17 հունիսի 2013 - 14:49 AMT
ՀՈԴՎԱԾ
Երկու օր Յուրի Շևչուկի հետ. Խորովածից, Էջմիածնից ու հայկական ավանդական հարցերից բացի…
Շևչուկը համերգի ժամանակ խնդրեց պահպանել Թեղուտը
Ռուսական ռոքի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Երևանում էր: ДДТ խմբի անփոխարինելի լիդերը լրագրողների հետ շփվեց մի քանի անգամ: Յուրի Շևչուկը ասուլիսին երկար խոսեց, կիսվեց իր մտորումներով, ասաց, որ նախապես խնդրել է քաղաքականությունից հարցեր չտալ: Ասաց, որ Հայաստանը հրաշալի երկիր է, հայ երաժիշտները տաղանդավոր են, համերգի ժամանակ խնդրեց պահպանել Թեղուտը, ասաց, որ պատրաստ է երգել Արցախում: Պատմեց, որ Էջմիածին է գնացել, խորոված կերել և այլն, և այլն…

Հանրահայտ արվեստագետներից քո երկրի ու հայրենակիցների մասին գովեստի խոսքեր լսելը միշտ հաճելի է: Հաճելի է իմանալ, որ նրանք ծանոթ են Հայաստանի պատմությանը, որ գիշերային Երևանը ցնցել է նրանց, բայց… Երբեմն ավելի հաճելի է պարզապես լսել նրանց մտորումները, հիշողությունները, կանխատեսումները: Մոռանալ, որ պետք է խորովածի ու մնացածի մասին հարցեր տալ ու պարզապես լսել այն, ինչ նա խոսում է: Այս դեպքում` երաժիշտ, պոետ, նկարիչ Յուրի Շևչուկը:

Մարդը, վայրը

Ես կուզեի լսել ձեր ոչ սովորական ռոքը, որը ծնվում է այս ոչ սովորական վայրում: Գիտեք տեղը, վայրը շատ խիստ անդրադառնում է ամեն ինչի ու նաև մարդու վրա: Թեև կոսմոպոլիտները ինձ հաճախ են հարցնում՝ « իսկ դու, Յուրա, ինչո՞ւ ես Ռուսատանում ապրում»: Նույն այդ կապույտ երկինքը Կանադայում, Ամերիկայում է: Ես ասում եմ` այո, իհարկե, Կանադայում էլ, Եվրոպայում էլ ծառերը, թփերը նույնն են, բայց Ռուսաստանում ուրիշ են, իմ ծառերն ու թփերն այնտեղ խոսում են:

Ռոքը

Ռոքը ջազի պես է դարձել հիմա: Ռոք լսում է առաջադեմ երիտասարդությունը, որը հասկանում է այդ մշակույթը: Դրա հետ մեկտեղ մի հսկայական մասսա «փոփսա» է լսում: Ես Լոնդոնում տաքսի նստեցի, ռադիոյի բոլոր ալիքները փոխեցինք` միայն դա էր: ԱՄՆ-ում էլ է այդպես. քիչ ռադիոալիքներ կան, որ լավ երաժշտություն են հեռարձակում, սա գլոբալ երևույթ է` ճաշակի միջակությունը: Միանման մեքենաներ, միանման երաժշտություն, միանման հագուստ: Բայց սա էլ է նորմալ, սա մարդկությունն է: Լավ է, որ ռոքը դեռ պահում է էներգիան և մասսային: Ես հիանալի գիտեմ՝ ինչով եմ զբաղվում. հանրային մշակույթով: Ռոքի միջոցով մենք փորձում ենք մարդուն այն բարձունքին հասցնել, որը պատկերացնում ենք: Գիտեք` քննարկման առարկան է տարբեր ռոքում և փոփում: Փոփում մի հարց կա՝ քնել, թե չքնել, իսկ այ ռոքը բոլորովին այլ հարց է տալիս՝ լինել, թե չլինել: 80-ականներին ի՞նչ էր կատարվում. ռոք շարժում: Այն ժամանակ ռոքը հենց այդ հարցն էլ տալիս էր՝ լինել, թե չլինել:

Թեև քաղաքականության մասին հարցեր պիտի չլինեին, բայց…

Ցանկացած քաղացի իրավունք ունի իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելու ու հետևելու, թե այն մարդիկ, ում ինքն ընտրել է (ես դրանց մենեջերներ եմ ասում), ուր են տանում իր երկիրը: Ես քաղաքական գործիչ չեմ կարող լինել, դա լուրջ աշխատանք է` պետք է տարատեսակ հոդվածներ, մենագրություններ գրել, ինչպես Լենինը: Բայց քաղաքականությամբ ցանկացած քաղաքացի պետք է հետաքրքրվի: Այն ասացվածքը շատ եմ սիրում քաղաքականության մասին, որ եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, այն կզբաղվի քեզնով:

Քաղաքականությամբ զբաղվել ոչ բոլորը կարող են: Դա նաև լուրջ պատասխանատվություն է: Լինել քաղաքական գործիչ նշանակում է, որ մի օր էլ հայրենակցիդ կարող ես դեպի մահ ուղարկել: Ես երբեք գեներալ ու ադմիրալ չեմ լինի, մարդուն մահվան ուղարկելու ուժ չունեմ:

Այն պահից, ինչ ինձ վռնդեցին կոմսոմոլից, ընդդիմադիր եմ: Բնական է, որ ստեղծագործող մարդը ընդդիմադիր է: Բայց պետք չէ դա էլ միանշանակ ընկալել: Կարող է և այդպես չլինել: Պարզապես, գիտեք, քաղաքական գործիչների համար մարդիկ սովորական մարդիկ են, իսկ ինձ համար յուրաքանչյուր մարդն անհատականություն է: Հիմա Ռուսաստանում ու, կարծում եմ, Հայաստանում ևս, հնի ու նորի պայքար է: Նաև քաղաքականության մեջ: Պայքար է ամենուր: Իշխանության պետք չեն ազատ քաղաքացիներ, որովհետև պետք է համոզել, ապացուցել նրանց ամեն բան. այն, թե ուր ես տանում երկիրը, ինչ ես անում: Ու այսպես ամեն ինչ պայքարի է վերածվում, հնի ու նորի, անցյալի ու ապագայի: Ռուսաստանում ապրելու համար պետք է խելահեղ լավատես լինել: Ուղղակի պետք է ժպտալ ու ասել` «բայց ախր կյանքը հիասքանչ է»:

Խորհրդային միություն

Պետք չէ այդպես միանշանակ ժխտել կամ հաստատել ամեն բան, ասել, որ ամեն ինչ լավ էր, կամ ամեն ինչ վատ էր: Շատ լավ բաներ կային` հարաբերություններ, որ անփոխարինելի են: Մեր բակում գիտե՞ք ոնց էր. ասենք, եթե տղաներից մեկի մոտ ծխախոտ տեսնեին, բակի մեծերից ցանկացածը նրան ծնողի իրավունքով կարող էր պատժել, բարկանալ կամ ամբողջ բակը կհավաքվեր ու կդաստիարակեր նրան: Հրաշալի մարդկային հարաբերություններ էին:

Հիշում եմ մեր բակի Պաշա մորաքրոջը, ով ամբողջ բակի երեխաների համար կարկանդակ էր պատրաստում, հիշում եմ նրա սերը մեր հանդեպ… սեր կար, հարաբերություններ, որ հիմա շատ են պակասում: Քայլում ես փողոցով ու եթե անծանոթ մեկին ժպտաս, նա հաստատ կզգուշանա:

Ճշմարտություն, ազատություն

Ճիշտը վայրկենական է. մի բան, որ անընդհատ շարժման մեջ է, և որպեսզի տեսնեք ճշմարտությունը, պետք է անընդհատ լարեք զգայարանները: Դուք կտեսնեք, ու այն անմիջապես կանհետանա, բայց կմնա ճանապարը, որը լուսավորում է ճշմարտությունը:

Մենք անընդհատ դոգմաների, կլիշեների հետևից ենք ընկնում, օգտագործում դրանք. մի փոքր ենք ընդամենն ապրել, բայց մեզ թվում է` ամեն ինչ գիտենք:

Իսկ ազատությունն անազատ մի բան է: Կար ժամանակ, որ մեզ թվաց՝ վերջ, եկավ այն, բոլորս ազատ ենք, հիմա երկնքից մանանա կթափվի, անվճար հաց, ուտելիք… Տվեցին այդ հացը, բայց թակարդներով:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News