11 հոկտեմբերի 2013 - 15:27 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական մետաղադրամների պատմությունից. Հայերեն գրությամբ առաջին հայտնի մետաղադրամը
Բագրատունիների կառավարման շրջանում Հայաստանում շարունակում են շրջանառվել Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության մետաղադրամները, ինչպես նաև առանձին տեղական մահմեդական տոհմերի մետաղադրամները:
Օգտվելով առիթից, երբ 9-րդ դարի վերջում Արաբական խալիֆայության կենտրոնական իշխանությունը թուլանում է, Հայաստանում հաստատվում է Բագրատունիների նոր արքայատոհմը (885-1045 թթ.): Բագրատունիների տիրակալները նոր մայրաքաղաք են հռչակում Անին: Այդ շրջանում Հայաստանում զարգանում է մշակույթը, ընդլայնվում է առևտուրը, ինտենսիվ զարգանում են արհեստները, արվեստը, ճարտարապետությունը:

Մեզ չեն հասել Բագրատունիների արքայատոհմի մետաղադրամները, սակայն հավանաբար, Բագրատունիները սեփական մետաղադրմաներ չեն հատել:

Սակայն կա մեկ շատ հետաքրքրական փաստ: Հայտնի է Բագրատունիների Լոռվա ճյուղի Կյուրիկե Երկրորդ (1048-1089 թթ.) արքայի պղնձե մետաղադրամը:

Մետաղադրամների նկարագրությունը

Այդ մետաղադրամի մեզ հասած նմուշները շատ փոքրաթիվ են և հազվագյուտ են: Իրենց տեսակով և ձևավորմամբ Կյուրիկե Երկրորդի մետաղադրամը շատ նման է նույն շրջանի բյուզանդական տիրակալների մետաղադրամներին: Կյուրիկե Երկրորդի մետաղադրամի առանձնահատկությունն այն է, որ այն մեզ հայտնի ամենահին մետաղադրամն է, որի արձանագրությունները արված են հայերեն լեզվով: Մետաղադրամի դիմերեսին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերը մինչև գոտկատեղը, իսկ դարձերեսին՝ մի քանի տողից բաղկացած հայերեն գրություն է:

Կյուրիկե Երկրորդի պղնձե մետաղադրամի դիմերեսն ու դարձերեսը

Բագրատունիների կառավարման շրջանում Հայաստանում շարունակում են շրջանառվել Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության մետաղադրամները, ինչպես նաև առանձին տեղական մահմեդական տոհմերի մետաղադրամները: Հիմնական մետաղադրամը ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև ողջ տարածաշրջանում Արաբական խալիֆայության արծաթե դիրհեմն էր: Այն պահանջված էր և ընդունվում էր Խալիֆայության սահմաններից դուրս հսկայական տարածքներում: Բացի արծաթե մետաղադրամից, լայն շրջանառություն ունեին նաև Խալիֆայության պղնձե ֆելսերը:

Սակայն 10-րդ դարի վերջից Խալիֆայությանը ենթակա ողջ տարածքում հետաքրքիր երևույթ է արձանագրվում՝ դրամաշրջանառությունից անհետանում է արծաթե մետաղադրամը: Սկզբում արծաթե դիրհեմի փոխարեն դիրհեմներ են հատվում ցածր հարգի արծաթից, իսկ հետագայում, շրջանառության մեջ են դրվում միայն արծաթազօծ պղնձե մետաղադրամներ: Այդ շրջանում է, որ արծաթե դիրհեմի փոխարեն, հիմնական դրամական միավորի դերը տարածաշրջանում անցնում է բյուզանդական ոսկե մետաղադրամին՝ նոմիզմային:

Մետաղադրամների նկարագրությունը

Նոմիզման մետաղադրամի շատ հետաքրքիր տեսակ է: Այն համեմատաբար մեծ տրամաչափ ուներ և հատվում էր ոսկու բարակ թիթեղից: Հաճախ նոմիզման ուներ ուռուցիկ ձև և հատվում էր բարձր հարգի ոսկուց:

