3 մայիսի 2013 - 18:53 AMT
ՀՈԴՎԱԾ
«Հիշողություններ ֆրոնտից». Կորյուն Հարությունյան. Մարշալ Բաղրամյանի առաջին Մերձբալթյանում էի, միշտ առաջին գծում
Գնացքում իմացա պատերազմի սկզբի մասին, գնացքում էլ ստացանք հաղթանակի լուրը
Կորյուն Հարությունյան (1925)- Պատերազմ է գնացել կամավոր՝ 17 տարեկանում: Պատերազմից հետո լրացել է բանակ զորակոչվելու տարիքը, պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո միայն՝ 1950-ին զորացրվել է: «Մեդալներ շատ եմ ստացել՝Փառքի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, Մարտական ծառայությունների համար մեդալ, Հաղթանակի համար մեդալ, Բաղրամյանի անվան մեդալ և այլն»- պատմում է նա: Լեյտենանտ Կորյուն Հարությունյանի Փառքի շքանշանը Լենինգրադում գողացել են, միայն փաստաթուղթն է մնացել: Կորյուն Հարությունյանը հետախույզ է:

Դեպի պատերազմ. 16 տարեկան էի, գնացի զինկոմ. Չտարան. «Լակոտ, գնա մի քիչ կաթ կեր, կմեծանաս, հետո կտանենք»

1941 թվականին ես 16 տարեկան էի: Գերազանց գնահատականներով ավարտեցի դպրոցը: Գնացքով Կիրովականից եկա Երևան` ուսումս շարունակելու: Հետ դառնալու ճանապարհին գնացքում իմացա պատերազմի սկիզբը: Մեր դասարանում ամենափոքրն էի, իմ ընկերներն ինձնից մեկ-երկու տարով մեծ էին: Պատերազմը սկսվելուն պես զորակոչը սկսվեց, իմ ընկերներին կանչում էին բանակ: Ես էլ տեսա` չէ, շրջապատս փոքրանում է, առանց տանեցիներին ասելու գնացի զինկոմիսարիատ, ասացի` ինձ էլ տարեք: «Լակոտ, գնա մի քիչ կաթ կեր, կմեծանաս, հետո կտանենք»,- պատասխանեցին ու հետ ճանապարհեցին:

Ես չհանձնվեցի: Մասնակցեցի համընդհանուր ռազմական ուսուցումներին, տիրապետեցի այն ժամանակ օգտագործվող բոլոր զենքերին: Արդեն նախապատրաստվում էի, որ պիտի գնամ բանակ: Հաջորդ տարի` արդեն 42 թվականին, էլի տանը ոչինչ չասելով, գնացի զինկոմ: Ասացին` դե լավ, արի, արի դու էլ գնա:

Մորս չթողեցի, որ գա ճանապարհի, ասացի՝ թե գաս նամակ չեմ գրի: Քույրերս պատմում էին, որ շատ է լացել, իսկ ես չէի ուզում, որ կայարանում գար, լաց լիներ:

Ինձ նախ տարան Վրաստան` Լագոդեխի` սնայպերական դպրոց: Այս դպրոցն էլ գերազանց ավարտեցի: Այստեղից նոր` 43 թվականի ամռանն ինձ տարան ռազմաճակատ:

Ռազմաճակատում. Վիտեբսկի մատույցներում ես վիրավորվեցի ոտքից

Մասնակցեցի Օրլով-Կուրսկ- Լուգա մարտերին: Այն ժամանակ ռազմաճակատը ղեկավարում էր Մարշալ Հովհաննես Բաղրամյանը, կոչվում էր առաջին Մերձբալթյան ռազմաճակատ: Ես միշտ առաջին գծում էի, հասել եմ Բրյանսկ, Չիչերինսկայա, Յարոսլավլ մինչև բելառուսական քաղաքներ: Գնում էինք դեպի Վիտեբսկ: 43-ի դեկտեմբերն էր, Վիտեբսկի մատույցներում ես վիրավորվեցի ոտքից: Դրանցի հետո էլ հայի չեմ տեսել: Այտեղից ինձ ուղարկեցին հոսպիտալ, ամիս ու կես տևեց իմ բացակայությունը ռազմաճակատից: Հետ եկա և արդեն ուրիշ ռազմաճակում էի` երկրորդ Մերձբալթյանում, որը ղեկավարում էր Երյոմենկոն: Այս ռազմաճակատում էլ միշտ մարտեր էինք վարում: Ես թիկունքում գրեթե չեմ եղել: Առաջ էինք շարժվում: Բայց երեք ամիս հետո նորից վիրավորվեցի: Այս անգամ` ուսից: Ինձ դրանից հետո տեղափոխեցին Երրորդ Բելառուսական ռազմաճակատ: Մենք արդեն անցանք Մերձբալթյան երկրները և հասանք Արևելյան Պրուսիա:

Հիշողություններ ռազմադաշտից. Ես երբեք չեմ տեսել, որ մեր զինվորներից մեկը հետ փախչի

Մի ընկերս իմ աչքի առաջ զոհվեց՝ Արտուշը:

Մի ընկեր էլ ունեի, ուկրաինացի էր՝ Յաչենկո ազգանունով: Տիլզիտ քաղաքում գերի էինք վերցրել երեք հոգու, նրանց հավաքեց, բարձրացրեց շենքի գլուխ ու ցած գլորեց: Ասեցի՝ չե՞ս ամաչում, ինչո՞ւ արեցիր: Ասեց՝ գիտես իրենք իմ ամբողջ ընտանիքին… Պատերազմ է, թշնամուդ խփում ես… խաղաղ ժամանակ հաստատ չես խփի:

Մի անգամ գետանցումը կազմակերպելուց և կատարելուց հետո ինձ հրամանատարը կանչեց, ես մի քիչ ինձ վատ զգացի, մտածեցի՝ կարո՞ղ է վատ եմ կատարել առաջադրանքը: Կանչեց, պատիվ առավ ու՝ «տասը օր արձակուրդ»:

Պատերազմում մի կարևոր բան էլ կար: Ես երբեք չեմ տեսել, որ մեր զինվորներից մեկը հետ փախչի: Դժվար պայմաններ են եղել՝ ձեռնամարտ, կրակոցներ, բայց փախչել չկար:

Մեդալներ շատ եմ ստացել՝ Հայրենական պատերազմի շքանշան, Մարտական ծառայությունների համար մեդալ, Հաղթանակի համար մեդալ, Բաղրամյանի անվան մեդալ, Փառքի շքանշան, որը, սակայն, Լենինգրադում գողացան, միայն փաստաթուղթն է մնացել:

Մահվան եզրին. Կրակ էինք բացում, թշնամին կրակում էր մեզ վրա, մեր ընկերները հետևում իրենց գործն էին անում

1945 թվականի հունվարի 12-ին հայտարարվեց ընդհանուր հարձակում հյուսիսից հարավ: Մենք Նեման գետի ափին էինք: Գետն անցանք, Տիլզիտ քաղաքի մոտակայքում էինք: Ազատագրեցինք քաղաքը: Շարժվում էինք առաջ` տարբեր բնակավայրեր ազատագրելով: Հասանք մինչև Կենիգսբերգ: Պատերազմի ժամանակ, երբ գետանցումներ էինք կազմակերպում, ես աչքի էի ընկել հետախուզության հարցերում: Այդտեղ հատուկ գումարտակ կար, ինձ նշանակեցին դրա հրամանատար: Հետախուզությունն այսպես էր կատարվում` հայտնաբերել թշնամու կրակակետերը, միջոցներ ձեռնարկել դրանք ոչնչացնելու համար, և վերջում «լեզու» բերել` մարդ, ում կարելի էր հարցաքննել և իմանալ հակառակորդի ծրագրերի մասին: Դա ուղեկցվում էր մի շարք վտանգավոր գործերով: Երբ դու անցնում ես արդեն թշնամու թիկունք, և մինչ այդ էլ, պետք է նախապատրաստվես, ուղիներ ստեղծես, որպեսզի կարողանաս անցնել: Իսկ ուղիները փակված են փշալարային արգելափակոցներով, ականապատված են: Պետք է ականազերծես, նոր անցնես: Եթե դու էլ չես անցնում, հատուկ մարդկանց հրաման էր տրվում, որ պիտի գնան «լեզու» բերեն, դու պիտի թշնամու ուշադրությունը շեղես: Մենք մի քիչ առաջ էինք անցնում, կրակ էինք բացում, նրանք սկսում էին կրակել մեզ վրա, իսկ մեր ընկերները արդյունքում իրենց գործն էին անում: Հետո գործը արած- վերջացրած, «լեզուն» հետները գալիս էին, մենք դադարեցնում էինք կրակը և հետ էինք քաշվում: Նման դեպքեր հաճախ էին լինում:

Հաղթանակին սպասելիս. Գնացքում իմացա պատերազմի սկզբի մասին, գնացքում էլ ստացանք հաղթանակի լուրը

Ինձ համար պատերազմը մի քիչ շուտ վերջացավ: Ինձ ուղարկեցին Լենինգրադի Ռազմաինժիներական ուսումնարան, որպեսզի պատրաստեն սպայական կազմը համալրելու համար: Գնացքի մեջ իմացանք հաղթանակի մասին: Մեծ ուրախություն էր, բայց գնացքում չէինք կարող նշել: Հասանք Լենինգրադ, այ այնտեղ նշեցինք: Այդտեղ ես չցանկացա սովորել: Ինձ առաջարկներ արեցին, որ ամեն ինչ կստեղծենք, բնակարան կտանք, եթե ուզում եք ռուս աղջկա հետ կամուսնացնենք: Ես հրաժարվեցի, ասեցի չեմ ուզում, պիտի ուսումս շարունակեմ, մասնագիտություն ձեռք բերեմ: Բայց ինձ այդտեղ պահեցին, չզորացրեցին: Բանակ զորակոչվելու տարիքս էր լրացել, այն ժամանակ էլ ծառայությունը հինգ տարով էր: Ես դե շուտ կամավոր գնացել էի: Տասը օրով թողեցին, եկա տուն, ծնողներիս տեսա ու էլի վերադարձա ծառայության՝ այս անգամ պարտադիր ծառայության: Զորացրվեցի 50 թվականին, երբ արդեն հինգ տարի է, ինչ պատերազմն ավարտվել էր: Լենինգրադի մարզի մոտակա տարածքների ականազերծման աշխատանքներ էինք կատարում: Շատ վտանգավոր էր, իմ ներկայությամբ մի քանի ընկերներս զոհվեցին: Այնպիսի ականներ կային, որոնք մինչև չուսումնասիրես, չիմանաս ինչ են… վտանգավոր հանգույցներ ունեին, հատուկ ականազերծողների համար, որ սխալվեին ու… այդպես էլ եղավ: Նույնիսկ եթե հակատանկային նռնակը գցած էր, պիտի ձեռք չտայիր, որովհետև արդեն մարտական պատրաստության վիճակում էր, ձեռք տայիր կպայթեր: Այդ պատճառով էլ մի զոհ ունեցանք, իմ շատ մոտիկ ընկերներից մեկը: Ինքը ինձ շատ էր սիրում, ինձ հոգ էր տանում բանակում:

Պատերազմից հետո. Հե՜յ, պարոններ ականջ արեք թափառական աշուղիս

Եկա ու էլի գնացի Երևան: Ուզում էի Պոլիտեխնիկ ընդունվել, բայց ամենաշատը ատում էի, երբ մարդիկ հայհոյում են, իսկ տղաները շատ էին հայհոյում: Գնացի Մոսկվա, Գունավոր մետալուգիայի և ոսկու իստիտուտ ընդունվեցի: Քննությունները լավ հանձնեցի, դպրոցում լավ էի սովորել, գիտեի, դժվարություն չկար: Բայց գրականությունից մի հեղինակի գործի մասին պետք է պատասխանեի, ես դրան ծանոթ չէի: Ասացի՝ չեղավ, ես որ չհանձնեմ, չեմ ընդունվի: Ի՞նչ արեցի: Գնացի սկսեցի Թումանյանի «Թմբկաբերի առումը» արտասանել. «Հե՜յ, պարոններ ականջ արեք թափառական աշուղիս…»: Զարմացան, ասում են՝ սա ի՞նչ է: Ասում եմ՝ բա որ դուք Թումանյանին չգիտեք, ինչու ես պետք է ձեր գրողին իմանամ: Նշանակեցին:

Ուսումս ավարտելուց հետո ամուսնացա: Նրան առաջին անգամ ծառայության տարիներին տեսա: Արձակուրդ էի եկել: Շատ սիրուն էր, երկար մազեր ուներ: Սիրահարվեցի, մենակ գնացի իրենց տուն, ասացի՝ ես եկել եմ ձեր աղջկա ձեռքը խնդրելու: Ասացին՝ բա ինչո՞ւ ես մենակ, ծնողներդ ո՞ւր են: «Ես մեծ մարդ եմ»,- պատասխանեցի: Ապագա կինս ինձ սպասեց, մինչև ծառայեցի, հետ եկա:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Մարի Թարյան / PanARMENIAN News