2 սեպտեմբերի 2013 - 22:30 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Փակ շուկա, օր 3․ Ապօրինի շինարարության խնդրով պետք է զբաղվեն իրավապահնե՞րը
Ինչպես տեղեկացրեց «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, իրենք գործակցության եզրեր են փնտրում քաղաքացիական մյուս շարժումների անդամների հետ
«Բա-ցում, բա-ցում, բա-ցում»․․․ Այս բառերը Փակ շուկայի մոտ այսօր, երևի, ամենաշատն են հնչել։ Դրանցից ավելի քիչ՝ «Ա-լեք-սան-յան, բա-րե-րար»։ Շատացել էին այսօր նաև «Ազատագրենք հուշարձանը օլիգարխներից» հասարակական շարժման ակտիվիստների դեմ բողոքողները, որոնք այսպես կոչված բողոքի ակցիայի հիմնական զանգվածն էին կազմում։

Բանն այն է, որ շարժման անդամներն այսօր հուշարձանին չեն մոտեցել։ Ինչպես մեզ պարզաբանեց «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, բախումներից խուսափելու համար որոշել էին հավաքվել Մաշտոցի պուրակում։ Իսկ շուկայի մոտ հավաքվածների պահանջը այլ էր՝ աշխատանք ու աշխատատեղ, ինչի մասին վկայում էին նաև նրանց ձեռքի պաստառները ՝ «Ոչ» վարձու ընդդիմադիրներին, «այո» աշխատանքին», «Մենք պահանջում ենք աշխատատեղեր» և այլ գրություններով։ Նշենք միայն, որ նախորդ օրերին Փակ շուկայի մոտ հավաքվածներն աշխատատեղերի մասին խոսք անգամ չեն հնչեցրել ․․․

«Ալեքսանյանն իր տարբեր կազմակերպությունների աշխատակիցներին բերել, լցրել էր այնտեղ։ Նրանք սադրում էին ակտիվիստներին, բախումների հրահրում, որոնցից խուսափելու համար հավաքվեցինք Մաշտոցի պուրակում»,- մեզ ասաց Վարուժան Ավետիսյանը՝ նշելով, որ շարժման նպատակը, այնուամենայնիվ, իրականացավ՝ շինարարությունը ժամանակավորապես կասեցվեց:

Ինչպես տեղեկացրեց «Փրկենք հուշարձանը օլիգարխներից» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը, իրենք գործակցության եզրեր են փնտրում քաղաքացիական մյուս շարժումների անդամների՝ քաղաքապետարանի դիմաց նստացույց անցկացնող, ինչպես նաև ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող երիտասարդների հետ։

«Փորձում ենք համակարգել քաղ․նախաձեռնությունների աշխատանքը, որ հանդես գանք մեկ ճատակով։ Այդպես ավելի ուժեղ կլինենք»,- ասաց Խզմալյանը։

Փակ շուկայի տարածքից այսօր «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի* համաձայն մեկ քաղաքացու վարչական բերման ենթարկեցին․ դա ակտիվիստ Վարդգես Գասպարին էր, ում, ինչպես տեղեկացրին ոստիկանությունում, արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել։

Ի դեպ, հուշարձանի խնդրին է այսօր անդրադարձել նաև Օմբուդսմենի գրասենյակը՝ նշելով, որ խնդրով արդեն պետք է զբաղվեն իրավապահները, այլ ոչ թե նախարարություններն ու քաղաքապետարանը:

«Ակնհայտ է, որ Ծածկած շուկայում իրականացված շինարարությունն ապօրինի է, ինչը հաստատող հայտարարություններով բազմիցս հանդես են եկել ՀՀ քաղաքաշինության, մշակույթի նախարարությունները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը։

Վերջին գրությամբ քաղաքապետարանը, որն, ի դեպ, պատասխանատու է Երևանում ապօրինի շինությունների ապամոնտաժման համար, հայտնել էր, որ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ի տնօրենը տեղեկացվել է Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող շուկայի տարածքում ապօրինությունները վերացնելու և դրանից հետո միայն քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան կառուցապատումը շարունակելու անհրաժեշտության մասին: Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքապետարանի պահանջը մինչ այսօր ոչ միայն չի կատարվել, այլև ավարտվել է Ծածկած շուկայի տարածքում ապօրինի կառույցների իրականացումը:

Այս առումով անհասկանալի է իրավապահ մարմինների և առաջին հերթին` ՀՀ ոստիկանության դիրքորոշումը»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։

* «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» oրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է. «Հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով»:

Հրանտ Խաչատրյան / PanARMENIAN Photo, Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