Կոստանդին 10-իբյուզանդական ոսկե մետաղադրամիդիմերեսը

Բյուզանդական մետաղադրամներից շրջանառության մեջ էին նաև արծաթե հեկսոգրամները և պղնձե ֆոլիսները: Արծաթե բյուզանդական մետաղադրամները բավականին հազվագյուտ էին, սակայն, հավանաբար, դրանք դրվագվում էին փոքր քանակությամբ, իսկ ոսկե և պղնձե մետաղադրամները շրջանառության մեջ էին դրվում մեծ քանակությամբ տարածաշրջանի ողջ տարածքում:

Նույն ժամանակաշրջանում, Խալիֆայության կենտրոնական իշխանության թուլացման հետ մեկտեղ, Անդրկովկասում աճում են առանձին մահմեդական տոհմերի ազդեցությունն ու դերը: Այդ տոհմերի տիրակալները տեղական շրջանառության համար, ինչպես նաև սեփական անկախությունն ընդգծելու նպատակով, դրամներ են հատում:

Շադդադյանների տոհմի տիրակալները 10-11-րդ դարերում Գանձակում հատում են ցածր հարգի արծաթե դիրհեմներ: Այդ շրջանում և ավելի ուշ պղնձե դրամներ են հատում նաև Իլդեգիզյանների, Զենգիդյանների, Օրտուկյանների և այլոց տոհմերը: 12-րդ դարի վերջում և 13-րդ դարի սկզբում Հայաստանի հյուսիսային շրջաններում շրջանառության մեջ են սկսում հայտնվել վրաց տիրակալների՝ Թամար թագուհու, Ռուսուդան թագուհու և այլոց մետաղադրամները:

13-րդ դարի կեսին Արաբական խալիֆայության ողջ տարածքը, այդ թվում նաև Անդրկովկասը,անցնում են մոնղոլ-թաթարների տիրակալության տակ: Խալիֆայության նախկին տարածքում հաստատվում է մոնղոլ Հուլավույանների տիրակալների տոհմը: 13-րդ դարի երկրորդ կեսի 70-ականներից Հայաստանում սկսվում են շրջանառվել մոնղոլ տիրակալների մետաղադրամները: Մոնղոլների հիմնական դրամական միավորը արծաթե դիրհեմն էր, որը հատվում էր Անդրկովկասի տարբեր դրամահատարաններում: Հայտնի են Հուլավույանների տոհմի մետաղադրմները, որոնք դրվագվել են Անիի, Էրզրումի, Ախալցխայի, Թիֆլիսի և այլ դրամահատարաններում:

Մետաղադրամների նկարագրությունը

Մոնղոլ Հուլավույանների մետաղադրամները իրենց ձևավորմամբ նման են Արաբական խալիֆայության մետաղադրամներին՝ դրանց վրա չկան պատկերներ, այլ արաբատառ, երբեմն ույղուրերեն մակագրություններ են: Դրանք բաղկացած են մի քանի կրոնական ասույթներից, նշում են տիրակալի տիտողսը, ինչպես նաև հատման տարեթիվն ու վայրը: Հուլավույանների մետաղադրամների թվում հանդիպում են առանձին հետաքրքիր տեսակներ, որոնց վրա առկա են նաև քրիստոնեական խորհրդանիշներ, մասնավորապես, խաչապատկեր:

Հուլավույանների տիրակալների արծաթե դիրհեմների դիմերեսներն ու դարձերեսները

Սկզբնական շրջանում հատվում և շրջանառության մեջ էին դրվում այսպես կոչված անանուն դիրհեմները, որոնց վրա բացակայում էին մոնղոլ տիրակալների անունները: Հետագայում շրջանառության մեջ դրվեցին մոնղոլ տիրակալների՝ Աբաղա, Աբու Սայիդ, Ղազան Մահմուդ և այլ խաների մետաղադրամները, որոնք հատվում են 13-րդ դարի վերջից սկսած և 14-րդ դարում:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo