28 հունվարի 2013 - 14:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Վեյկ ան Զեե. Լևոն Արոնյանի լավ մեկնարկը հավակնորդների մրցաշարից առաջ
Հայերն, անկախ նրանից հասնկանում են շախմատ թե ոչ, միշտ էլ հետևում են գրոսմայստեր Լևոն Արոնյանի ելույթներին: Չնայած Հայաստանում շատ են ուժեղ ու հաղթանակներ նվիրող շախմատիստները, բայց Արոնյանի ցանկացած ելույթ անհամեմատ մեծ իրարանցում է առաջացնում:
Բացառություն չէր նաև այս տարվա առաջին խոշոր ու կարևոր մրցաշարը` Վեյկ ան Զեեի Տատա Սթիլ փառատոնը:

Արոնյանն այս մարցաշարի գործող հաղթողն էր, նա 2012-ին միանձնյա գլխավորել էր մրցաշարային աղյուսակն ու հետ թողել բոլոր մրցակիցներին:

Այս անգամ նա իր ելույթն ավարտեց երկրորդ հորիզոնականում, ինչը ևս լավ արդյունք է (չնայած բոլորս էլ Լևոնից միշտ առաջին տեղ ենք սպասում):

Իսկ մրցաշարը նա սկսեց ոչ այդքան վստահ: Երեք անընդմեջ ոչ ոքիներից հետո, որտեղ նա կարող էր նույնիսկ հաղթանակներ տոնել, Արոնյանն անակնկալ պարտություն կրեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդից:

Շախմատային աշխարհում այս պարտիան մեծ քննարկման առարկա դարձավ. Արոնյանը, այն էլ սպիտակ խաղաքարերով, չկարողացավ ոչինչ անել Անանդի հիանալի նախապատրաստած տնային աշխատանքի դեմ:

Պարտիան ստացվեց անհամեմատ գեղեցիկ, և շատերը խոստովանեցին, որ այն դեռ երկար կհիշվի շախմատային աշխարհում:

Այս պարտությունից հետո, որը ի դեպ միակն էր մեր շախմատիստի համար, Արոնյանի դիրքերը շատ վատացան, և նա մրցաշարային աղյուսակի վերջնամասում հայտնվեց: Սակայն, ինչպես և կանխատեսել էր Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը, Լևոնը հավաքվեց և, տոնելով կարևոր հաղթանակներ, քայլ առ քայլ մոտեցավ առաջատարներին:

Նա տարավ հինգ կարևոր հաղթանակներ և ևս չորս պարտիա ավարտեց ոչ ոքի ու գրավեց 2-րդ տեղը: Հաղթողից` Մագնուս Կարլսենից, նա հետ մնաց 1,5 միավորով:

Սա անշուշտ ուրախալի էր բոլորիս համար, քանի որ հաղթանակներով նա կրկին վստահություն ձեռք բերեց, բացի դրանից կարևոր միավորներ վաստակեց նաև ՖԻԴԵ-ի վարկանշային աղյուսակում:

Արոնյանի այսպիսի մեկնարկը ցույց է տալիս մի բան, որ նա Վեյկ ան Զեեում իր ոչ բոլոր ուժերն է ներդրել: Արդեն մարտի 14-ից Լոնդոնում մեկնարկում է աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որտեղ ելույթ են ունենալու աշխարհի ուժեղագույն շախմատիստները: Նրանց թվում է լինելու նաև ՖԻԴԵ-ի երրորդ համար Լևոն Արոնյանը:

Մասնագետները նշում են, որ Արոնյանն իր ողջ հնարավորությունները պահել է հենց այս մրցաշարի համար ու անելու է ամեն ինչ, որպեսզի այնտեղ արդեն գրավի առաջին տեղը:

Այս փառատոնի երկրորդ` B, մրցաշարում ելույթ ունեցավ մեկ այլ հայ շախմատիստ` Սերգեյ Մովսիսյանը:

Մովսիսյանի ելույթն ավելի հաջող էր ընթանում. մեկնարկից մի քանի տուր հետո նա արդեն միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Սակայն վերջին տուրերում մի շարք ոչ ոքիներից հետո նա ի վերջո հանգրվանեց երրորդ հորիզոնականում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News