15 ապրիլի 2013 - 15:47 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հիշողություններ ֆրոնտից» - Պետրոս Պետրոսյան. Ինձ անվանում էին չորս աշխարհամասերի հետախույզ
Երբ պատերազմը վերջացավ, մենք լաց էինք լինում, գրկախառնվում էինք, մեկս մյուսին համբուրում
Պետրոս Պետրոսյան (1923 թ.)- Ավարտել է Լենինականի Մայակովսկու անվան համար 5 դպրոցը, մասնագիտությամբ դիվանագետ է: 60 տարի ծառայել է հետախուզությունում՝ ֆրոնտից մինչև աշխարհի տարբեր երկրներ: Ամենախոշոր շքանշանը՝ Կարմիր դրոշ. «Այն վաստակել եմ արյանս գնով»: Այժմ Հայաստանի Վետերանների կոմիտեի նախագահն է:

Դեպի պատերազմ. Կարմիր դրոշը ծածանենք Բեռլինի Ռայխստագի վրա

41 թվականին, երբ պատերազմը սկսվեց, ես 17 տարեկան էի, մի քանի ամսից 18 կլինեի: Սովորում էի Լինինականի Մայակովսկու անվան համար 5 դպրոցում և կոմերիտմիության առաջին քարտուղարն էի: Միևնույն ժամանակ և սովորում էի, և դասավանդում ֆիզկուլտուրա մեկ ուրիշ դպրոցում: Ես լավ սպորտսմեն եմ եղել:

Պատերազմը սկսվեց, դեռ մի քանի օր էր անցել, ինձ զանգահարեց մեր Լենինականի քաղաքային կոմիտեի քարտուղարը և ասաց, որ վաղը ժամանելու է Հայաստանի Կենտկոմի քարտուղար Անտոն Քոչինյանը, և նրա ելույթից հետո դու պետք է ելույթ ունենաս, երիտասարդությանը կոչ անես կամավոր մեկնել պատերազմի դաշտ և պաշտպանել մեր հայրենիքը: Ես մի պահ անակնկալի եկա, լռեցի, ասաց՝ չե՞ս ուզում, ասացի՝ չէ, ուզում եմ: Պատրաստեցինք ելույթս, հաջորդ օրը, կոմերիտականների քաղաքային ակտիվի նիստի ժամանակ մատաղ սերնդին միահամուռ պատերազմ գնալու կոչ անող Անտոն Երվանդիչի ելույթից հետո խոսքը ինձ տրվեց: Մանրամասն չեմ հիշում, բայց հայրենասիրական ոգով ներշնչում էի, որ գնային պաշտպանեին հայրենիքը: Վերջին բառերը մինչև հիմա անգիր հիշում եմ. «Կոչ եմ անում մեր բոլոր երիտասարդներին միահամուռ զորակոչվել, կամավոր մեկնել պատերազմ և պաշտպանել մեր հայրենիքը: Կարմիր դրոշը ծածանենք Բեռլինի Ռայխստագի վրա»: Իմ մոտ ընկերը վերջում նստած էր, երբ ասացի՝ մենք Բեռլինում պետք է ծածանենք կարմիր դրոշը, նա վեր կացավ ու ասաց. «Ես դուզ մեր տուն կերտամ»: Վեր էր կացել ու դուրս եկել, բայց նա էլ չվախեցավ, մի քանի ամիս հետո կամավոր գնաց, վիրավորվել էր և շուտ վերադարձել… Ինձ ուղարկեցին Թբիլիսիի հրետանային ուսումնարան՝ սովորելու: Մոտ վեց, թե յոթ ամիս սովորելուց հետո ավարտեցի՝ ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում և մեկնեցի ֆրոնտ:

Ռազմաճակատում. Առաջին մկրտությունս մերձմոսկովյան կռվում էր

Մոսկվայի մոտ կար Պրոխորովկո գյուղ, որտեղ ամենաթեժ կռիվներից մեկն էր գնում: Կուրսկի շրջանն էր դա: Գերմանացիներն ամեն ինչ անում էին, որ ճանապարհ բացեն դեպի Մոսկվա: Մեկ, թե երկու ամիս կռիվներից հետո առաջին մկրտությունս այնտեղ ստացա, վիրավորվեցի: Մեկուկես ամիս ապաքինվելուց հետո նորից մեկնեցի ֆրոնտ, այս անգամ ուկրաինական երկրորդ ռազմաճակատ: 42 թվականի վերջերն էր, այդ ժամանակ սկսվեց մեր առաջընթացը: Ես սկզբից դասակի հրամանատար էի, բայց որոշ ժամանակ անց ինձ նշանակեցին մարտկոցի հրամանատար:

