31 օգոստոսի 2013 - 21:32 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկ օր Փակ շուկայից. Պայքարն ընթանում էր բնակիչների ու ակտիվիստների միջև
Ինչ վերաբերում է ոստիկաններին, նշենք միայն, որ նրանք կուտակված քաղաքացիներից ու լրագրողներից պահանջում էին չդիպչել իրենց, «հեռու մնալ»:
Փակ շուկայում այսօր հասարակությունը կիսվել էր երկու մասի՝ մոտակա շենքերի բնակիչների ու ակտիվիստների: Ինչո՞ւ. որովհետև բնակիչներին անհասկանալի էր՝ ինչո՞ւ են մի խումբ երիտասարդներ (ու ոչ միայն) դեմ մշատապես գարշահոտով ու առնետներով լի տարածքի երկար սպասված բարեկարգմանը: Ըստ նրանց՝ գոնե մի «նորմալ խանութ կբացվի, որտեղից կկարողանան առևտուր անել»: Այս ամենին այսօր Փակ շուկայի դիմաց հավաքված ակտիվիստների միակ արձագանքը մեկն էր՝ բնակիչներին գումար են վճարել, որ նրանք գան ու «պաշտպանեն» ապագա սուպերմարկետը:

«Փող են տվել, պրովոկացիայի ենթարկել, որ գան ու խանգարեն ակտիվիստներին: Այստեղ հիշողությունը հարգող մարդկանց դեմ հավաքվել են մարդիկ, ովքեր չունեն այդ հիշողությունը, ու այս ամենը մի հատ բազար դարձրել: Այստեղ ամենակեղտոտ տեխնոլոգիաներն են կիրառվում»,- մեզ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Հիշեցնենք միայն, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման անդամները հավաքվել էին շուկայի դիմաց վերահսկողություն սահմանելու նպատակով:

Չմանրամասնենք, թե ինչ բառերով էին միմյանց «դիմում» բնակիչներն ու ակտիվիստները, միայն ասենք, որ որոշ արտահայտությունների համար նրանց միջև բախումներ սկսվեցին: Դրանց ընթացքում, որտեղ ներգրավվեցին նաև ոստիկանները, պատռվեցին ակտիվիստների «Ազատենք օլիգարխին հուշարձանից», «Մենք մեր հուշի տերն ենք» և այլ գրություններով պաստառների մի մասը: Դրանցից մեկի արդյունքում ոստիկանները ստիպված եղան պատնեշ կազմել կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի դիմաց, որ բնակիչները չհարձակվեն նրա վրա:

Ինչպես մեզ պատմեց Խզմալյանը, իր վրա հարձակվեցին «կանայք ու բավականին մեծ չափսերով տղամարդիկ, ովքեր փորձում էին ծեծկռտուք սկսել», բայց իրավապահները ժամանակին արձագանքեցին ու կանխեցին բախումը: Ինչ վերաբերում է ոստիկաններին, նշենք միայն, որ նրանք կուտակված քաղաքացիներից ու լրագրողներից պահանջում էին չդիպչել իրենց, «հեռու մնալ»:

Կինոռեժիսորը հավելեց նաև, որ չեն դադարելու պայքարել շուկայի համար. «Որոշակի փորձ ունենք Մաշտոցի այգուց ու Թռչկանից, որտեղ ապօրինի շինարարություն էր կատարվում, հույս ունենք, որ կհաջողվի փրկել ևս մի հուշարձան: Ամոթ է, որ մենք մեր հուշարձանները քանդում ու մեկ մարդու քմահաճույքով ենք սարքում»,- նշեց նա:

Ակտիվիստներին միացած քաղաքացիները փորձում էին բացատրել բնակիչներին, որ Փակ շուկան հուշարձան է, որը պետք է պահպանել, այլ ոչ թե քանդել. ապարդյուն էր:

«Ես առանց առևտուր կարող եմ ապրել, բայց առանց մշակույթ չեմ կարող»,- բնակիչներից մեկին համոզում էր քաղաքացիներից մեկը:

«Չեմ ուզում, որ շուկայի վրա գրված լինի «Երևան Սիթի» բացականչող ակտիվիստին մեկ այլ բնակիչ խոստացավ. «Աղջիկ ջան, ես քեզ խոստանում եմ՝ շենքի վրա գրված չի լինի «Երևան Սիթի», գրվելու է Փակ շուկա»: Թե ինչպես է նա պատրաստվում պահպանել իր խոստումը՝ պարզ չէ, երևի ժամանակը ցույց կտա:

«Հարգելի քաղաքացիներ, պահպանեք օրինականությունը, մի խախտեք հասարակական կարգը: Այն խախտողները պատասխանատվության կենթարկվեն»,- պարբերաբար արտասանում էր ոստիկանների բարձրախոսը:

Արդյունքում, հասարակական կարգը խախտած չորս ակտիվիստի վարչական բերման ենթարկեցին: Ինչպես մեզ ասացին ոստիկանությունում, ակտիվիստներին վարչական բերման են ենթարկել համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի*, իսկ բաց կթողնեն, երբ արձանագրություն կազմվի: Ավելի ուշ «Նախախորհրդարանը» հայտարարություն տարածեց, որ շարժման անդամ Դմիտրի Հարությունյանին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել են քննչական մեկուսարան:

Ժամը 18:45-ի սահմաններում «Նախախորհրդարանի» ակտիվիստները լքեցին տարածքը, ոստիկանները նույնպես: Ինչպես երեկոյան օրն ամփոփեց Տիգրան Խզմալյանը, բնակիչները զգացին, որ «գործ ունեն կազմակերպված ակտիվիստների հետ, զգացին նաև՝ որքանով է լուրջ այս քաղաքացիական շարժման նպատակը»: Ակտիվիստները խոստացել են հերթապահություն սահմանել Փակ շուկայի շրջակայքում ու, ըստ Խզմալյանի, կրկնելու են նախկինում Մաշտոցի պուրակում սահմանված ապամոնտաժման ծրագիրը:

«Այժմ հերթապահություն սահմանելու համար կազմվում են մտավորականների պահակախմբեր»,- եզրափակեց կինոռեժիսորը:

Իսկ մենք այսօրվա օրն ուզում ենք եզրափակել Խզմալյանի հետևյալ խոսքերով.

«Սա քաղաքացիական ու համազգային խնդիր է: Պետությունը պետք է որոշում ընդունի, որ շուկայի քանդումն ապօրինի էր: Մենք ընդամենը պահանջում ենք, որ ի կատար ածվեն պետական մարմինների եզրակացություններն այն մասին, որ այդ ամենն ապօրինի է»:

* «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