1 փետրվարի 2013 - 17:43 AMT
ՀՈԴՎԱԾ
«Ռինգի գրոսմայստեր». Բոլորն ուզում էին Վլադիմիր Ենգիբարյան դառնալ
Այսօր 81-ամյա հասակում Լոս Անջելեսում մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Նա Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի և ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն:
Ենգիբարյանը վերջերս ինսուլտ էր ստացել և երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում: Հայտնի բռնցքամարտիկի աճյունը հողին կհնաձնվի Լոս-Անջելեսում:

168 հանդիպում` 155 հաղթանակ.

Սիրողական բռնցքամարտում Ենգիբարյանն անցկացրել է 168 հանդիպում և տոնել 155 հաղթանակ: Ռինգում Ենգիբարյանը միշտ ակտիվ էր ու դինամիկ, չափազանց լավ էր և հարձակվում, և պաշտպանվում: Ենգիբարյանն իր այցեքարտն էր դարձրել անսպասելի և ուժեղ հարվածները, որոնց մրցակիցները մեծ դժվարությամբ էին դիմակայում կամ էլ պարզապես հայտնվում էին ռինգի հատակին: Նա «թաքնված ձախլիկ» էր և մրցակցին անակնկալի էր բերում աջ կողմից հասցրած հարվածներով, այդ դիպուկ և մտածված հարվածներն անվանում էին «հարված կիյով», որը կրկնօրինակել շատերն էին ցանկանում:

Մեծ բռնցքամարտիկը շատ ծանր էր տանում իր պարտությունները, թեև դրանք այդքան էլ շատ չեն եղել: Ու եթե հանկարծակի նրան հնարավորություն էր ընձեռնվում ռևանշի հասնել, այդ մարտին նա մեծ նվիրվածությամբ էր պատրաստվում: Այդպես եղավ նաև լեհ Լեշեկ Դրոգոշի հետ, որին նա պարզապես ոչնչացրեց 1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադայի ժամանակ` նոկդաունի ենթարկելով հենց առաջին ռաունդում: Սակայն Ենգիբարյանն խոստովանել է, որ ռինգից դուրս Դրոգոշի հետ նրանք լավ ընկերներ էին: « Վլադիմիրն ինձ շատ հարազատ մարդ է: Ինձ երբեմն թվում է, որ մենք նույն աստղի տակ ենք ծնվել: Մեր յուրաքանչյուր հանդիպում անցնում է ընկերական և ջերմ մթնոլորտում»,- Ենգիբարյանի մասին ասել է լեհ բռնցքամարտիկը:

Անգլիական «Boxing news» ամսագիրը գրել է, որ Ենգիբարյանը սիրողական բռնցքամարտի հպարտությունն է. «Նա տեխնիկապես չափազանց ուժեղ է, ֆիզիկապես հիանալի է պատրաստված և գիտի` ինչպես չափից շատ չմարզվել: Ոտքերի հիանալի աշխատանքը, որը հիշեցնում է Ջո Լուիսին, բացառիկ ռեակցիան և հարվածների հարուստ բազմազանությունը Ենգիբարյանի այցեքարտերն են»,- գրել է ամսագիրը:

Հայ բռնցքամարտիկին շատ բարձր է գնահատել նաև ֆրանսիական «Էկիպ» թերթը. «Նա ամերիկյան սևամորթ բռնցքամարտիկների ոճն ունի: Ենգիբարյանը աշխարհի ամենալավ բռնցքամարտիկներից մեկն է»:

Իսկապես, Ենգիբարյանն անկրկնելի էր ռինգում, նրանով հիանում էին և փորձում նմանվել նրան: Եվ չնայած իր կարիերան ավարտել է դեռ հեռավոր 1960 թվականին, բայց այդպես էլ սիրողական բռնցքամարտում նրա տեղը ոչ ոք չի կարողացել զբաղեցնել:

PanARMENIAN.Net-ը կապ հաստատեց բռնցքամարտի ներկայացուցիչներից երկուսի հետ: Նրանք էլ փորձեցին բնութագրել, թե ինչպիսին էր Ենգիբարյանը:

Բռնցքամարտի մարզիչ Ռաֆայել Մեհրաբյան.

Չեխ հայտնի մարզիչ Ֆելիքս Շտամպին մի անգամ ասել է, որ աշխարհի շավագույն բռնցքամարտիկը Վլադիմիր Ենգիբարյանն է: Շտամպը միշտ գալիս էր Սովետական Միություն հատուկ Ենգիբարյանի մենամարտերը նայելու համար, ու ասում, որ մարդիկ գնում են թատրոն բավականություն ստանալու, «ես էլ Ենգիբարյանի վարած մարտից եմ հաճույք ստանում»:

Ենգիբարյանն իսկական ընկեր էր, միշտ հաճելի էր նրա հետ ճանապարհ գնալ ու երբեք նա քեզ մենակ չէր թողնի: Ուրախ ու շփվող մարդ էր:

Ես շատ շնորհակալ եմ նրանից, որովհետև նրա ստեղծած դպրոցը ճանապարհ բացեց ինձ համար, ու ես կարողացա շուրջ 20 տարի աշխատել ԽՍՀՄ հավաքականի մարզչական շտաբում:

Ինչ ասեմ, դժվար է ինձ համար ինչ- որ բան ասելը, քանի որ այս տխուր լուրը ես հանկարծակի իմացա ու շատ վատ եմ ինձ հիմա զգում: Ես մինչև հիմա այդքան մենամարտեր եմ նայում ու գնալով ավելի եմ համոզվում, որ նրա նման երկրորդը չկա ու դժվար էլ լինի:

Բռնցքամարտի միջազգային կարգի մրցավար Դերենիկ Գաբրիելյան.

Ենգիբարյանն իմ ընկերն էր, բայց մինչ այդ նախ և առաջ իմ մարզիչն էր: Ես 1962 թվականին հաճախել եմ իր մարզադպրոցը: Ենգիբարյանի կորուստը շատ մեծ է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային սպորտի համար: Նա այն եզակի մարզիկներից է, որը հեղափոխություն արեց բռնցքամարտում` այդ կոպիտ մարզաձև բերելով բարձր տեխնիկա: Դրա համար էլ նրան կոշում էին «ռինգի գրոսմայստեր»:

Օլիմպիական եռակի չեմպիոն հունգարացի Պապ Վլասովն ասել է, որ Ենգիբարյանի պես լավ բռնցքամարտիկ դեռ չի տեսել: Ենգիբարյանը միշտ փարող է եղել բոլորի համար, բռնցքամարտիկները միշտ ցանկացել են Ենգիբարյան դառնալ:

1999 թվականին Վլադիմիր Ենգիբարյանն ընտանիքով տեղափոխվեց Լոս-Անջելես, սակայն չէր ուզում այնտեղ մնալ և ամեն անգամ նշում էր, որ կարոտում է Հայաստանը ու ցանկանում է վերադառնալ: Նա հասկանում էր, որ որպես մարդ ու բռնցքամարտիկ ավելի շատ գնահատվում է իր հայրենիքում:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News