Հիշողություններ ռազմադաշտից. Երկրորդ մկրտություն. Գետանցում. Դնեպրը լայն գետ էր, նեմեցն էլ բարձրում էր

1943 թվականին մեր համատարած առաջխաղացումն էր, շարժվում էինք առաջ՝ ազատագրելով մեր ուկրաինական քաղաքներն ու գյուղերը: Երկրորդ անգամ վիրավորվեցի, որը մեծ դժվարություն առաջացրեց: Մենք Դնեպրով գետանցում կատարեցինք: Շատ լայն գետ էր, գերմանացիները գտնվում էին բարձունքի վրա, մենք շատ արագ ձիերով քաշում էինք մեր հրետանիները, շատ դժվար էր: Հրաման եկավ, որ շատ կարճ ժամանակում պատրաստվենք ու գետանցում կատարենք դեպի աջ ափ: Հրավիրեցի մեր մարտկոցի հրամանատարներին, որոշեցինք լաստեր պատրաստել, հրանոթները լաստերի վրա դնել և ձիերին կապել լաստերից: Որոշեցինք առավոտյան՝ դեռ լույսը չբացված շարժվել, որ գերմանացիները մեզ չտեսնեն: Դժվար էր: Դեռ նոր էինք մի քանի հարյուր մետր առաջացել, գերմանացիները նկատեցին մեզ, լուսարձակներով տեսան ու սկսեցին կրակել մեզ վրա: Իմ մարտկոցի ամբողջ անձնակազմը՝ 62 հոգի, գետանցումը կատարեց, բայց կորուստներ ունեցանք, 12-ը զոհվեցին: Մեկ-երկու տասնյակն էլ վիրավորվեցին: Ահավոր բան էր: Մենք հրամանը կատարեցինք: Գետանցումից հետո մեր առաջխաղացումը սկսվեց, ազատագրում էինք գյուղերն ու քաղաքները, նեմեցը հրձիգ խմբեր ուներ, երբ թողնում էին բնակավայրերը, այրում էին ամեն ինչ, հետո նոր նահանջում էին: Երբ մենք շարժվում էինք առաջ, մարդիկ դիմանում էին, ձիերը, այդ խելացի կենդանիները, կարծես հասկանում էին, որ պետք է առաջանալ, չնայած դժվարանում էին: Գերմանացիները վերևում էին, իսկ մենք եգիպտացորենի դաշտերով էինք անցնում: Թաքնվում էինք հասկերի մեջ, երբ մի փոքր գլուխներս բարձրացնում էինք, մեզ վրա կրակում էին:

Մահվան եզրին. Առաջին անգամ մոտիկից տեսա, թե ինչպես են մարդ սպանում. Վորոտինցևը փրկեց իմ կյանքը

Կամանդիր պալկան ինձ հանձնարարեց հետախուզություն կատարել, հատնաբերել գերմանական կետերը, որ կարողանանք նրանց վերացնել և հետևակը շարժվի առաջ: Ես ուղարկեցի մեր հետախույզներին, բայց, ցավոք, նրանք չկարողացան հարցը լուծել: Հրամանատարն ինձ ժամանակ տվեց, որ վաղը՝ մինչև առավոտյան ժամը 6-ը հրամանը պետք է կատարված լինի, ուրիշ հնար չկա: Մեր ստարշինային՝ Վորոտինցևին, ով մարտական, կոփված, ինձանից մեծ փորձ ունեցող մարդ էր, ասացի, որ մենք միասին պետք է գնանք հետախուզության: Գիշերը, երբ մթնշաղ էր, երկուսով թևանցուկ անցանք եգիպտացորենի դաշտով, թիկունքից մոտեցանք գերմանացիներին, ուսումնասիրեցինք նրանց կրակակետերը, քարտեզի վրա նշումներ կատարեցինք՝ որտեղ են նրանց կենտրոնները, երբ ու ինչ ճանապարհով հետ կշարժվեն: Մի խոսքով, նշումներ կատարեցինք և սկսեցինք հետ դառնալ: Ճանապարհին, երբ արդեն լուսաբացը մոտ էր, հանկարծ լսեցինք գերմանացիների ձայներ: Մենք կենտրոնական զոնայում էինք, այդ տարածքում այլ հնար չկար: Հանկարծ մի փոքրիկ քողիկ տեսանք, հավանաբար այն ծառայել էր որպես պահակատեղի: Անմիջապես մտանք այդ փոքրիկ տնակը, այնտեղ տախտակներ ու շատ խոտ կար, խոտի տակ քողարկվեցինք և սպասում էինք, որ գերմանացիները գան ու գնան: Խոսելով գալիս անցնում էին: Ձայները դադարեցին, մտածեցինք գնացին: Ես դուրս եկա, ուզում էի դուռը բացել, և հանկարծ գերմանացին դուռը բացեց ու ներս մտավ: Անմիջապես թաքնվեցի դռան հետևում: Ոտքերս նկատեց, սվինը պահեց փորիս: Նրանց հրացաններին ամրացրած որսորդական դանակի նման սվին էր, մինչև հիմա ահա ձեռքիս այդ սպին կա: Ես բռնեցի դա ու հեռացնում էի, արյունը գնում էր, բայց ուրիշ հնար չկար, կամաց հեռացնում էի: Այդ րոպեին Վորոտինցևը տեսավ, որ ես ծանր դրության մեջ եմ, նա դուրս թռավ և հետևից խփեց նեմեցի գլխին, դա բավական չէր, դանակը հանեց և երեք անգամ սրտին խփեց: Ես կյանքում առաջին անգամ մոտիկից տեսա, թե ինչպես են մարդ սպանում: Կրակել էի, շատ էի սպանել, բայց ոչ այդ ձևով: Վորոտինցևը փրկեց իմ կյանքը: Ես կարող էի կրակել, բայց դա մեր վերջին րոպեն կլիներ, գերմանացիները կլսեին, կգային: Մեր բախտից հեռացել էին, ձայն չկար, մենք կամաց դուրս եկանք և շարժվեցինք դեպի մեր զորքերը: Լուսադեմին հասանք տեղ: Նշումներն ունեի, պատրաստեցինք և առավոտյան ժամը 7-ին հրամանատարին զեկուցեցի, որ առաջադրանքը կատարված է: Նա կապվեց ավիացիայի հետ, որ մեզ օգնեն: Նրանք վերևից, մենք ներքևից առաջ էինք շարժվում:

Այնպիսի ժամանակներ էին, որ արդեն հոգնել էինք, շտապում էինք ավարտել պատերազմը, հնարավորինս շուտ ազատագրել: Հրետանու շտաբի ղեկավար Պոպովը ինձ կանչեց, այն ժամանակ լեյտենանտ էի, վերցրեց քարտեզը, նշումներ արեց ու ասաց, որ Ալեքսանդրովկո գյուղը մերոնք ազատագրել են: Ասաց, որ պետք է գնանք այդ գյուղում գիշերենք և առավոտյան շարժվենք առաջ: Մենք գիտեինք, թե ազատագրել ենք, ուրախ գնում ենք, երեկոյան հասանք այդ գյուղ: Հրաման տվեցի, որ տեղավորվենք: Կամաց անձրև էր գալիս, անձրևանոցը հագիս վերևում պառկել էի: Հանկարծ զինվորներից երկուսը վազելով եկան ինձ մոտ, թե՝ լեյտենանտ, մենք շրջափակված ենք: Ասեցի՝ ո՞նց թե: Պարզվեց, որ հետախուզությունը ճիշտ տվյալներ չէր տվել և գյուղն ազատագրված չէր: Երբ գնում էինք, գերմանացիները տեսել էին, որ ազատ, մարշով քայլում ենք, և դարպասը բաց էին արել, մեզ թողել էին ներս ու շրջափակել: Նրանք գոռում էին, որ հանձնվենք: Բայց ես հրավիրեցի մեր հրամանատարներին և որոշեցինք կռվել մինչև վերջ: Մինչ կռիվը, ես մեր հետախույզներից երկուսին ուղարկեցի՝ ինչ գնով էլ լինի անցնել և մերոնց հաղորդել, օգնություն խնդրել: Մեկը վիրավորել էր, չէր կարողացել անցնել, բայց երկրորդը հասել էր: Մենք կրակում էինք, նրանք մոտենում էին: Չորս հրանոթ ունեինք: Կլոր շարեցինք, ամեն մեկի վրա թողեցի երկու հոգի, որ մեկը կրակի, մյուսն էլ լիցքավորի: Մյուսները շրջան կազմեցին, պաշտպանվում էինք: Պայմանավորվեցինք, որ երբ կարմիր հրթիռ կրակենք, պայթեցնելու ենք հրանոթները: Գիշերը ժամը երեքն էր, երկու մոտիկ-հեռու կրակոցից հետո ես հասկացա, որ երրորդ արկը մեզ է հասնելու: Դեռ չէի հասցրել պատսպարվելու հրաման տալ, այն պայթեց ուղղակի մեր մեջտեղում: Զինվորները վիրավորվեցին, իմ ամբողջ ձախ կողմն էր վիրավորվել: Բեկորը բերանիս մեջ էր մխրճվել ու ամբողջ կյանքս ինձ հետ է: Բերանս հիմա էլ ամբողջությամբ չի բացվում: Առաջին վայրկյաններն էր, կարմիր հրթիռը բարձրացրեցի, որ կրակեմ, տեսա մեր մեխզորամասը գալիս է: Մերոնք օգնության հասան: Եկան, թե՝ լեյտենանտ, մեր կամանդիր դիվիզիան ձեզ է կանչում: Գլխարկս կորել էր, չկար, բերանս չէր բացվում, ամբողջովին արյուն էր: Գնացի, զեկուցեցի: Ջղայնացած ինձ հարցնում էր, թե ինչու գնացի այդ գյուղ: Կողքին Պոպովն էր կանգնած: Սփրթնած, չէր կարողանում խոսել, ինքն էր հրաման տվել շարժվել դեպի այդ գյուղ: Ես էլ այն ասացվածքը հիշեցի, որ հաղթողներին չեն դատում: Ասացի, մեղավոր եմ, չկարողացա կողմնորոշվել տարածքում: Պոպովի շունչը տեղն եկավ, հրմանատարն էլ ասեց, որ սխալ ես գործել, նկատողություն եմ հայտարարում և «Պարգևատրում եմ Կարմիր աստղ շքանշանով»: Ասեցի՝ «ծառայում եմ Սովետական միությանը» և ուշաթափվեցի: Ինձ տարան բուժկետ: Հաջորդ առավոտ Պոպովը եկավ, ասում է` սիրելիս, դու ինձ փրկեցիր: Եթե ասեի, որ ինքն է հրաման տվել, կորած էր: Մի հինգ գրամ խմեցինք: Ես իրեն խնդրեցի, որ այնպես անի՝ ինձ թիկունք չուղարկեն: Բայց տասը օր անց վիճակս շատ վատ էր, ուղարկեցին հոսպիտալ: Ցանկանում էին վիրահատել, բայց գլխավոր բժիշկը եկավ և թույլ չտվեց: Ասաց`գնա, մի ամսից բերանդ մեկ սանտիմետր կբացվի, դա քեզ հերիք է: Մեկ ամսից նորից գնացի ֆրոնտ: Այս անգամ արդեն hակատանկային դիվիզիայի մարտկոցի հրամանատար էի: Առաջ շարժվեցինք ու ազատագրեցինք մի շարք բնակավայրեր: Հասանք Գերմանիա: Ես ստացա իմ ամենախոշոր պարգևը՝ Կարմիր դրոշ շքանշանը: Դա արյան գնով եմ ստացել:

Հաղթանակին սպասելիս. Հրամանատարն ինձ ասաց՝ գնա բուժքույրերի բեր, որ այստեղ քեֆ անենք

Գերմանիայում էինք, Բեռլինի պարիսպների տակ: Դեռ քաղաք չէինք մտել, ինչ-որ քաղաքատիպ բնակավայր էր: Նախկինում այդտեղ զինվորական զորամաս էր եղել: Ճաշարան կար, ամեն ինչ: Երբ պատերազմը վերջացավ, մենք լաց էինք լինում, գրկախառնվում էինք, մեկս մյուսին համբուրում: Ինձ դիվիզիայի հրամանատարն ուղարկեց մեծ սանբատ: Մեր դիվիզիոնում ոչ մի աղջիկ չկար: Մեր հրամանատարն ասում էր՝ ես չեմ ուզում, որ իմ տղաների մեջ աղջիկ լինի: Անգամ բուժեղբայր ունեինք, բայց աղջիկ չկար: Հրամանատարն այդ օրն ինձ կանչեց և ասաց՝ գնա բեր բուժքույրերից, որ այստեղ քեֆ անենք: Ամսի 9-ին գնացի, բերեցինք: Լավ ուրախացանք: Այդ ժամանակ չգիտեմ ինչպես եղավ, ձախ ձեռքս վնասեցի: Պառկած էի, հրամանատարն եկավ, ասում է՝ ի՞նչ է եղել: Նայեց, ասեց՝ ոչինչ, հիմա ամեն ինչ ներվում է:

Պատերազմից հետո. Հետախույզություն ամբողջ կյանքի համար. Չորս աշխարհամասերի հետախույզը

Պատերազմից մոտ մեկ տարի հետո Ստալինը հրաման տվեց, որ ուսուցիչները գնան զբաղվեն իրենց գործով: Ես էլ ուսման մեծ ցանկություն ունեի: 1946-ի մայիսին արդեն Լենինականում էի: Այդ տարի Երևանի համալսարանում բացվել էր Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Եկա Երևան, ընդունվեցի, սովորեցի, երրորդ կուրսում ինձ հրավիրեցին աշխատանքի: Զուգահեռ աշխատում և սովորում էի: Տասը տարի աշխատեցի հետախուզությունում, գնացի արտասահման աշխատելու: Ինձ անվանում էին չորս աշխարհամասրի հետախույզ: Հետախուզությունում մոտ 60 տարի ծառայել եմ… Ամերիկայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իրաքում, Լիբանանում և այլն: Այստեղ աշխատել եմ օպեր-լիազորից մինչև Հայաստանի արտաքին հետախուզության պետ: Հիմա մեր հանրապտության Վետերանների կոմիտեի նախագահն եմ: Շատ մեծ օպերացիաներ եմ իրականացրել: Իմ խորոշագույն օպերացիաներից մեկը 59 թվականին էր: Ինձ հաջողվեց Բեյրութի անգլիական դեսպանատանը տեղավորել մի անձնավորության, տասը տարի մենք այնտեղից տվյալներ էինք ստանում: Մեզ արդեն ամեն բան հայտնի էր, ինչ էր կատարվում ՆԱՏՕ-ում, եվրոպական երկրներում: Դեսպանի սենյակում տեխնիկա էինք դրել, ինչ կատարվում էր՝ գիտեինք: Երբ արդեն հասկացան, որ արտահոսք ունեն, ստուգում էին, բայց ոչինչ չէին գտնում: Մեր տեխնիկան դրել էինք դեսպանի սենյակում, չէին կարծում, որ այնքան նախալ էինք, որ դեսպանի սենյակում կլինի: Վերջին ստուգումից հետո առավոտյան կանչեցին մեր նվիրյալին, իր անունը չենք տալիս, նվիրյալ էինք ասում: Նա սիրունիկ աղջիկ էր: Նա մտնում է, տեսնում սեղանին դրված է մեր այդ խաղալիքը: Զգում է, որ հայտնաբերված է: Սուրճ են առաջարկում, հրաժարվում է, սկսում են խաչաձև հարցուփորձ անել: Հատուկ Անգլիայից մարդիկ էին եկել: Մեր այդ երիտասարդը կարողանում է հարցերին ճիշտ պատասխանել, չեն կասկածում: Վերջին պահին մեր այդ խաղալիքն են ցույց տալիս, ասում են՝ սա ի՞նչ բան է, վերցնում է, ասում է՝ չե՞ք ամաչում, ցիվիլ մարդիկ եք, փայտին ասում եք ի՞նչ է: Փայտ է, ինչ է: Եվ նետում է սենյակի անկյունը: Ասում են, սա չի կարող լինել: Նա դուրս է գալիս դեսպանատնից ու մենք նրան փախցնում ենք: Մեր նվիրյալը հայ էր: Հիմա էլ Երևանում է ապրում:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Մարի Թարյան / PanARMENIAN News