Ամեն ինչ սկսվեց դեռ անցած տարի, երբ PanARMENIAN.Net-ը ներկայացրեց «Հրազդան» մարզադաշտի պատմությունը: «Մյուս տարի էլ «Արարատի» հրաշալի հաղթանակների 40-ամյակն է, սկսենք պատրաստվել այս լավ իրադարձությանը»,- մտածեցինք մենք ու սկսեցինք:
40 տարի առաջ. Ողջ աշխարհի հայությունն է ցնծում «Արարատի» հաղթանակներով.
Իսկ համահայկական տոնը սկսվել էր դեռ վաղուց: «Արարատը» 1966 թվականին սկսեց հանդես գալ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում: 1971-ին թիմը տիրացավ առաջնության արծաթե մեդալներին:
Ի դեպ, շատերը, այդ թվում նաև «Արարատի» ֆուտբոլիստները, խոստովանում են, որ այդ ժամանակ թիմն ավելի գեղեցիկ ու տեխնիկապես հարուստ խաղ էր ցույց տալիս:
Սա հայկական ֆուտբոլի առաջին լուրջ հաջողությունն էր, և այդ թվականին էլ թիմի վեց խաղացողներ տեղ գրավեցին ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Մեկ տարի անց էլ «Արարատը» նորամուտը նշեց Եվրագավաթի խաղարկությունում:
«Արարատի» հետ հաշվի էին նստում առաջնության բոլոր թիմերը.
Եկավ 1973 թվականը: «Արարատի» հետ հաշվի էին նստում առաջնության բոլոր թիմերը` վերջինիս համեմատելով Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականների հետ:
Թիմի գլխավոր մարզիչ նշանակվեց հայտնի մասնագետ Նիկիտա Սիմոնյանը:
Ապրիլի 7-ին մեկնարկեց 1973 թվականի ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնությունը, որն անցկացվում էր 35-րդ անգամ: «Արարատն» առաջին իսկ խաղում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ:
Առաջնությունից ընդամենը 9 տուր հետո Սիմոնյանն ասաց. «Գոհ եմ թիմի տակտիկա-տեխնիկական մակարդակից: Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ «Արարատն» այն թիմն է, որը բոլոր հիմքերն ունի պայքարելու մրցանակային տեղի համար»:
Այդպես էլ եղավ, արդեն տարվա վերջին «Արարատը» դարձավ նախ ԽՍՀՄ գավաթակիր, ապա` նաև առաջնության չեմպիոն:
Ընդանուր առմամբ, առաջնության 30 խաղերում երևանյան թիմը տոնեց 21 հաղթանակ, 9-ն անգամ էլ պարտություն կրեց: «Արարատը» նաև ցույց տվեց առաջնության ամենալավ արդյունքը` 52 անգամ գրավեց մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով 26 գնդակ:
Այսպիսի մեծ հաջողությունից հետո էլ Սիմոնյանն ասաց, որ թիմը պատրաստ էր չեմպիոն դառնալուն, ու իր ներդրումն այդքան էլ մեծ չէ. «Ինձանից առաջ աշխատած մարզիչները լավ սերմեր էին ցանել` ստեղծելով բեղմնավոր աշխատանքի հիանալի պայմաններ: Նման ֆուտբոլիստների հետ աշխատելը հաճելի է, ամենածանր առաջադրանքներն էլ թվում են լուծելի»:
Նման ֆուտբոլիստների ու մարդկանց հետ հաճելի է նաև պարզապես զրուցել ու նրանց հետ վերապրել հայկական ֆուտբոլի ոսկե ժամանակաշրջանը: Իսկ 1973-ի հաջողությունների ավելի ամբողջական անդրադարձը կներկայացնենք հաջորդ հոդվածում: