
Ավտոմատը հենած ուսիդ, ձախ աչքդ փակ, աջ աչքիդ առաջ նշանոցի կիսաշրջանն է, կիսաշրջանի մեջ՝ հակառակորդի խրամատը: Դիրքում կանգնած զինվորի ամբողջ հայրենասիրությունը, մտածմունքները, Արցախի հանդեպ սերն ու սպասումները աշխարհին նայում են ինքնաձիգի այս փոքրիկ կիսաշրջանից: Այդ պահին նա ամբողջ հոգով թքած ունի, թե աշխարհի որ պետությունը կամ ԱՄՆ որ նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը: Արցախի հարցի միակ լուծումը տրվել է ուղիղ քսան տարի առաջ, այդ լուծումը հիմա պինդ սեղմված է ուսիս ու դրված ապահովիչի վրա: Ձգանը միշտ պատրաստ է մի քանի սանտիմետր հետ գնալու և թուրքին հիշեցնելու, որ Արցախի չլուծված հարց հայ զինվորի համար պարզապես չկա. խրամատից հետ՝ միգուցե, դիվանագիտական սեղաններին՝ հնարավոր է, սառը խրամատում՝ երբեք:
Տասնչորս խրամատային օրերից հետո իջնում եմ դիրքերից ու երկու շաբաթ լուրերին հետևած ընկերներիս քմծիծաղով հարցնում. «Հն, հարցում փոփոխություն չի՞ եղել»:
…օրը ծանր էր: Զբոսանքից հետո անվանականչն է:
-Վաշտ, հավսա՜ր, զգա՜ստ: Լսիր երեկոյան անվանականչ: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ղուլյանն ընկավ հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում: Վարդանյան, Աբովյան, Պետրոսյան…
Արցախի Պաշտպանության բանակի շատ վաշտերի ցուցակներում կան հավերժ մտցված անուններ: Երկու տարի ամեն երեկո քնելուց առաջ վաշտի տղերքի ու քո սեփական անուն-ազգանունը լսելուց առաջ լսում ես նրա անունը: Ղուլյան Աշոտ Հմայակի: Ու հետո միայն քոնը: Ամսաթվերի տակ փոքրիկ վանդակներ են, յուրաքանչյուրի անվան դիմաց բազմաթիվ նշումներ կան. Ա-արձակուրդ, Հ-հոսպիտալ, Վ-վերակարգ…
-Ստեփանյան:
-Ե՛ս եմ:
Ներկա: Աշոտի անվան դիմաց ոչ մի նշան չկա: Նա վաշտում է արդեն քսան տարի, անբացակա ամենաերկար ծառայությունը Պաշտպանության բանակում, ամեն երեկո՝ շարքում:
Պառկում եմ քնելու, երկու շաբաթ մեջքս մահճակալ չի «տեսել», ցանկանում եմ խորը քնել, բայց չէ, չի ստացվում: Պաշտպանության բանակը երբեք խորը քնով չի անցնում, լինես շարքային զինվոր, թե բանակի հրամանատար. Համազգեստդ խնամքով ծալված, դրված է մահճակալիդ շատ մոտ: