26 օգոստոսի 2013 - 12:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Սեպտեմբերի 1-ն այս տարի ծնողների համար 70 000 դրամ կարժենա
Վերջին տարիներին պարտադիր են դարձել լանչ-բոքսը (որն օգտագործվում է նախաճաշի համար) և ջրի հատուկ շիշը, որի արժեքը 3000-5000 դրամ է
«Դպրոցական» իրարանցումն արդեն նկատելի է մայրաքաղաքի բոլոր խանութներում. ծնողները շտապում են սեպտեմբերի 1-ի առթիվ հանդերձավորել իրենց երեխաներին: Առևտրի կետերն էլ իրենց հերթին փորձել են ժամանակին նորացնել իրենց տեսականին համապատասխան հավաքածուներով: Հատկանշական է, որ այս տարի Երևանի հագուստի խանութներից շատերում միջինը 20 տոկոս զեղչ է հայտարարված, ինչը չի կարող չուրախացնել ծնողներին: Եվ նույնիսկ այդ դեպքում գները այդ առևտրի տներում բավականին բարձր են, ուստի ծնողներից շատերը ստիպված են իրենց դպրոցական երեխաների համար անհրաժեշտ ապրանքները ձեռք բերել ավելի էժան խանութներից կամ էլ տոնավաճառներից:

Պարզելու համար, թե ծնողների համար որքան կարժենան կրտսեր և միջին դասարանների աշակերտներին դպրոցի համար նախապատրաստելը, PanARMENIAN.Net ի թղթակցի կողմից անցկացվել է հարցում, որի արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն միջինը կնվազի 70 000 դրամով, ինչն ավել է անցած տարվա սեպտեմբերյան ծախսերից 10 000 դրամով:

Սկզբից խոսենք այս ոլորտում տիրող միտումների մասին: Որպես կանոն, ժամանակակից երեխան պահանջկոտ է և ոչ մի կերպ չի ցանկանում ետ մնալ իր համադասարանցիներից 10 000-30 000 դրամ արժողությամբ սիրելի հերոսների նկարներով դպրոցական պայուսակի ընտրության հարցում (կարելի է ձեռք բերել նաև 5000 դրամով, բայց շղթան երկրորդ օրը փչանում է): Այս տարիքի տղաների համար Spiderman հերոսից բացի նախընտելի են նաև սիրված ֆուտբոլային թիմերի պատկերները` Manchester United կամ Barcelona, իսկ աղջիկների համար նախկինի նման սիրելի են մնում Winx-ի փերիները, Hello Kitty-ն, Barby-ն: Հարցումը ցույց է տվել, որ ծնողների մեծամասնությունը թեև փորձում են հակազդել մանկական կուռքերի տարածմանը, վախենալով փոքր տարիքում ֆանատիզմի զարգացումից, այնուամենայնիվ, մեծամասամբ զիջում են իրենց երեխաներին:

Վերջին տարիներին պարտադիր են դարձել լանչ-բոքսը (որն օգտագործվում է նախաճաշի համար) և ջրի հատուկ շիշը, որի արժեքը 3000-5000 դրամ է:

Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ և այլ մանրուքներ: Սակայն որոշ ծնողներ, համախմբվելով և ընդունելով դպրոցի առաջարկը նույն պատկերով տետրեր և օրագրեր օգտագործելու մասին (այս դեպքում, ճիշտ է, դպրոցն իր բիզնեսն է անում), գտել են ելքը: 12-էջանոց տետրը կարելի է ձեռք բերել 60 դրամով (մոտ 15 հատ): Պահանջվում են նաև ընդհանուր տետրեր, որոնց արժեքը 150 դրամ է (40 էջ) և 350 դրամ (96 հատ), իսկ դրանցից նույնպես քիչ չի պահանջվում: Պետք է ձեռք բերել գրքերի կազմեր (1 հատը 150 դրամ), ինչպես նաև տետրերի կազմեր (1 հատը 20 դրամ): Անհրաժեշտ է վճարել գրքերի համար, որոնցով երեխաները պետք է սովորեն` շուրջ 10 գիրք 6000 դրամ ընդհանուր գումարով:

Գրենական պիտույքները, որոնց գները սեզոնային գործոնից ելնելով բարձրացել են, կարժենան` գրչատուփ` մինչև 1500 դրամ, օրագիր` 700 դրամ, տարբեր գրիչների հավաքածու` 850 դրամ, մատիտներ` 1000 դրամ, քանոններ և ռետիններ` 500 դրամ, մկրատ` 500 դրամ, գունավոր թղթեր` 200 դրամ, պլաստիլին` 650 դրամ:

Դպրոցականներին նոր շորեր հագցնելու համար պետք է գնել ձյունաճերմակ վերնաշապիկ կամ բլուզ 5000-8000 դրամով, տաբատ կամ կիսաշրջազգեստ` մինչև 10 000 դրամ: Շարունակենք հագցնել դպրոցականին. կոշիկ` 8000-10000 դրամ, գուլպաներ և ներքնազգեստ` շուրջ 7000 դրամ:

Վերջապես, ինչ սեպտեմբերի 1 առանց ծաղկեփնջի և շնորհավորանքների: Բայց այստեղ էլ հնարամիտ ծողները ելքը գտել են, և ծնողական կոմիտեի ջանքերի և անխուսափելի դրամահավաքի հաշվին (500 դրամ) ուսուցիչներին կնվիրեն 2-3 լավ ծաղկեփնջեր, այն դեպքում, որ յուրաքանչյուրի համար այդ ծաղկեփունջը կարժենար առնվազն 5000 դրամ:

Եվ այսպես, ուրախ դպրոցականը պատրաստ է ուսումնական տարվան, իսկ ահա վշտացած ծնողը հաշվում է ընտանեկան բյուջեին հասցված վնասը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News