29 օգոստոսի 2013 - 18:46 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Փակ շուկա. Ավելորդությունների ապամոնտաժման դեպքում հուշարձանի տեսքը կվերականգնվի
Հուշարձանի վրա փորագրված Փակ շուկայի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի անվանման տառերից մի քանիսը «ջնջվել» են:
Եթե որոշ հարցերում հայ ճարտարապետների կարծիքը հաճախակի ոչ միայն չի համընկնում, այլև բանավեճերի առիթ է դառնում, Փակ շուկայի դեպքում, երևի թե, այն միանշանակ է՝ պետք է ապամոնտաժել ավելորդությունները:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը տեղեկացրել է թե քաղաքապետին, թե մշակույթի նախարարությանը, թե սեփականատիրոջը՝ Սամվել Ալեքսանյանին, որ պետք է ապամոնտաժել նորակառույց ավելորդությունները: Ի դեպ, վերջինս Մինասյանին խոստացել է ապամոնտաժել առաջ բերված «վիտրաժները», որոնք, ըստ ճարտարապետի, աղավաղում են շինության տեսքը.

«Բոլորս այն կարծիքին ենք, որ դեմոնտաժ պետք է արվի ու առաջ բերված վիտրաժը տեղափոխվի իր նախկին տեղը, այսինքն՝ 4.5 մետր հետ, որովհետև հիմնական ֆասադային լուծումներից ամենամեծ գրավչությունը դա է, որ կամարը հետ է ընկած»,- նշեց նա՝ հավելելով.

«Ալեքսանյանն ասաց՝ ես դեմոնտաժ կանեմ ու հետ կտանեմ: Համենայն դեպս, այդպես ասաց»,- ասաց Մինասյանը: Ճարտարապետի խոսքով՝ գտնել որևիցե մեկի, ով կասի՝ ամեն ինչ այդպես էլ պետք է արվեր, հնարավոր չէ.

«Սեփականատերը բազմիցս ասել է, որ շինության ճակատային մասում որևէ փոփոխություններ ու դեֆորմացիաներ չեն արվի»:

Հուշարձանի վրա փորագրված Փակ շուկայի ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի անվանման տառերից մի քանիսը «ջնջվել» են: Մկրտիչ Մինասյանը՝ հիշելով, թե ինչպես են փորագրել դրանք, ասաց, որ անգամ եթե վերականգնելու հնարավորություն չլինի, պետք է հուշատախտակ տեղադրել, որի վրա գրված կլինի ճարտարապետի անունը.

«Ինչպե՞ս կարելի է: Մեր ամենանշանավոր շինություններից է, ամենանշանավոր ճարտարապետներից մեկի ստեղծագործությունն է: Սովորական բուդկա են գծում՝ հեղինակի անունը վրան տպում են…»:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի կարծիքն այս խնդրի վերաբերյալ այլ է: Ըստ նրա՝ ավելի լավ է ջնջեն ճարտարապետի անունը, «քան մարդիկ իմանան, որ դա Աղաբաբյանի գործն է»:

Ինչ վերաբերում է հուշարձանի ներսում ընթացող շինարարությանը, ապա Մինասյանը համոզված է, որ «ներսում ոչ ոք ոչինչ չի ապամոնտաժի»: Գուրգեն Մուշեղյանի պնդմամբ՝ ներսում ամեն ինչ արդեն փչացված է.

«Չկան այն պրոպորցիաները, որոնք նախատեսված էին, կամարների կեսը քանդված է, ինտերիերն աղավաղված»,- ասաց Մուշեղյանը:

Ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ շենքի հետնամասն ամբողջովին քանդված է, նոր շենք է կառուցված, նշանակում է, եթե սկսեն ապամոնտաժել՝ հուշարձանի կեսը պիտի քանդվի:

«Ամեն դեպքում, ամեն ինչ հնարավոր է, բայց եթե անող լինեին՝ մինչև հիմա կանեին: Ժողովուրդն ու ճարտարապետները պայքարեցին, պայքարեցին ու հոգնեցին: Բայց եթե բոլորը միասին կանգնեն ու ստիպեն սեփականատիրոջը քանդել՝ հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել, ուղղակի չեն կարողանում»,- ասաց Պողոսյանը:

Մուշեղյանը ևս կարծում է, որ պետք է պահանջել ամբողջովին վերականգնել Փակ շուկան, «որովհետև սա համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձան է»: Մկրտիչ Մինասյանն իր հերթին նշեց, որ միությունը բոլոր հնարավոր միջոցները գործադրել է.

«Բոլոր հնարավոր վարչական մարմիններին նամակներ գրեցինք, ընդհուպ մինչև նախագահ: Բայց, պարզվում է, անօգուտ էր, որովհետև սխալն ի սկզբանե արդեն թույլ էր տրվել»,- ասաց նա:

Թեև կարծիքները տարբեր են, մի հարցում ճարտարապետները միակարծիք են՝ ավելորդությունների ապամոնտաժման դեպքում հուշարձանի սկզբնական տեսքը վերականգնել հնարավոր է, քանի որ, ինչպես հիշեցրեց Հրաչիկ Պողոսյանը, «Գառնին ամբողջովին քանդված էր՝ վերականգնեցին, դրեցին տեղը», պարզապես ցանկություն է անհրաժեշտ:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