25 ապրիլի 2013 - 11:56 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հիշողություններ ֆրոնտից» - Մնացական Գրիգորյան. Տանկը անցավ, գնաց. աչքերս հողի տակ բացեցի
9 տարի եմ ծառայել: Պատերազմից հետո պահել են, որովհետև որ գնացի ֆրոնտ, պուճուր էի, 17 տարեկան:
Մնացական Գրիգորյան (27.12.1925թ.)-փոխգնդապետ, 245-րդ դիվիզա, 253-րդ գունդ, հակահետախուզության բաժին, նաև 254-րդ գունդ՝ վիրավորվելուց հետո:

Դեպի պատերազմ. Առաջին օրը, որ ֆրոնտում էի, գերմանացին կրակում էր, մենք՝ թաքնվում

1943 թիվն էր, որ ինձ իմ հորական տնից՝ Աբովյանից, տարան Դիլիջան: 2 ամիս մնացի այնտեղ, պատրաստվեցի, սովորեցի: Մի օր էլ մեզ ոտքով 60 կմ բերեցին մինչև Վանաձոր, Ոզի գյուղը, լցրեցին վագոններն ու քշեցին: Ուր են տանում՝ չգիտենք: 6-րդ օրը եկանք, հասանք Ուկրաինա, Յարոսլավսկի շրջան: 15 օր էլ այնտեղ մնացինք, հակատանկային, դիպուկահար զենքերից կրակել սովորեցրին ու տարան ֆրոնտ: Ինձ տվեցին հակատանկային հրացան, 16 կգ-անոց, հետո՝ 44 թվին, 20 կգ-անոց հակատանկային տվեցին: Դրանով էլ տանկ եմ խփել, Փառքի շքանշան ստացել: Առաջին օրը, որ ֆրոնտում էի, գերմանացին կրակում էր, մենք թաքնվում էինք, առաջին անգամ էր, վախենում էինք, անցավ 4-5 օր, սովորական դաձան կրակոցներն ու կրակելը:

Ռազմաճակատում. Դիմկովս զոհվեց: Ասում էր՝ պատերազմը վերջանա, զորացրվենք, մի լավ քույր ունի, ինձ է տալու

44 թվի փետրվարի վերջ-մարտին մտանք Տալսի քաղաք: Տալսիում հակառակորդի զորքի երեք գոտի կար: Առաջինում ռումինահունգարական զորքն էր, երկրորդում՝ նեմեցը, երրորդում վլասովական՝ ռուս գեներալ Վլասովի զորքը, որ դավաճանել էր, անցել նեմեցի կողմը: Այստեղ մենք 20 օր կռվեցինք ու հենց այստեղ ես վիրավորվեցի: Դրանից մի օր առաջ ընկերս՝ Բորիս Դիմկովը, զոհվեց: Ուկրաինացի էր: Ասում էր, որ պատերազմը վերջանա, զորացրվենք, մի լավ քույր ունի, ինձ էր տալու: Կռվի ժամանակ էր: Կրակը դադարեց, Դիմկովս թե՝ վերջացավ, դուրս ենք գալիս: Ասացի՝ չէ, սպասի. դիպուկահարները: Չլսեց, բարձրացավ ու տեղնուտեղը խփեցին: Արյունը շփվեց ինձ վրա: Նստեցի, լացեցի, լացեցի, ասեցի վաղն էլ ես կզոհվեմ: Ու հենց հաջորդ օրը վիրավորվեցի: Գլխիցս էի վիրավորվել ու դրա պատճառով հիմա էլ գլխարկը միշտ գլխիս է: Ու մարմնիս տարբեր հատվածներում նաև բեկորային վերքեր ունեի:

Վիրավորներն իրենք պետք է ցուցանակների միջոցով ճանապարհը գտնեին ու բուժկետ հասնեին: Ով չէր կարողանում հասնել, բուլդուզերները գալիս էին, հայ, թուրք, վրացի, հողը տալիս էին վրան, գնում: Այսպիսի գերեզմանոցներում շատերը կորան:

Հիշողություններ ռազմադաշտից. Հիշեցի իմ շանը, լացեցի, քոթոթին վերցրեցի, սիրեցի

Ամենաշատ հիշողություններս հենց այդ օրվա հետ են կապված, որովհետև ամենաշատ դեպքերն այդ օրն են պատահել: Այդ օրը միայն 2 անգամ փրկվել եմ: Գիշեր էր, ես վիրավոր քայլում էի դեպի բուժկետ: Ծարավ էի: Սիրտս վառվում էր: Ճանապարհի կողքով գետ էր գնում: Մոտեցա, կռացա, որ խմեմ, Դիմկովիս պես մի ուկրաինացի չգիտեմ որտեղից ծլեց, չթողեց, ասեց որ խմեմ, արյան շրջանառությունս կարագանա, կարյունահոսեմ, կմեռնեմ: «Ֆլակոնից» մի փոքր ջրով դեմքս թրջեց, բուժկետի ճանապարհը ցույց տվեց, ասեց՝ դե գնա:

