9 ապրիլի 2013 - 15:13 AMT
ՀՈԴՎԱԾ
PanARMENIAN.Net-ը սկսում է «Հիշողություններ ֆրոնտից» նախագիծը` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին
Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները
Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ:

Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման:

Հայաստանը տվել է բազում գեներլաներ, 60 զորահրամանատարներ: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խամփերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.):

Այն մայիսի 9-ից 68 տարի է անցել: Գնալով պակասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը: Ամեն տարվա հետ հայ զինվորների պատմությունը անցյալ է դառնում:

Երկու տարի շարունակ PanARMENIAN.Net-ն աշխատում է «Հիշողություններ ֆրոնտից» նախագծի վրա: Այդ ընթացքում Վետերանների միությունը համաձայնել է մեզ տրամադրել հայ վետերանների ամբողջական ցանկը: PanARMENIAN Photo-ն արդեն լուսանկարել է Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 100 մասնակցի: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները:

«Հիշողություններ ֆրոնտից» շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: Այն ամենի, ինչը մեր ընդհանուր պատմության էջերն են: «Հիշողությունները ֆրոնտից»-ը շարունակական է լինելու:

Հավերժ փառք Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին: