11 հունիսի 2013 - 18:35 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Նորակոչիկը` կենտրոնական հավաքակայանում. Բանակի մասին ամեն ինչ լսել եմ` լավն էլ, վատն էլ
ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը տեղեկացրեց, որ այս պահին ռազմական ոստիկանությունում, ԱԱԾ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է այսպես ասած «գործեր դասավորելու» 2 դեպք
2013թ. գարնանային զորակոչ. հարյուրավոր ծնողներ այս պահին անհանգիստ մտածում են, թե ինչ է կատարվում հանրապետական կենտրոնական հավաքակայանի պատերից ներս: Իսկ այնտեղ զրուցարաններում, ծառերի տակ ու ամեն հով անկյունում նորակոչիկների խմբեր են հավաքված, կատակում են, ծիծաղում: Մի մասն էլ բժշկական հետազոտություն է անցնում:

Տղաների մազերը կարճ կտրած են, ամեն մեկի կողքին մի տոպրակ: «Իմ տոպրակի մեջ ու հիմնականում բոլորի տոպրակներում «գրիլ» էր, բայց իմն արդեն չկա, միայն հիգիենայի պարագաներն են մնացել»,- պատմեց Գևորգ Պետրոսյանը: Նա երևանից է, Տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) ավարտել է մի քանի օր առաջ, իսկ մի քանի ժամից զորամասում կլինի:

«Բանակի մասին ամեն ինչ լսել եմ, ինչ ասեք` լավն էլ, վատն էլ: Բայց ամեն ինչ կոնկրետ մարդուց է կախված: Ինչքան էլ ընդհանրացվի, բոլորս տարբեր ենք ու բացի այդ` որտե՞ղ խնդիրներ չեն լինում: Համալսարանում, դպրոցում, փողոցում` տղան միշտ էլ ընկնում ա կռվի մեջ: Նման իրավիճակում քեզ պետք է խելացի պահես, հավասարակշռված, ոչ թե տաքարյուն: Ավելի շատ ուղեղով է պետք շարժվել»,- ասաց Գևորգը, իսկ կողքին նստած ընկերներն ուշադիր լսում էին` գլխի շարժումով համաձայնելով:

Գևորգը սիրած աղջիկ ունի, ու նրան ասելու բան.«Կիմաս գիտի, որ ես իրեն շատ եմ սիրում: Համբերիր, սպասիր: Ես որ գնում եմ ծառայեմ, ողջ-առողջ հետ գամ, նաև քեզ համար եմ գնում: Սիրում եմ քեզ, սպասիր, մինչև գամ, հասնեմ տուն, ու քեզ»:

Մեր նորակոչիկը բժշկական հետազոտություններն անցել է: Առողջ է: Սպասում է ընկերներին: Իսկ մինչ այդ ԶՈւ գլխավոր թերապևտ, գնդապետ Գայանե Ղուկասյանը բացատրեց, որ հանրապետական կենտրոնական հավաքակայանում զորակոչիկներն անցնում են կրծքավանդակի օրգանների ֆլյուրագրաֆիկ հետազոտություն և կանխարգելիչ պատվաստումներ են կատարվում: «Այդ ամբողջ ընթացքում զորակոչիկները գտնվում են բժշկական անընդհատ, դինամիկ հսկողության տակ: Այդ ընթացքում մենք առանձնացնում ենք նրանց, ովքեր ունենում են առողջական վիճակից շեղումներ, հակացուցումներ կոնկրետ պատվաստումների համար: Նրանց վերաբերյալ հետագայում ընդունվում են հատուկ որոշումներ»:

Այսօր մոտ 70 զինակոչիկ է բժշկական հետազոտությունն արդեն անցել ու պատվաստվել, ևս 120-ը` դեռ կանցնի ու կպատվաստվի: Իսկ քանի որ պատվաստումների հարցը վերջին դեպքերի արդյունքում ուշադրության կենտրոնում է, բժիշկը մանրամասնեց. «Հետազոտումը և բժշկական վերահսկողությունն իրականացվում են նախքան պատվաստումը, ընթացքում և հետպատվաստումային փուլում: Դա տևում է մոտ 3 ժամ: Պատվաստանյութերը միջազգայնորեն հաստատված են, լիցենզավորված և իրենց ուղեկցող փաստաթղերում նշված է, որ հետպատվաստումային ջերմային ռեակցիան հնարավոր է, որը կարճ ժամանակում անցնում է: Նորակոչիկների պատվաստանյութերի անձնագրերում կան բոլոր տեղեկությունները»:

Այսօր նորակոչիկներից ոչ մեկը դեռ սիմուլյացիայի չի դիմել, բայց.«Իհարկե լինում է, սիմուլյացիա, պրովոկացիա, բայց մենք փորձում ենք օբյեկտիվացնել: Բազմաթիվ եղանակներ կան` փաստաթղթեր, բժշկական ստուգումներ»:

ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին ռազմական ոստիկանությունում, ԱԱԾ օպերատիվ աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է այսպես ասած «գործեր դասավորելու» 2 դեպք, ևս մի քանիսի մասին տեղեկությունները ճշտվում են: «Քննություն է իրականացվում, նման քայլի գնացած պաշտոնյաներն ազատվելու են զբաղեցրած պաշտոններից, իսկ այլ պատիժ կստանան, թե` ոչ, կորոշվի իրավապահ մարմինների քննության արդյունքում: Իրավիճակից հիմնականում փորձում են օգտվել քաղաքացիականները, բայց նաև զինվորական կոմիսարիատներում կան նման աշխատակիցներ»,- ասաց գեներալը:

Հավաքակայանից դուրս ծնողները նախորդ տարիների համեմատ քիչ էին: Մոտ մեկ տասնյակ: Էդգար Ծատուրյանը 1-ին թոռանն էր բանակ ճանապարհում.«Համաձայն եմ, թող Սարոս Ղարաբաղում ծառայի, միայն թե խաղաղություն լինի, անփորձանք վերադառնան, գան, հասնեն իրենց ծնողներին»:

Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo, Անի Ավետյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