Քարոզարշավի ընթացքում բեմադրությունների, թատրոնների ու խաղերի մասին խոսելիս, քաղաքագետները հատկապես նշում էին նախագահի թեկնածուների վերջին չորսին, ովքեր ակտիվ քարոզարշավ այդպես էլ չեն անում, և բավարարվում են միան մամուլի ասուլիսներ հրավիրելով: Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան, Արամ Հարությունյան և Արման Մելիքյան: Այս մարդիկ 8 մլն դրամ ընտրագրավը վճարել են, քարոզարշավի 10 օրն էլ մեկը հացադուլի մեջ է անցկացրել, երեքն էլ՝ մի մամուլի ակումբից մյուսն են շտապել: Վարդան Սեդրակյանն անգամ խոստովանել է, որ դժվարությամբ է գումար ծախսում ու նախընտրում է իր դրամական միջոցները խնայել, մարդկանց հետ շփվել ԶԼՄ-ների միջոցով: Երեկ Հայաստանի գլխավոր կումունիսը անկեղծ խոստովանեց, որ պայքարը անիմաստ է համարել, դրա համար էլ թեկնածու չեն առաջադրել: Բացի այդ, չեն ուզել փողերը քամուն տալ, չնայած չունեն էլ, որ տան: Սա`ի միջիայլոց: Ամենամեծ հարցը այս ամբողջ քարոզարշավի ընթացքում` ինչի՞ համար են այս թեկնածուները, ո՞րն է նրանց առաքելությունը:
Այս խմբի թեկնածուներն, ըստ Ահարոն Ադիբեկյանի, կարող են 1-2 % ձայներ ունենալ: «Նրանց վրա լուրջ ուշադրություն դարձնելն իմաստ չունի: Մեր անկետաներում նրանք դժբախտաբար տեղ են գրավում և մենք ստիպված ֆիքսել ենք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգը:
«Նրանց ճանաչվածությունը 10%-ը դեռ չի անցել, լավագույն դեպքում կարող է դառնալ 20%: Նրանց նայել և լսել ոչինչ չի նշանակում, որովհետև Վերին Ներքնաշենի բնակիչը, երբ հեռուստացույցով դիտում է այդ հացադուլավորին, ոչինչ չի հասկանում: Այն ինչ իրենց պետք է նրանք արդեն գիտեն և ավել ինֆորմացիայի պահանջ չունեն: Եթե որոշել են ձայնը տալ Հայրիկյանին կամ գործող նախագահին, նրանց համար միևնույնն է, թե մյուսներն ինչ են ասում: Նրանցով հետքրքրվող մարդիկ նրանք են, ովքեր նոր են մտնում քաղաքականություն, դիտարկումներ են անում, նոր բաներ փնտրում: Իսկ այդ մարդիկ շատ քիչ տոկոսներ են կազմում»,- պարզաբանեց Ահարոն Ադիբեկյանը:
Այն, որ հասարակության մեջ արդեն կան որոշ կարծրատիպեր, որոնցով առաջնորդվում են մարդիկ, ասում է նաև քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Ըստ նրա` այս թեկնածուները որևէ բանով աչքի չեն ընկնում և չեն էլ կարող ընկնել: «Մամուլի ասուլիս տալը չի նշանակում, որ Ամասիայի հեռավոր շրջանի բնակիչը նստած նրանց է լսում: Հնարավոր է մի պահ լսեն, հետո փոխեն հեռուսատցույցի ալիքը: Իսկ թե իրականում ինչ են անում նրանք, իրենք կարող են ասել: Այս գործընթացի մեջ նրանք ինչ էլ անեն, զրոյական նշանակություն կունենան»,- նկատեց փորձագետը:
Արմեն Բադալյանն էլ է թեկնածուներին երկու խմբի բաժանում, սակայն ըստ այս բաժանման, նա առաջին խմբում դնում է գործող նախագահին, երկրորդում` մյուս 7 թեկնածուներին: «Կա հիմնական թեկնածու և մյուսները, որ այսպես ասած «դամ» են պահում մինչև փետրվարի 18-ը: Այսօր Հայաստանում կա քանակական մրցակցություն, որոկական մրցակցություն չկա: Անհավասար ռեսուրսների դեպքում նոր գաղափարներ չեն կարողանում արտահայտել: Շատ դեպքերում անհասկանալի է դառնում, որ մարդը կարող է 8 մլն դրամ մուծել և հացադուլ հայտարարել: Ափսո՞ս չէր այդ փողը: Նրանցից մեկը փորձում է «բացահայտումներ» անել և հայտարարել, որ պայքարից դուրս է գալիս: Միգուցե, դա նրանց հոբբին է, թակնարժեք հոբբի է»,- ասաց նա:
Հ.Գ. Եթե հոբբի է` վատ չէ: Գոնե ինչ-որ խելքին մոտ բացատրություն կլինի այս ամենին: