18 հոկտեմբերի 2013 - 17:12 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական մետաղադրամների պատմությունից. Պարսիկ տիրակալների օրոք հատվել են նաև Իրվանի (Երևանի) քաղաքային մետաղադրամներ
Տարածքների համար մշտական պայքարի պայմաններում պարսիկների տիրապետության տակ գտնվող հողերն երբեմն հայտնվում էին օսմանների տիրապետության տակ և հակառակը, ուստի հանդիպում են ինչպես պարսկական, այնպես էլ օսմանյան մետաղադրամներ, դրվագված նույն փողերանոցում
Հայաստանում մոնղոլ տիրակալներ Հուլավույանների տիրապետությունից հետո երկար ժամանակով իշխանությունն անցավ տարբեր մահմեդական տոհմերին: Հուլավույաններին փոխարինելու եկած տոհմերից մեկը Ջելաիրյաններինն էր: Ըստ որոշ տվյալների, Ջելաիրյանները սերում էին մոնղոլական տոհմերից, որոնք եկել էին Հուլավույանների հետ: Նրանց իշխանությունը տևեց մինչև XV դարի 30-ական թվականները: Լենկթեմուրի գլխավորած հրոսակներն ավերեցին ու թալանեցին Հայաստանի տարածքը: Թեմուրականների ցեղը հավակնում էր, որ սերում է Չինգիս խանից, դա վերջին խոշոր մոնղոլական տոհմն էր, որը սերում էր տափաստանային քոչվորներից: Նվաճողների դաժանությունը սահման չուներ:

XIV դարեվերջում տարածաշրջանում աճում է թուրքական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի ազդեցությունը, որոնք իշխանության համար պայքարում պարբերաբար իշխում էին առանձին տարածքներում: Հայտնի են մանր արծաթե մետաղադրամների թողարկումներ, որոնք հայտնաբերվել են Հայաստանում և հարակից տարածքներում՝ դրանք հատել են Ջելաիրյանների, կարակոյունլու և ակկոյունլու ցեղերի ներկայացուցիչները: Հայաստանի Կենտրոնական բանկի հավաքածուում կա ակկոյունլու ցեղի հետաքրքիր փոքր արծաթե մետաղադրամ, որը հատվել է Անիում և արաբերեն մակագրություններ ունի:

Ակկոյունլու ցեղից Ուզուն Հասանի մետաղադրաըմ, որը դրվագվել է Անիում

Այդ շրջանում հզորանում են օսմանների քոչվոր ցեղերը: XV դարի կեսին օսմանների ցեղերին հաջողվում է տիրանալ Կոստանդնուպոլսին և 1000-ամյա Բյուզանդական կայսրությունն ընկնում է նրանց ճնշման տակ: Հայաստանի տարածքի արևմտյան մասը հայտնվում է օսմանյան տիրակալների տիրապետության տակ: Իրենց ենթակա տարածքում օսմանները մանր արծաթե մետաղադրամներ են հատում:

Հայաստանի արևելյան մասն անցնում է պարսից տիրակալների տիրապետությանը: Իրար են հաջորդում պարսից տոհմերը, որտեղ իշխանությունն անցնում է մեկից մյուսին: Մինչ XIX դարի սկիզբը Պարսկաստանում և նրա տիրապետության տակ գտնվող տարածքներում իշխում էին Սեֆյանների, Աֆշարների, Զենդերի, Ղաջարների տոհմերը: Բոլոր նրանք հատում են հաստատված տեսակի մետաղադրամներ:

Այդ ժամանակահատվածում Հայաստանի արևելյան շրջաններում լայն շրջանառություն ունեին պարսկական մետաղադրամները՝ արծաթե 1 շահի, 2 շահի, աբասին, 5 շահի և այլն, ինչպես նաև քաղաքային պղնձե ֆուլուսները: Որոշ կառավարիչներ, մասնավորապես, շահ Հուսեյն Առաջինը, որը Սեֆյանների տոհմից էր, հատում էր շատ հետաքրքիր ուղղանկյուն մետաղադրամներ: Մետաղադրամները հատվում էին տարբեր դրամահատարաններում, այդ թվում նաև հայկական քաղաքներում, որտեղ փողերանոցներ կային՝ Գանձակում, Նախիջևանում, Երևանում:

Մետաղադրամների նկարագրությունը

Պարսիկ կառավարիչների մետաղադրամները միատիպ են ձևավորված. դրանց վրա միայն պարսկերեն լեզվով մակագրություններ են: Քաղաքային մետաղադրամներին հանդիպում են կենդանիների պատկերներ, իսկ համապետական թողարկումներում՝ միայն առասպելներ (մակագրություններ): Պարսկական մետաղադրամները լայն տարածում ունեին, և այդպիսի գանձեր շատ են հայտնաբերվել Հայաստանում: Պարսիկ կառավարիչները թողարկել են ոսկե, արծաթե, ինչպես նաև պղնձե քաղաքային մետաղադրամներ: Քաղաքի սահմաններում, համապետական դրվագված մետաղադրամներից բացի, շրջանառվում էին նաև քաղաքային պղնձե մետաղադրամներ: Հայտնի են Իրվանի (Երևանի), Գանձակի քաղաքային մետաղադրամները: Տարբեր շրջանում այդ մետաղադրամները հանդիպում են տարբեր՝ սիրամարգի, ուղտի, կապիկի, առյուծի պատկերներով: Արևի ֆոնին առյուծի պատկերըհետագայում դարձավ պարսից կայսրության խորհրդանիշը:

Երևանում դրվագված պղնձե պարսկական քաղաքային մետաղադրամներ

Կան տեղեկություններ, որ Երևանի դրամահատարանը գտնվում էր ներկայիս «Երևանի «Արարատ» կոնյակի գինու-օղու կոմբինատի» տարածքում՝ Հաղթանակի կամրջի հարևանությամբ: Ըստ պատմական վկայությունների, այդտեղ էր գտնվում Սարդարի պալատը, որին կից էլ ուժեղ հսկողության ներքո գործում էր Երևանի փողերանոցը:

Եղել են նաև ոսկե մետաղադրամների թողարկումներ, բայց դրանք շատ քիչ էին տարածված ու տիպիկ չեն շրջանառության համար: Հայաստանի արևմտյան շրջաններում շրջանառվում էին օսմանյան սուլթանների մետաղադրամները՝ ակչե, ալթին, պարա, ղուռուշ և այլն, որոնք հատվել են տարբեր դրամահատարաններում, այդ թվում Իրվանում (Երևան), Էրզրումում, Գանձակում, իսկ ավելի ուշ նաև Վանում ու Կարսում: Կենտրոնական բանկի հավաքածուի մեջ կան օսմանյան սուլթանների արծաթե մետաղադրամներ, որոնք հատվել են Երևանում, Գանձակում ու Էրզրումում:

Մետաղադրամների նկարագրությունը

Օսմանյան սուլթանների մետաղադրամներում հիմնականում հանդիպում են թուրքերեն մակագրություններ: Որոշ մետաղադրամներին կա թուրքական տուգրա՝ կոսպանդ, որոշ գիտնականներ գտնում են, որ դա սուլթանի ձեռքի խորհրդանշական պատկերն է, իսկ ոմանք կարծում են, որ տիրակալի անվան պատկերումն է: Կոսպանդը օսմանյան տիրակալների խորհրդանիշն է:

Տարածքների համար մշտական պայքարի պայմաններում պարսիկների տիրապետության տակ գտնվող հողերն երբեմն հայտնվում էին օսմանների տիրապետության տակ և հակառակը, ուստի կարելի է տեսնել «փախստական» մետաղադրամներ: Օրինակ, երբ օսմանները նվաճում էին Անդրկովկասի տարածքները, այդ դրամահատարաններում արդեն դրվագում էին օսմանյան մետաղադրամներ՝ Երևանում ու Գանձակում:

Սուլթան Ահմեդ III Երևանում դրվագված արծաթե օսմանյան մետաղադրամ

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo