրապարակվել է 2012թ հոկտեմբերին: Անկարան իր դիտողությունները շարադրել է պատասխան զեկույցի 270 էջերում: Բաղիշի խոսքով, այսօր Եվրոպայում չկա մի կառավարություն, որն ավելի հակված լինի բարեփոխումների, քան թուրքականը: «Մինչդեռ ԵՄ երկրները պայքարում են ճգնաժամի դեմ, մեր երկիրը ծաղկում է ապրում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ արդիականացման առումով»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերյան զեկույցում ԵՄ հանձնաժողովը նշել է, որ երկիրը ձգտում է բարեփոխումներ իրականացնել: Սակայն, ԵՄ փորձագետների կարծիքով, Անկարան պետք է ավելի շատ աշխատի մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև խուսափի թուրքական արդարադատության համակարգում առկա բռնությունից: Եվրամիությանն անհանգստացնում է ուժի կիրառման դեպքերի կրկնությունը, ինչպես նաև իշխանական կառույցներում տիրող անպատժելիությունը: Հանձնաժողովը, որը վերահսկում է ԵՄ-ին՝ նոր երկրների անդամակցության գործընթացը, համարում է, որ Թուրքիան պետք է լրջորեն աշխատի երկրում խոսքի ազատաության ապահովման ուղղությամբ: Քննադատվում են քրդերի իրավունքները պաշտպանող ակտիվիստների ձերբակալությունները և պնդվում է, որպեսզի Անկարան վերանայի «ահաբեկչության» բնորոշումը:

ԵՄ հանձնաժողովի զեկույցում ոչ մի նոր բան չկա. Թուրքիայում բոլոր բացասական գործընթացները վաղուց բոլորին հայտնի են և թուրքական կառավարությունը չի էլ հրաժարվել դրանցից, իսկ ճշմարտությունը միևնույն է ի հայտ է գալիս: Չենք խոսում արդեն հայտնի գրողների և պատմաբանների, ինչպես նաև թուրքական ինտելիգենցիայի բազմաթիվ ներկայացուցիչներ մասին, ինչպիսիք են Օրհան Փամուկն ու Թաներ Ակչաման, ովքեր հեռանում են երկրից՝ չկարողանալով գրել կամ խոսել այն թեմաների մասին, որոնք մինչ օրս թուրքական հասարակությունում տաբու են հանդիսանում: Խոսքը միայն Օսմայան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին չէ, այլև, քրդական խնդրի, և առհասարակ, ազգային փոքրամասնությունների իրավունքների:

Թուրքիայի և ԵՄ հարաբերություններում ևս մեկ նրբություն կա՝ իրանական հարցը: Անկարան չի պատրաստվում միանալ իրանական նավթի և գազի մատակարարման էմբարգոյին: Այս մասին վերջերս հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չագլայան, ով մեղադրել է Եվրոպային Թուրքիայի վրա Իրանի հետ գործարքների համար ճնշում գործադրելու մեջ: «Թուրքիան տարեկան Իարնից ներմուծում է 8-12 միլիարդ քմ գազ, ինչը կազմում է երկրի գազի ամբողջ պահանջարկի 20 տոկոսը: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է 45 մլրդ դոլար: Եվ եթե ԵՄ-ի և Իրանի միջև ընտրության անհրաժեշտություն լինի, ապա Թուրքիան նախապատվությունը կտա մոտ հարևանին՝ կամ Իրանին, կամ Ադրբեջանին: Իսկ Եվրոպան…Եվրոպան արտագաղթյալների համար է, որոնք մի քանի տասնամյակ անց այն կվերածեն իսլամական երկրի»:

Ինչպես հայտնի է, Թուրքիան և ԵՄ-ն դեռևս 2005-ին բանակցություններ են սկսել Անկարայի՝ բլոկին միանալու վերաբերյալ: Այսօրվա դրությամբ համաձայնեցման ենթակա 35 կետերից միայն 13 են բաց քննարկման համար:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն դեմ են Ֆրանսիայի, Ավստրիայի, Գերմանիայի և ԵՄ-ի մի շարք այլ պետությունների ազդեցիկ քաղաքական գործիչներ: Ֆրանսիան և Գերմանիան ի սկզբանե առաջադրել են նախապայմաններ, որոնց համաձայն, ԵՄ-ին ինտեգրվելու համար Անկարն պետք է երկրում ապահովի խոսքի և դավանանքի ազատություն: ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը ձգձգվում է նաև Կիպրոսի վերաբերյալ փակուղային իրավիճակի պատճառով: Կիպրոսը ներառված է Եվրամիությունում, սակայն կղզու հյուսիսային հատվածը՝ Հյուսիսային Կիպրոս թուրքական հանրապետությունը, ճանաչված է միայն Թուրքիայի կողմից և ԵՄ կազմում չէ:

Կարինե Տեր-Սահակյան