Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կարգախոսն է «Դեպի ապահով Հայաստան»: Ըստ Վլադիմիր Միքայելյանի՝ կարգախոսը դրական զգացողություններ է ներշնչում: «Կարգախոսն ընդունում է, որ այսօր մենք դեռ չենք ապրում ապահով երկրում և անելիքներ ունենք: Այսինքն այդ կարգախոսն ընդունում է այն միտքը, որ ՀՀ-ում կուտակած են խնդիրներ, որոնք լուծում են պահանջում»,- նկատում է հոգեբանը: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ իրականությունը պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին կա:
«Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը մի քանի կարգախոս ունի՝ «Հայաստանը միայն Երևանը չէ», «Երևանը միայն կենտրոնը չէ», «Ընդամենը 100 քայլ», «Մնայուն արժեքները ստեղծվում են հայրենիքում»: Վերջին կարգախոսը, Վլադիմիր Միքայելյանի բնորոշմամբ, վատը չէ, սակայն արտահայտում է ընդհանուր ճշմարտություններ և բոլորին էլ պարզ է, որ Հայաստանը պետք է լինի ամբողջական: Սակայն ինչպե՞ս դա պետք է իրականացվի, ի՞նչ քայլերի մասին է խոսքը, պարզ չէ: «Ընդհանրապես, կարգախոսները պետք է լինեն հագեցած իրականության զգացումով: Լավ կարգախոսը մեկ բան է, իրականը՝ մեկ այլ»,- նշեց հոգեբանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարգախոսները երկուսն են՝ «Հնարավոր է», «Մեկ անգամ և միասին»: Նշենք, որ առաջին կարգախոսի վերաբերյալ քննարկումներ եղել են: Ոմանց մոտ այն թողել է այնպիսի տպավորություն, թե Րաֆֆի Հովհաննիսյանը երկմտության առաջ է՝ հնարավոր է ընտրվի, հնարավոր է՝ ոչ: Մարդկանց մի խումբ էլ նշում է, որ թեկնածուն այս կարգախոսով հաստատապես վստահություն է հայտնում, որ իր նպատակը հնարավոր և իրագործելի բան է:
Վլադիմիր Միքայելյանի խոսքով՝ երկրորդ տարբերակը՝ «Մեկ անգամ և միասին», միանշանակ դրական ազեդցություն է թողնում, քանի որ միասնության կոչ է: «Հենց այն, ինչը զգալիորեն պակասում է մեզ»,- ասաց հոգեբանը:
«Ազգային ինքնորոշում» միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարգախոսնրն էլ քիչ չեն: «Հավատը`գործով», «Հայրենյաց սուրբ սիրով մենք վեհանանք, Հայաստանը ազատենք», «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (Պարույր Արշավիրի Հայրիկյան), «Ինքնորոշում», «Ազատ Հայաստան»: Հատկապես ուշագրավ է «Եկել է պատմական ՊԱՀ-ը» (Պարույր Արշավիրի Հայրիկյան) կարգախոսը. բարձր ինքնագնահատական: Ըստ հոգեբանի՝ Հայրիկյանի ընտրած կարգախոսները գեղեցիկ են և որոշ փոփոխությունների դեպքում կարող են օգտագործվել ցանկացած երկրի նախագահական ընտրություններում:
«Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը ընտրություններին գնում է «Ես ձեզնից մեկն եմ» կարգախոսով: Այն, հոգեբանի կարծիքով, ուղղված չէ պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը, այլ թեկնածուի անձին: «Ամեն մեկս էլ այնպիսին ենք, ինչպիսին այս թեկնածուն է, բոլորս էլ ժողովրդի մասն ենք, իսկ ժողովուրդը միշտ էլ սպասում է ուժեղ առաջնորդի, որը պետք է տարբերվի շատերից»,- ընդգծեց Վլադիմիր Միքայելյանը:
Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը ամենաառաջինն է հայտնել իր կարգախոսը: «Վերևն Աստված կա»,- ասում է Սեդրակյանն ու սկսում ընտրապայքարը: ԵՊՀ Սոցիալական հոգեբանության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Միքայելյանն այս թեկնածուի մասին տեղյակ չէր, սակայն կարգախոսն, ըստ նրա, շատ իմաստուն է: «Մենք բոլորս էլ պետք է նախ ընդունենք այդ գաղափարը և հավատանք դրան: Վերևն Աստված իսկապես կա, կարևորը նա լինի մեր հոգում»,- նկատեց Վլադիմիր Միքայլյանը: Ավելացնենք, որ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ ինքն է լինելու ՀՀ չորրորդ նախագահը, քանի որ տիեզերքում ամեն բան արդեն որոշված է:
Նախագահի մյուս երկու թեկնածուների կարգախոսը դեռ հայտնի չէ: ԼՂՀ նախկին արտգորնախարար, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանն իր կարգախոսը կհայտնի այսօր, իր քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ:
«Ռադիո Հայ» ՍՊԸ հիմնադիրների ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը քարոզարշավի փոխարեն հացադուլ է սկսում և պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Իր պահանջի բավարարումից հետո նա կսկսի քարոզարշավը և կհայտնի իր կարգախոսը: