Իրականում մեր շախմատիստը վատ չխաղաց, պարզապես նա միավորներ կորցեց այնտեղ, որտեղ ամենաքիչը կարելի էր դրան սպասել: Մյուս կողմից էլ, երբ հավաքվում են համաշխարհային շախմատի նման ներկայացուցիչներ, ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, ինչպես դա տեղի ունեցավ նաև այս անգամ:
Մոտ մեկ ամիս տևած մրցաշարում անգամ երկրպագուների նյարդերն էին տեղի տալիս, ուր մնաց շախմատիստները դիմանային:
Մրցաշարի առաջին մասը հայ գրոսմայստերը լավ անցկացրեց՝ վաստակելով 5 միավոր, սակայն երկրորդ հատվածում սայթաքումները չափազանց շատ էին՝ 7 միավորից ընդամենը 3-ը: Արոնյանը ծանր պարտություններ կրեց Բորիս Գելֆանդից, Պետեր Սվիդլերից ու Վլադիմիր Կրամնիկից: Իսկ պարտությունների մեջ մեղավոր դուրս եկավ հենց Արոնյանը. նա երեք պարտիաներում էլ առնվազն ոչ ոքիներ պետք է աներ, սակայն Լևոնն ինչ- որ բան չկարողացավ ճիշտ կազմակերպել: Բայց որքան տպավորիչ հաղթանակներ էլ ինքը տոնեց:
Նա խոստովանել էր, որ եթե իր խաղը կարողանա ցույց տալ, մրցաշարի հաղթող կդառնա: Սակայն աստիճանաբար զգացվեց, որ Արոնյանի մոտ ամեն ինչ սահուն չի ընթանում:
Հայաստանում Արոնյանի նկատմամբ շատ պահանջկոտ են ու միշտ ակնկալում են միայն հաղթական ավարտ նրա կատարմամբ: Շախմատիստը բազմիցս է ապացուցել, որ նա լավագույններից է աշխարհում, այս անգամն էլ բացառություն չէր: 10 ուժեղագույնների պայքարում 3-րդը լինել, անկասկած, հիանալի արդյունք է:
Արոնյանի պարագայում միշտ էլ նույնն է լինում,նա կարողանում է համախմբել մարդկանց: Այս անգամ էլ նրա շուրջն էին միավորվել շախմատի գիտակներն ու դրանից ոչինչ չհասկացողները, նրանք ուշի ուշով հետևում ու անգհանգստանում էին Լևոնի համար: Երկրպագուների ցանկությունն այնքան մեծ էր աշխարհի երկրորդ հայ չեմպիոնն ունենալ, բայց ամեն ինչ իր ժամանակին է լինում, պարզապես պետք է համբերատար լինել ու սպասել:
Այս հավակնորդների մրցաշարով ոչինչ ավարտված չէ, իսկ աշխարհի չեմպիոնի կոչումն էլ անհաղթահարելի չէ Արոնյանի համար: Նա շարունակում է համաշխարհային շախմատի դասակարգման աղյուսակում բարձր տեղեր զբաղեցնել, հաղթել գերմրցաշարերում ու բացառիկ նշանակություն ունենալ նաև Հայաստանի հավաքականի համար: