22 ապրիլի 2013 - 18:31 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հիշողություններ ֆրոնտից» - Մակիչ Դալլաքյան. Պարզվեց` երկինքն էլ է փակվում` գերմանական ինքնաթիռները պաշարել էին մեզ
Իմ աչքի առաջ 5 հոգու գնդակահարեցին, այդ զինվորները փորձել էին փախչել կռվից
Մակիչ Դալլաքյան (04.07. 1920) - Լեյտենանտ: Պատերազմ է մեկնել 1942-ին: Եղել է Հյուսիսկովկասյան ռազմաճակատի 319 հրաձգային դիվիզիայի 1341 գնդում: Ապա ծառայել է Կրասնոդարի հատուկ բատալյոնում` Կրասնոդարյան վաշտում, Սլավոնական 10-րդ վաշտում: Պարգևատրվել է 16 նեդալներով, շքանշաններով և տարբեր պատվոգրերով:

Դեպի պատերազմ. 22 տարեկանում մեկնեցի ռազմաճակատ

Ծնվել եմ Ադրբեջանի Խանլարի շրջանի Խաչակապ գյուղում: Ես 21 տարեկան էի, երբ սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Մեկ տարի անց` 1942-ի օգոստոսին, ինձ տարան ռազմաճակատ: Կռվել եմ չորս ռազմաճակատում` սկսել եմ Հյուսիսկովկասյան ռազմաճակատից և ավարտել եմ Գորկիում: Եղել եմ հրաձիգ:

Ես ռայկոմի քարտուղար էի և միևնույն ժամանակ ուսուցիչ էի աշխատում Կիրովաբադի 12-րդ դպրոցում: Ծրագիր կար, ըստ որի պետք է գյուղի երիտասարդներին ուղարկեին Բաքու` կրթություն ստանալու: Ամբողջ գյուղից ոչ ոք չէր ցանկանում գնալ: Ինձ ուղարկեցին Կիրովաբադի շրջանի Զագլիկ գյուղ, որպեսզի այդ հարցը լուծեմ:

Ժողովը վերջացրի, սպասում էի, որ տեսնեմ` ում տանն եմ գիշերելու: Մեկ էլ մեքենա եկավ, մեջը Դուբրովսկին էր` ալյումինի հանքերի տնօրենը: Թե պարտռայկոմի նախագահ Հովիկ Բաբայանն ասում է` հավաքի ժողովրդին ու ասա, թե պատերազմ է: Ահա այսպես էլ սկսվեց պատերազմն ինձ համար:

Ռազմաճակատում. Աչքիս առաջ 5 հոգու գնդակահարեցին` նման դաժանություն տեսած չկայի

Մեզ տարան Վրաստան` Ավչալայի զորամաս: Այնտեղ իմ աչքի առաջ 5 հոգու գնդակահարեցին: Բանն այն է, որ այդ զինվորները փորձել էին փախչել կռվից: Դատախազության ներկայացուցիչը կարդաց հրամանը, կրակեցին ու բոլորն էլ ընկան փոսը: Առաջին անգամ էի նման դաժան բան տեսնում: Իսկ բուն պատերզմն ինձ համար սկսվեց Դաղստանի Մամեդկալայ քաղաքում:

Հյուսիսային Կովկասից հետո մեզ տարան Կրասնոդար, որտեղ ես Ստարոկորսունսկայա բնակավայրում մեր գնդի փոխհրամանատարն էի: Ապա տեղափոխվեցի Կրասնոդարի վաշտ, որտեղ հյուսիսային խմբի գլխավորն էի:

Մի դեպք պատմեմ: Կրասնոդարում էինք, գերմանացիները հարձակվել էին մեզ վրա: Ես գիտեք ինչից էի ապշել, նայեցի երկնքին ու այն ամբողջովին ծածկված էր նեմեցների ինքնաթիռներով, այնքան շատ էին: Երկինքը կարծես մթնած լիներ: Շատ է տպավորվել մեջս:

Առհասարակ, շատ դաժան էր ամեն ինչ: Արդեն 1943-ին ես Սլավոնական 10-րդ վաշտում էի:

Պատերազմն ինձ համար ավարտվեց 1944 թվի վերջին` Գորկիում: Այդ ժամանակ մեր հրամանատարն ինձ ասաց. «Մեզ պատերազմից հետո կիրթ ու գրագետ սերունդ է պետք»: Զորացրվեցի ու վերադարձա մեր գյուղ:

Հաղթանակին սպասելիս. «Վայ, բալա ջան, աչքդ լույս»

Հաղթանակի օրը եղել եմ Ադրբեջանի Խանլարի շրջանի 26 կոմիսարների գյուղում: Անտառով ձիով գնում եմ, մեկ էլ մի կնոջ հանդիպեցի: «Վայ, բալա ջան, աչքդ լույս» ասի ի՞նչ է եղել, թե «պատերազմը վերջացել է, մերոնք հաղթել են»: Սիրտս սկսեց շատ ուժեղ խփել, ուրախացա: Հասա գյուղ, տեսնեմ բոլորը նշում են, ես էլ միացա ուրախությանը:

Ուրախությունը տևեց մի քանի օր: Ժողովուրդը գիշեր- ցերեկ ուրախանում էր, գոռում-գոչում` երեխաներից մինչև մեծահասակեր:

Պատերազմից մնացած ցավը. 30 տարի փնտրում էինք, թե որտեղ է զոհվել եղբայրս

Ես ռազմաճակատում էի, երբ տնից նամակ գրեցին, որ փոքր եղբորս` Գրիգորիին, էլ են տարել բանակ: Նա ընդամենը 19 տարեկան էր: 1943-ի սեպտեմբերի 21-ին Գրիշան զոհվել էր Սմոլենսկի մարզի Ելնիա քաղաքում: 30 տարի մենք փնտրում էինք, թե որտեղ է նա զոհվել:

Մորս մահից հետո ես նրա արխիվներում գտա իմ և եղբորս նամակները: Նրա նամակները հերթականությամբ կարդացի ու տեսա, որ վերջին գրել է Ելնիայից:

Ես նամակ գրեցի զինկոմիսարյատ, որ ստուգեք ցուցակները, տեսեք կա՞ այդպիսի անունով մարդ: Պարզվեց, որ եղբայրս այնտեղ է թաղված: Քրոջս հետ գնացինք նրա գերեզմանը, որտեղ թաղված է եղել, հետո տեղափոխել էին եղբայրական գերեզման: Այդտեղ ես մեռելահաց տվեցի, ոնց որ ընդունված է մեզ մոտ:

Ելնիայում 10 հատ եղբայրական գերեզման կա, որտեղ թաղված են 10.000 զոհվածներ, որոնցից 50-ից ավելին հայեր էին: Երեք հոգու անունները գրել տվեցի գերեզմանաքարի վրա` եղբորս, Մարտիրոսյանի ու Հակոբջանյանի:

Մտածեցի, որ շատերը չգիտեն, թե որտեղ են իրենց հարազատները թաղված, նստեցի ողջ գիշերը զինկոմիսարյատում, բոլոր հայերի անունները հանեցի: Եկա Հայաստան ու բոլորի հարազատներին ասացի այդ մասին: Հետո հոդված գրեցինք ու նկարներով դրեցինք թերթում:

Ելնիա երկրորդ անգամ մեկնեցի կնոջս հետ: Տեսա, որ այդ քաղաքը բարեկարգման կարքի ունի: Բրեժնեվին նամակ գրեցի, որ լուծեն այդ հարցը: Ինչով կարողացա, օգտակար եղա այդ քաղաքին:

Եվս մի հայ մարշալ. Օհանովն արդեն ներկայացվում է որպես հայ

Մի քանի տարի առաջ Պրոսպեկտով քայլում եմ, տեսնեմ մի մարդ փայտե իրեր է վաճառում: Մոտեցավ ինձ, ու ես էլ տեսնեմ թերթ կա մոտը: Նայեցի տեսնեմ գրած է, որ Սովետական Միության մարշալ Սերգեյ Խրիստաֆորովիչ Օհանովը հայ է եղել:

Հայրը հայ, մայրը` ռուս, բայց ինքը չգիտես ինչու, չի ցանկացել, որ որպես հայ ներկայանա ու այսքան տարի ներկայացվում է որպես ռուս:

Ես խնդրեցի թերթը, պատճենահանեցի մի քանի օրինակ: Տարա մեր գեներալ Կարապետյանի մոտ, նամակ գրեցինք Ռուսաստանի պաշտպանության նախարարություն: Ու հիմա արդեն Օհանովը ներկայացվում է որպես հայ մարշալ:

Պատերազմից հետո. Գնացել էի համերգ ու այնտեղ ծանոթացա կնոջս հետ

Ավարտել եմ Բաքվի պարտիական դպրոցը, Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումը, Ժդանովի անվան ռուսական մանկավարժական համալսարանը: Հետո տեղափոխվեցինք Երևան: Լիսիցյանի անվան 34-րդ ռուսական դպրոցի տնօրենն էի 25 տարի, 4 տարի էլ հայկական դպրոցի տնօրեն եմ եղել:

Կնոջս հետ ծանոթացել եմ 1954 թվականին Երևանում: Գնացել էի համերգ ու այնտեղ ծանթացա նրա հետ: Կինս էլ Բաքվից էր տեղափոխվել Երևան և բնակարանի խնդիր ուներ: Մենք էլ շատ կարճ ժամանակ անց արդեն ամուսնացանք: Նա երկար տարիներ աշխատել է երաժշտական դպրոցում: Երեք երեխա ունենք` 2 աղջիկ, 1 տղա և 6 թոռնիկ:

Սովետական Միության աշխատանքային վետերան եմ, ստացել եմ տարբեր մեդալներ: Կոմունիստական կուսակցության վետերան եմ, վաստակավոր ուսուցիչ ու Հայաստանի անհատական թոշակառու:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News