Գնում էի, մեկ էլ տեսնեմ ճանապարհի եզրին մի շուն է սատկած, ընկած: Ձագերն էլ կողքը: Պուճուր ժամանակ շուն էի պահում: Հիշեցի իրեն, լացեցի, քոթոթին վերցրեցի, սկսեցի սիրել: Երեխի խելք: Մեկ էլ մի ձայն եկավ, ի՜նչ ձայն: Ռումբ էր: Եթե շների մոտ գնացած չլինեի, հաստատ զոհվելու էի:

Բուժկետը գտա, ինձ տեղափոխեցին ռումինական Ֆալեշտ քաղաք: Քոթոթին հետս վերցրի: Մի ամիս, տասն օր կիսատ-պռատ առողջացրին, հետո նորից ուղարկեցին ֆրոնտ:

Մահվան եզրին. Աչքերս հողի տակ բացեցի, ինձ կորցրել էի, չէի հիշում՝ ինչ է կատարվել, ուր եմ, ով եմ

Էլի Տալսի քաղաքում էր: Նեմեցն իրենց ամենաուժեղ «Տիգր» տանկով էր: Կռվի ժամանակ մեկ էլ աչքս թեքեմ, տեսնեմ դրանցից մեկը գալիս է իմ կողմը: Կրակեցի, բայց դրան ոչ մի բանով չես խփի: Արդեն հասնում էր ինձ, պառկեցի, վրայովս անցավ: Ռումինիայում ռելիեֆը լեռնային է, բախտս բերեց, փոսի մեջ էի ընել: Տանկը անցավ, գնաց: Աչքերս հողի տակ բացեցի, ինձ կորցրել էի, չէի հիշում ինչ է կատարվել, ուր եմ, ով եմ: Գիտակցությունս կորցրեցի: Այսպես չգիտեմ ինչքան ժամանակ անցավ, աչքերս բացեմ, տեսնեմ արդեն ցերեկ է, կռիվ, կրակոց չկա, չգիտեմ որտեղ եմ: Վեր կացա, շշմած վիճակով, բախտս բերեց, մերոնց կողմ գնացի: 253-րդ գնդում կռվում էի, ընկա 254-րդ գունդ: Իսկ Տալսին վերցրեցինք 44 թվի ապրիլին:

Հաղթանակին սպասելիս. Մտանք Օսվենցիմ՝ 4 սեկցիաներով ճամբար էր

45 թիվն էր, որ մտանք Օսվենցիմ: Ճամբարը քաղաքից 30 կմ հեռու էր: Այդ տարածքն արգելված գոտի էր՝ ոչ ոք ելումուտ չէր անում: Միայն գերմանացի զինվորականները: 4 սեկցիաներով ճամբար էր. մեկում՝ կանայք, երեքում՝ տղամարդիկ:

Ուսումնասիրեցինք վառարանները՝ մոտ 6 քմ տարածությամբ, վերևը փակ, էլեկտրական լարերով, մի քանի հազար վոլտի տակ: Էշալոնը գալիս էր՝ մոտ 100-200 մարդ, ասում էին՝ մտեք նկուղ, լողացեք, որ գնաք ճամբար: Նկուղը ճամբարից 50 մետր էր հեռու՝ ոչ ավել: Լցնում էին այնտեղ, գազ բաց թողնում: Այրում էին, բայց հոտը չէր տարածվում: Ինչ քիմիական նյութեր էին օգտագործում, չգիտեմ: Ճամբարում փակվածները հետո են իմացել, որ մյուսներին այրել են: Իսկ նրանց հագուստը սարերի պես կույտ-կույտ լցված էր: Կոլխոզում խոտը ոնց է դիզված լինում, այ այդպես: Այրվածների յուղը գալիս, երկու տեղ էր լցվում, նեմեցը հավաքում, ռեակտիվ ինքնաթիռների համար էր օգտագործում՝ մարդու յուղը չի սառում: Իսկ մոխիրը... ջերմոցում եղե՞լ եք, այդպես լցված էր:

Եթե մի ամիս ուշ վերջանար պատերազմը, գերմանացին ատոմն արդեն հնարել էր՝ ամբողջ աշխարհին կտիրեր: Բացակայում էր ուրանը, որը բերում էին ծովով: Դանիացի պարտիզանները խորտակեցին դա ու գերմանացին չկարողացավ ուզածն անել:

