Զարաքօլուն նշել է, որ Կիպրոսի հարցից շատ չտարբերվող Ղարաբաղի դեպքում Թուրքիան կանգնեց Ադրբեջանի կողքին` երկակի ստանդարտներով քաղաքականություն վարելով: Այս սխալ քաղաքականությունն իր անդրադարձն է ունենում հայ-թուրքական հարաբերությունների վրա և խնդիրը դառնում է տարածաշրջանային, իսկ Հայաստանը` մեր տարածաշրջանի Կուբան:
«Թուրքայի այսպիսի քաղաքականությունն է Ղարաբաղի հարցի կարգավորմանը խանգարող գլխավոր հանգամանքը: Մեծ պետություն լինելով Թուրքիան, կարող էր ճիշտ քաղաքականություն վարել ու այս խնդրի ճիշտ լուծմանը հասնել, բայց այն, ինչ տեղի է ունենում հիմա, ցույց է տալիս, որ Թուրքիան չի հրաժարվել պանթուրքական գաղափարախոսությունից», - ասաց Ռագըփ Զարաքօլուն:
Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ադրբեջանաթուրքական հիստերիան ապակայունացնող քաղաքականության ամենաթարմ դրսևորումներից է: Օդանավակայանը գրեթե պատրաստ է շահագործման, մինչդեռ Բաքուն շարունակ հայտարարում է, որ նույնիսկ քաղաքացիական ինքնաթիռները կործանելու գնով պաշտպանելու է իր «տարածքային ամբողջականությունը»:
«Շատ ագրեսիվ վերաբերմունք է: Պատրեազմի հրավեր: Ինձ հետաքրքիր է` Մինսկի խումբն ինչ է մտածում», - նշեց Զարաքօլուն:
Նրա խոսքով հայ-թուրքական արձանագրություններով Հայաստանը տվեց այն, ինչից ավելին չէր կարող, իսկ Թուրքիան տապալեց այդ արձանագրությունները: Հրատարակչի խոսքով դեռ 90-ականներից Թուրքիան ոչ մի քայլ որպես շանս չի ընդունում, ամեն հարց դարձնում է ազգային անվտանգության խնդիր:
«Լավ, դու քո ազգային անվտանգության հարցում այդքան բծախնդիր ես, իսկ ինչ անեն մյուս պետությունները»,- ասաց թուրք հրատարակիչը:
Պետությունների չարած գործի ու դեռ հակառակ քայլերի պատճառով հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը քաղաքակիրթ հասարակությունն է. համոզված է Ռագըփ Զարաքօլուն:
«Իհարկե, երկար ժամանակ կպահանջվի, բայց կկարողանանք ինչ-որ տեղ հասնել: Մենք հալեցնում ենք սառույցը, օրինակ, ապրիլի 24-ի միջոցառումներով: Թեկուզ դանդաղ, բայց փոփոխություններ կլինեն: Չպետք է հանձնվել, դա կլինի ամենավտանգավորը», - նշեց նա: Քաղաքակիրթ հասարակության քայլ էր «Հայեր, ներեցեք մեզ» արշավը, որը 2008-ի վերջին մեկնարկարկել էր Թուրքիայում` մտավորականների նախաձեռնությամբ: Համացանցում տարածված հանրագրին միացել էր 30.000 մարդ: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել էր, որ մտավորականները կարող են ազատ արտահայտել իրենց մտքերը, իսկ վարչապետ Էրդողանը նշել` Թուրքիան մեղք չի գործել, որ ներողություն խնդրի։ Ներողությունից բացի կամ դրա փոխարեն արշավի մեկ այլ նպատակ բացահայտեց մասնակիցներից մեկը` թուրք պատմաբան Բասքըն Օրանը: Նա հայտարարել էր, որ այդ արշավը կազմակերպելու համար Թուրքիան պետք է իրենց շնորհակալություն հայտնի` դրանով նրանք խոչընդոտում են Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ցեղասպանությունը ճանաչող ու սեփական պետության դեմ դուրս եկած թուրք մտավորականների անկեղծությունն այս ու նման հայտարարություններից հետո Հայաստանում կասկածի տակ առան:Ռագըփ Զարաքօլուն նրանցից մեկն է ու մեկ անգամ չէ, որ հալածվել է Ցեղասպանության հարցում իր դիրքորոշման համար: Նրա որդին այս պահին բանտում է, բայց քրդական խնդրի պատճառով:
Իր նմանների անկեղծության մասին հարցին պատասխանելով` թուրք հրատարակիչն ասաց. «Մտավորականների մեջ կան տարբեր հայացքներ ունեցող մարդիկ, բայց 90 տոկոսին, որ մասնակցել են ապրիլի 24-ի ցույցերին, կարող եք հավատալ»:
Թուրք մտավորական կարծիքով իր երկիրը պետք է փոխի քաղաքականությունն ու խաղաղության համար աշխատի, հակառակ դեպքում այսօրվա քայլերը կարող են շրջվել հենց Թուրքիայի դեմ: Դրանք արդեն վնասում են Թուրքիային: