29 ապրիլի 2013 - 21:01 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հիշողություններ ֆրոնտից». Գևորգ Աղաբաբյան. Պատերազմից հետո գտավ այն լիտվացի աղջկան, ով փրկել էր իր կյանքը
Գևորգ Աղաբաբյանը ամիսներ առաջ մահացել է: Նրա մասին նյութը պատրաստել օգնեցին հարազատները
Գևորգ Աղաբաբյան (1920-2013) - Ծնվել է 1920 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում: Սովորել և ավարտել է Երևանի N 29 միջնակարգ դպրոցը: 1939 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն ինստիտուտում սովորել է ընդամենը մի քանի ամիս: Նույն թվականին նրան զորակոչել են:

Դեպի պատերազմ. Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել

1939 թվականի նոյեմբերի 12-ին Գևորգ Աղաբաբյանը զորակոչվել է Կարմիր բանակ: Ծառայել է Մերձբալթյան 48-րդ դիվիզիայի 301 գնդի 2-րդ գումարտակում: Եղել է շարքային կապավոր: Պատերազմից հետո Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան ու հոբելյանական մեդալներ է ստացել:

1941 թվականի հունիսի 22-ին Սովետական Լիտվայի սահմանամերձ տարածքը կլանվեց պատերազմի մեջ: Մարդիկ չգիտեին՝ ինչ է կատարվում, չգիտեին հարձակում է դա, թե սադրանք: Որևէ մեկը չգիտեր՝ ինչ պիտի անի: Այն զորամասը, որտեղ ծառայում էր Գևորգ Աղաբաբյանը, անգամ բանակի շտաբից հրաման չէր ստացել: Ոչ ոք չէր ուզում հավատալ, որ պատերազմ է սկսվել: Զինվորները փրկում էին զենքը և մարտական տեխնիկան, դուրս էին բերում վիրավորներին, վիրակապում միմյանց:

Ռազմաճակատում`մահվան եզրին. Երբ բացում է աչքերը, տեսնում է՝ կողքին ծնկաչոք նստած մի շիկահեր աղջկա

Հերթական հակագրոհներից մեկի ժամանակ Գևորգ Աղաբաբյանը ծանր վիրավորվում է: Ականը պայթում է՝ վնասելով նրա ոտքը և գլուխը:

Ուշքի գալով՝ նա նկատում է, որ իրեն գերմանացիներ են մոտենում: Հավաքելով վերջին ուժերը՝ գերմանացիների ուղղությամբ վերջին նռնակն է նետում և ուժասպառ ընկնում: Գերմանացիներից մեկը մոտենում է և ավտոմատից կրակում կրծքին ու կարծելով, որ մահացել է, հեռանում է: Թե որքան է մնում անզգա վիճակում, հայտնի չէ: Երբ բացում է աչքերը, տեսնում է՝ կողքին ծնկաչոք նստած մի շիկահեր աղջկա:

Աղջիկը պատռում է շապիկը, մաքրում լերդացած արյունը, մշակում վերքերը, հետո մոտ է բերում մի կոտրված հեծանիվ, վրան շոր գցում, որ զինվորը ստվերում մնա: Հետո ասում է իր անունը և հասկացնում, որ այդտեղ մնալը վտանգավոր է. կվերադառնա երեկոյան:

Բայց խոստացածից շուտ է վերադառնում: Նա գալիս է մի կնոջ ու երեխայի հետ: Նրանք կերակրում են վիրավորին, փոխադրում են ավելի ապահով վայր ու նորից գնում:

Երեկոյան, երբ մութն ընկնում է, աղջիկը վերադառնում է երկու տղամարդու հետ: Նրանք վիրավորին դնում են ծածկոցի վրա և դաշտից տեղափոխում գյուղ: Վիրավորին տեղավորում են փակ պատուհաններով մի սենյակում՝ խոտերի վրա:

Աղջիկը խնամում է նրան, իսկ երկու օր հետո երեք այլ վիրավորներ են բերում:

Մի քանի օր անց գերմանացիներն իմանում են վիրավորների թաքստոցի մասին: Որքան էլ փորձում է լիտվացի աղջիկը համոզել գերմանացիներին, որ Գևորգը զինվոր չէ, նրան չեն հավատում:

Գերության մեջ. Շատերը մահանում էին ցրտից

Հունիսի 27-ին գերմանացիները վիրավորներին տեղափոխում են Ռասեյնյա շրջկենտրոն, հետո՝ Սովետսկայա: Այստեղ գերմանացիները ավտոկայանատեղիները դարձրել էին գերիների բուժկետ: Դրանք չէին թաքցվում, սարսափելի պայմաններ էին: Շատերը մահանում էին ցրտից:

Գևորգ Աղաբաբյանն այստեղ մնում է 1 տարի, երկու ամիս:

Դեռ չապաքինված՝ 1942-ին նրան տեղափոխում են Լա Մանշ-Պադեկալեի մոտ գտնվող Գյանզե կղզու համակենտրոնացման ճամբար: Ռազմագերիներն աշխատում են ֆերմերների մոտ: Այստեղ Գևորգ Աղաբաբյանն ապրում է 3 տարի` կյանքից բոլորովին անտեղյակ:

Հաղթանակին սպասելիս. Պատերազմն ավարտվեց բոլորի համար, բայց ոչ ռազմագերիների

Պատերազմն ավարտվեց բոլորի համար, բայց ոչ ռազմագերիների: Հաղթանակի մասին Գևորգ Աղաբաբյանն իմացավ Գյանզե կղզու համակենտրոնացման ճամբարում: 1945 թվականի մայիսին նրան մի խումբ ռազմագերիների հետ ուղարկում են Անգլիա, իսկ հունիսի սկզբին՝ Սովետական միություն, Օդեսա: Օդեսայից նրան ուղարկում են հեռավոր արևելք, քաղաք Սուջան՝ քարածխի հանքում հարկադիր աշխատանքի:

Գևորգ Աղաբաբյանն այնտեղ մնում է 7 տարի և միայն 1952-ին` 13 տարի անց, ազատվում է և վերադառնում Հայաստան:

Պատերազմից հետո. «Ստակինետիս» թերթը օգնում է գտնել շիկահեր աղջկան

1956 թվականին Գևորգն ամուսնանում է իր մանկության ընկերուհու հետ, ով այդքան տարի սպասել էր նրան: Ունենում է 2 երեխա ՝ տղա և աղջիկ:

Հայաստան վերադառնալուց հետո նա երկար տարիներ որոնում է իր կյանքը փրկած լիտվացի աղջկան: Այդ հարցում նրան օգնում է Ռասեյնյայի շրջանային «Ստակինետիս» թերթը: Նրանք գտնում են շիկահեր Պետրե Տոտիլեին և Գևորգը կնոջ հետ մեկնում է Լիտվա: Նա հյուրընկալվում Է Պետրեին, հանդիպում այն տղամարդկանց, ովքեր ծածկոցով իրեն դաշտից գյուղ էին տեղափոխել:

Գևորգ Աղաբաբյանի մասին գրում են Լիտվայի «Սովետսկայա Լիտվա», «Կաունո Տիեսա» թերթերը: Հետագայում Կաունասի պատմության պետական թանգարանը դիմում է նրան՝ խնդրելով ուղարկել հուշեր, լուսանկարներ և փաստաթղթեր թանգարանում ցուցադրելու համար:

Գևորգ Աղաբաբյանը Հայաստան վերադառնալու առաջին իսկ տարում աշխատանքի է անցնում Երևանի Մետաքսի գործարանում: Սկզբում աշխատում է որպես ենթավարպետ, այնուհետև 1961 թվականից աշխատանքի է անցնում նորարարական բաժնում՝ աշխատելով որպես ավագ ինժեներ: Անդրադառնալով նրա կենսագրությանն ու աշխատանքային գործունեությանը, «Մետաքսագործ» թերթը գրում է, որ Գևորգ Աղաբաբյանը 40 տարվա ընթացքում հանդես է եկել 80-ից ավել առաջարկներով, որոնց ներդրումից կոմբինատը ստացել է շուրջ 200 հազար ռուբլու օգուտ:

Պատերազմի ժամանակ մահից հրաշքով փրկված զինվորը այդքան տարվա ընթացքում անգամ հաշմանադամության կարգ չի ունեցել: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է ճանաչվել միայն 1995 թվականին: Գևորգ Աղաբաբյանը մահացել է ամիսներ առաջ` փետրվարի 27-ին` 93 տարեկան հասակում:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News