Պատերազմից հետո. Ամեն տարի թոռներս ինձ Դուբայ, Աբու Դաբի են տանում

Օսվենցիմում երկու-երեք ամիս մնացինք: Հետո շարժվեցինք դեպի Պրահա, Բուդապեշտ, արդեն 45 թիվն էր, պատերազմը վերջացավ ու մեզ ուղարկեցին նորմալ ծառայության: Մեզ տեղափոխեցին Դնեպրոպետրովսկ՝ Եկատերինա 2-րդի բերդ: Ներքին զորքերն էր: Բերեցին, կարմիր ուսադիրներ տվեցին: 4 տարի էլ այդտեղ ծառայեցի: Հիշում եմ՝ գեներալ Մակարովի տղային գողության համար դատում էին: 46 թիվն էր: Երկու ամիս դատ գնաց: Դատավորն ասեց՝ պարոն գեներալ, Ձեր տղային դատում ենք, ինչ եք ուզում: Գեներալը պատասխանեց՝ դատեք ու ամենամեծ պատիժը տվեք: Եթե այդպես չանեք, ես կնստեցնեմ ձեզ: Ասաց, թողեց ու գնաց: Գողության համար ամենածանր պատիժը չորս տարին էր, այդքան էլ տվեցին: Իսկ հիմա մեզ մոտ քեռի, հորքուրին որ բռնում են, փող են տալիս, ազատում ու վերջ:

Դնեպրոպետրովսկում հրամանատարս Կեվլինն էր: Ջհուդ էր, բայց շատ լավ մարդ էր: Երբ որ Ստալինը հրաման տվեց, որ մենք կարող ենք մեր հայրենիքներում շարունակել ծառայությունը, գնացի, դիմում գրեցի, որ ինձ էլ տեղափոխեն Հայաստան, չթողեց: Ընկերներս ասացին՝ մի լսի, Մոսկվա գրի: Գրեցի: 10 օր հետո Կեվլինի գրագիրն եկավ, ասեց՝ հրամանատարը կանչում է: Սրիկան չթողեց, որ ճամպրուկս գոնե վերցնեմ: Գնացի Կեվլինի մոտ: Գիշերվա ժամը երեքն էր: Ասաց՝ Մոսկվա՞ ես գրել, շան որդի, ասացի՝ հա: Ասաց՝ դե վեր կաց, հենց առաջին գնացքով մեկնում ես, երեք օրից պիտի Թբիլիսի հասնես: Ուտելիք, տոմս, փաստաթղթեր, ամեն ինչ տվեց, ասաց դե գնա: Գրագիրն ինձ տարավ մինչև կայարան, շան պես հսկում էր, չթողեց, որ գնամ, իրերս վերցնեմ: Սպասեց, մինչև գնացքը շարժվեց: Մեդալներս, ամեն ինչս մնաց այնտեղ: Թբիլիսիում հրամանատարս «բոյլուղ», բարի մարդ էր: Խնդրեցի՝ ինձ տեղափոխի Սևան: Այնտեղ գերմանացի ռազմագերիներ կային, ՀԷԿ-ի վրա էին աշխատում: Ուղարկեց: Սևանում հրամանատարս կապիտան էր: Հարցուփորձ արեց, իմացավ, որ մերոնք օղի են քաշում: Ռուս էր, խմող: Ես իրեն օղի էի տանում, ինքը ինձ՝ տուն ուղարկում:

9 տարի եմ ծառայել: Պատերազմից հետո պահել են, որովհետև որ գնացի ֆրոնտ, պուճուր էի, 17 տարեկան: Ու մինչև ծառայության իսկական տարիքս լրանալը ծառայել եմ: Զորացրվելուց հետո ուզում էի գնալ Լենինգրադ՝ սովորելու, բայց մերոնք չթողեցին: Ասացին՝ 9 տարի գնացել ես, հիմա նորից ես ուզում մեզ թողնես, գնաս: Չգնացի: Ներքին գործերի նախարարությունում, հետո՝ Կենտկոմում եմ աշխատել: Արդեն 17-րդ տարին է Քանաքեռ-Զեյթուն համայնքի պատերազմի, աշխատանքի, ԶՈւ և իրավապահ մարմինների վետերանների խորհրդի նախագահն եմ:

26 թոռ ու ծոռ ունեմ: Այսօրվա դրությամբ մենակ եմ ապրում: Կինս վեց տարի առաջ մահացավ: Տարին մի քանի անգամ երեխաներս, թոռներս գալիս են, կամ ինձ են իրենց մոտ կանչում: Ամեն տարի թոռներս Դուբայ, Աբու Դաբի են տանում՝ հանգստանալու:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Անի Ավետյան / PanARMENIAN News