15 հոկտեմբերի 2013 - 10:59 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի ազատ տնտեսական գոտիներն առավելագույն արտոնություններն են տրամադրում ներդրողներին
Շահագործող ընկերությունն ազատվում է շահութահարկից, մաքսային տուրքերից, ԱԱՀ-ից ու գույքահարկից
Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ձևավորման նպատակն է օտարերկրյա ներդրումների խթանումը Հայաստանում, արտահանման ծավալների աճը, նոր աշխատատեղերի ստեղծումն և նախադրյալները կայուն տնտեսական զարգացման համար:

Կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը դարձավ «Սիտրոնիկս Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ 2013 թ. օգոստոսին արդեն բացվեց Հայաստանում առաջին Ազատ տնտեսական գոտին՝ ԱՏԳ-ն: Այն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում:

Անդրադառնալով առաջին ԱՏԳ գրավչությանն ու առանձնահատկություններին՝ պետք է նշել, որ ներդրողները ստանում են այնպիսի արտոնություններ, որոնք չկան գործնականում աշխարհի ոչ մի ԱՏԳ-ում: Շահագործող ընկերությունն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Սակայն սոցվճարումները կատարվում են ըստ Հայաստանում գործող կարգի, այդ թվում, հաշվի առնելով, որ 2013 թ. հունվարի 1-ից գործատուն մեկ միասնական եկամտահարկ է մուծելու, որտեղ ներառվելու են նաև սոցվճարումները: Բացի այդ, չկան արժութային սահմանափակումներ, առկա է կապիտալի շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ միասին մտադիր է զարգացնել ԱՏԳ-ները, նեգրավել ներդրողների ու կատարելագործել օրենսդրական բազան՝ ստեղծելով լայն օրենսդրական հնարավորություններ ԱՏԳ գործունեության համար հանրապետության տարածքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը:

Քանի որ Հայաստանում դեռևս մեկ ԱՏԳ է գործում, և նախկինում մենք չենք ունեցել ազատ տնտեսական գոտիների զարգացման փորձ, ապա էկոնոմիկայի նախարարությունն այս փուլում վերլուծում է ու տեղեկատվություն է հավաքում ԱՏԳ վերաբերյալ օրենսդրության հնարավոր բարելավման միտումով: Օրինակ, «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում ԱՏԳ-ների դասակարգում կամ ԱՏԳ-ներ առանց հստակ սահմանների, և հնարավոր է, առաջիկայում, փոփոխություններ կատարվեն օրենքում և ԱՏԳ հնարավոր լինի ստեղծել տարածաշրջանի կամ քաղաքի մասշտաբով: Կամ կլինի ԱՏԳ-ների որոշակի դասակարգում, օրինակ՝ արդյունաբերական, օդանավակայանային և լոգիստիկ: Սակայն, դա չի նշանակում, որ բոլոր այդ տեսակները պետք է գործեն կամ դրանց առկայությունը նպատակահարմար է՝ ամեն ինչ կախված է տնտեսական իրավիճակից ու գործունեության պահանջարկից:

ԱՏԳ-ների աշխատանքը պետք է դիտարկել երկու տեսակետից՝ բուն ԱՏԳ-ների և երկրի ներդրումայի կլիմայի առումով: Եթե դիտարկենք բուն ԱՏԳ տեսակետից, ապա, ըստ մեր օրենսդրության, այն եզակի է, քանի որ առավելագույն արտոնություններն է տալիս ներդրողին: Համեմատության համար՝ Չինաստանում գործող մի շարք ԱՏԳ-ները առաջարկում են միայն երկու անգամ նվազեցնել շահութահարկը՝ հասնցնելով 15 տոկոսի նախատեսված 30-ի փոխարեն: Այստեղ պետք է հաշվի առնել Չինաստանի հսկայական շուկան և ազդեցության ծավալը, որը կարող են ստանալ ընկերություններն, աշխատելով նման ԱՏԳ-ներում: Իսկ հայկական Ազատ տնտեսական գոտում ներդրողը ազատվում է բոլոր հնարավոր հարկերից, ինչպես արդեն նշվել է:

Իսկ եթե դիտարկելու լինենք երկրի տեսակետից, ապա այստեղ ներդրողը հաշվի է առնում մի շարք գործոններ՝ աշխարհագրական, քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլն, այսինքն ներդրողն, ըստ էության, ընտրում է երկիրը, որտեղ ցանկանում է աշխատել: «Արտոնությունների ընտրության մասին, այսինքն այլ երկրների ԱՏԳ արտոնությունների հետ համեմատության մասին, այստեղ խոսք լինել չի կարող, քանի որ մեր մոտ նախատեսված են գործնկանաում բոլոր հնարավոր արտոնությունները»,-ասաց Լալայանը: Նույնիսկ կարելի է ավելին ասել. ՏՏ հատվածը հանդես է գալիս նույնիսկ սոցվճարումներից հրաժարվելու նախաձեռնությամբ, քանի որ դրանք կազմում են աշխատակիցների աշխատավարձերի զգալի մասը, և մենք մտադիր ենք քննարկել այդ առաջարկը՝ ելնելով այդ հատվածի յուրահատկությունից: Այսինքն, ունենալ զրոյական ԱԱՀ այդ ոլորտում աշխատող ընկերությունների համար այնքան կարևոր չէ, որքան ունենալ զրոյական սոցվճարումներ:

Ինչ վերաբերում է կառավարող ընկերությանը, ապա այն պետք է առաջին հերթին շահագրգռված լինի բարձրացնելու ԱՏԳ կառավարման արդյունավետությունը և ներդրողներ ներգրավի: Ըստ օրենքի, լիազոր ընկերությունը պարտավորվում է հաշվետվություն ներկայացնել իր գործունեության մասին, որից հետո նրա աշխատանքը կգնահատվի: Եվ կառավարությունը, մասնավորապես ի դեմս էկոնոմիկայի նախարարության, Զարգացման հայկական գործակալության, Արդյունաբերական հիմնադրամի, և բուն կառավարող ընկերությունը ջանքեր են գործադրում ներդրողներ ներգրավելու համար՝ եզակի հնարավորություն տալով դրա համար միջազգային խորհրդաժողովներում, միջկառավարական հանձնաժողովների նիստերում, գործարար համաժողովներում:

Ըստ օրենսդրության, ԱՏԳ-ում կարող է աշխատել ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու համար ստեղծված ու Հայաստանում գրանցված ընկերությունը: Շահագրգիռ ընկերությունը պետք է հայտ ներկայացնի ՀՀ կառավարությանը կամ էկոնոմիկայի նախարարությանը, բիզնես ծրագիրն ու տեղեկանք, որ նա ստացել է կառավարող ընկերությունից, այս դեպքում ի դեմս «Սիտրոնիկս Հայաստանի», որտեղ նշված է , որ ընկերությունը ծանոթ է ԱՏԳ-ում աշխատելու պայմաններին:

Բիզնես-պլանը ներառում է 6 հիմնական կետ, որոնք ամրագրված են համապատասխան կառավարական որոշմամբ: Առաջինը՝ պետք է ներկայացված լինի ընկերության արտահանման միտված ռազմավարությունը, արտադրվող արտադրանքի ծավալները: Երկրորդը՝ բիզնես-ծրագիրը պետք է համապատասխանի ԱՏԳ նպատակներին ու ուղղություններին, մեր դեպքում բարձր և հեռահաղորդակցությունների տեխնոլգիային: Ավելին, տեխնոլոգիաները պետք է լինեն նորարարական, քանի որ գնահատվելու է հենց նորարարության մակարդակը: Չորրորդը՝ուշադրություն է հատկացվում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու միջին աշխատավարձին, ընդհանուր ներդրումների ծավալին: Ընկերության ներդրումների ծավալը չի նշվում, քանի որ յուրաքանչյուր ուղղությունն իր առանձնահատկություններն ունի, և համապատասխանաբար, ներդրումների իր ծավալն է պահանջում: Օրինակ, ծրագրային ապահովման մշակումներով զբաղվող ընկերությունների համար բավարար կլինի ներդրումների մի ծավալը, քանի որ աշխատանքի համար նրան հարկավոր կլինի ոչ այնքան մեծ գրասենյակ և մի քանի ծրագրավորողներ, իսկ արտադրող ընկերության համար նման ներդրումը բավարար չի լինի: Միևնույն ժամանակ, կգնահատվի ներկայացված բիզնես-պլանի իրատեսության աստիճանը (բարձր արդյունքներ փոքր ներդրումների դեպքում և հակառակը՝ շատ խոշոր ներդրումների խոստումներ առանց համապատասխան հնարավորությունների):

Բիզնես-ծրագրի գնահատմամբ կզբաղվի միջգերատեսչական հանձնաժողովը, որը ստեղծվել է վարչապետի կարգադրությամբ 2011 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու առաջին տեղակալը, հանձաժողովի քարտուղարը, որը զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարության ներդրումների բաժնի պետի պաշտոնը, ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրենը, կառավարության ներկայացուցիչն ու ՊԵԿ ներկայացուցիչը:

Այսպիսով ընկերության կողմից հայտը և բիզնես-պլանը ներկայացնելուց հետո, Հանձնաժողովը 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է գնահատի ներդրումային ծրագիրն ու իր եզրակացությունը ներկայացնի կառավարությանը: Իր հերթին գործադիրը 21 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում՝ թույլ տալ կամ թույլ չտալ ընկերությանն աշխատել ԱՏԳ-ում: Կառավարության որոշման հիման վրա է ընկերությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում ստանում ռեզիդենտի կարգավիճակ վկայականի տեսքով, որը ձևակերպվում է էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների համատեղ հրամանագրի հիման վրա: Դրական պատասխանի դեպքում հայտը ներկայացրած ընկերությունն 3 ամսում պարտավոր է պայմանագիր կնքել կառավարող ընկերության հետ, որից հետո արդեն կարող է սկսել անմիջական գործունեությունն ԱՏԳ-ում:

2009 թ. սեպտեմբերի 23-ին «Սիտրոնիկս» ԲԲԸ-ն, որը գտնվում է «ԱՖԿ «Սիստեմա» ընկերության հսկողության ներքո, հանդիսանում է հեռուստահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում լուծումների առաջատար մատակարարող Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում և անընդհատ ընդլայնում է իր ներկայացչությունը Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկյան երկրների շուկաներում, ստեղծեց 100 տոկոսանոց դուստր ձեռնարկություն` «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն` նպատակ ունենալով կենտրոնացված կարգով կառավարել իր Հայաստանյան ակտիվները, որոնք ընկերությանն են փոխանցվել Ռուսաստանի գույքի կառավարման կոմիտեի (Росимущество) կողմից: Նորաստեղծ ընկերության հիմնական խնդիրներն են այն ակտիվների կենտրոնացված կառավարումը, որոնք 2008 թ. Росимущество-ի կողմից հանձնվել են «Սիտրոնիկս» ԲԲԸ-ն կառավարմանը, այդ թվում «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն, «Ավտոմատ կառավարման համակարգերի Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Հաշվիչ մեքենաների Երևանի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, «Նյութագիտություն գիտաարտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ինչպես նաև այդ ձեռնարկությունների տարածքներում ստեղծվող ազատ տնտեսական գոտու կառավարումը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net