30 հոկտեմբերի 2013 - 15:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Ազատագրած Քաշաթաղը 20 տարեկան է. Ամենահամեղ սեխերն ու ձմերուկներն աճում են Կովսականում՝ Իրանի հետ սահմանին
Արաքսն այս տեղերում լայնարձակ է ու հանդարտ՝ դիմացի ափին կանայք սպիտակեղեն են լվանում, տղամարդիկ անասուններին են արածացնում, մի խոսքով խաղաղ է ու անդորր
Վերջին 2 օրերին Ադրբեջանում նշում են հերթական իրադարձությունը՝ «Զանգելանի շրջանի օկուպացման 20-ամյակը»: Կրկին քարոզչական նյութեր են շրջանառվում թե ահա հիմա «կգնանք, կվերադարձնենք, հայերին կկոտորենք»: Իսկ ի՞նչպիսին է իրավիճակն իրականում: Այստեղ մի փոքր նախաբան է հարկավոր. ԽՍՀՄ-ում շրջանները կամայական էին սահմանազատվում և նույնքան կամայական էլ մի հանրապետությունից մյուսին փոխանցվում: Նման օրինակները բազում են և դրանք բոլորը դանդաղ գործարկման ականներ էին, որոնք պայթեցին 1988 թվականին;

Նշենք, որ Զանգելանի շրջան գոյություն չունի, այն տարածքը, որը զբաղեցնում էր այդ շրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ում, այժմ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանն է: Դա Արցախի ամենախոշոր շրջանն է, որի տարածքը կազմում է 1,84 հազար քառակուսի կիլոմետր: Արևելքում այն սահմանակից է ԼՂՀ Հադրութի շրջանին, իսկ հյուսիս-արևելքում՝ Շուշիի ու Ասկերանի շրջաններին, հյուսիսում՝ Մարտակերտի շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Շահումյանի շրջանին և Հայաստանի Վայոց ձորի մարզին, արևելքում՝ ՀՀ Սյունիքի մարզին, իսկ հարավում Արաքս գետով անցնում է ԼՂՀ պետական սահմանն Իրանի հետ: Ըստ 1993 թ. դեկտեմբերի 2-ի ԼՂՀ վարչական բաժանման Քաշաթաղի շրջանի մեջ մտան նաև Լաչինի, Կուբաթլիի ու Զանգելանի շրջանները: Քաշաթաղի շրջանը ժամանակին Մեծ Հայքի Արցախի ու Սյունիքի մարզերի մաս է կազմել:Այսօր շրջանում մոտ 10 հազար մարդ է բնակվում, դրանք հիմնականում փախստականներ են Ադրբեջանից: 2010 թվականին այստեղ բնակություն հաստատեցին 199 ընտանիքներ՝ 616 մարդ, իսկ 2011 թ. առաջին ամիսներին տարբեր բնակավայրերում հիմնավորվեցին ևս 50 ընտանիքներ: 2012 թ. սկզբին այդ թիվը հասավ 300-ի: Վերաբնակներին տրամադրվում են արտոնյալ վարկեր, շինանյութ, ինչպես նաև հատուցվում են տեղափոխման ու գույքի փոխադրման ծախսերը: Շրջանում գործում է 46 հանրակրթական դպրոց և 33 բուժկետ:

Հայ ձեռնարկատերերն ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեյցարիայից, Արաբական Էմիրություններից ու այլ երկրներից մտադիր են լուրջ ներդրումներ կատարել շրջանում, մասնավորապես, բնակարանաշինության ու դպրոցաշինության ասպարեզում:

Քաշաթաղում ակտիվորեն զարգանում է գյուղատնտեսությունը՝ գյուղերի մեծ մասը գետերի ափին է գտնվում և հիանալի հնարավորություններ կան բանջարաբոստանային կուլտուրաների աճեցման համար: Ամենահամեղ սեխերն ու ձմերուկները աճում են Կովսականում՝ Իրանի հետ սահմանին: Սահմանը հսկում են Ղարաբաղի և Իրանի սահմանապահները: Ըստ տեղաբնակների, խախտումներ չեն լինում, երբեմն անասուններն են հակառակ կողմն անցնում: Արաքսն այս տեղերում լայնարձակ է ու հանդարտ՝ դիմացի ափին կանայք սպիտակեղեն են լվանում, տղամարդիկ անասուններին են արածացնում, մի խոսքով խաղաղ է ու անդորր: Իրանական կողմից ճիշտ Արաքսի ափով մայրուղին է անցնում, որով Ադրբեջանից բեռներ են տեղափոխվում Նախիջևան:

Կովսականում սահմանապահ նոր ուղեկալ է կառուցվել, հինը ծառայում է որպես պահեստ, սակայն սահմանապահներին կանգնեցված հուշարձանը կանգուն է մինչ օրս, այն ոչ ոք չի պատրաստվում քանդել: Ավելին, ըստ գյուղապետի, շուտով կվերանորոգվի նաև հին ուղեկալը:

Նշենք, որ Քաշաթաղի շրջանում արդեն շահագործման է հանձնվել «Սյունիք-1» հիդրոէլեկտրակայանը 2,4 ՄգՎտ հզորությամբ, շարունակվում է «Սյունիք-2» հիդրոէլեկտրակայանի կառուցումը Աղավնո գետի վրա, որի հզորությունը 3,2 ՄգՎտ կլինի: Ըստ մասնագետների, եթե օգտագործվեն Քաշաթաղի շրջանի բոլոր ջրային ռեսուրսները, կարելի է հիդրոէլեկտրակայաններ կառուցել 40 ՄգՎտ ընդհանուր հզորությամբ, ինչը մեծապես կխթանի ԼՂՀ տնտեսության զարգացումը:

Երբ ճանապարհորդում ես Լեռնային Ղարաբաղով, պարզ է դառնում, թե ինչու են Ադրբեջանում այդքան տոգորված «այս հողերը վերադարձնելու» ցանկությամբ: Այս երկրամասն իրոք բարեբեր է ու կարող է մի քանի միլիոն մարդու կերակրել: Ակամայից մտածում ես. եթե այս հողը, ինչպես պնդում են Բաքվում, ադրբեջանական է, ապա ինչո՞ւ ոչ ոք այն չպաշտպանեց, բոլորն ուղղակի փախան: Այս փաստն ավելորդ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը բուն հայկական հող է, որը վերադարձրեցին ու պաշտպանում են հայերը ու Ադրբեջանն այստեղ ոչ մի կապ չունի: Իսկ ինչ վերաբերում է համաշխարհային հանրությանն ուղղված «տարածքները վերադարձնելու» Ադրբեջանի լացակումած աղերսանքներին, ապա համաշխարհային հանրությունը վերջերս ավելի հաճախ ու հաճախ է անտեսում այդ խնդրանքները: Այն, ինչ կորցված է պատերազմի արդյունքում, կորցրած է:

Շրջանում դեռ շատ բան կա անելու՝ պետք է կարգի բերել ճանապարհները, վերանորոգել ավերված տները, կարգավորել կենցաղը: Մինչ օրս Ղարաբաղում կանգուն են խորհրդային դարաշրջանի «ժողովրդների բարեկամությանը» նվիրված հուշարձանները: Այդպիսին կա նաև Քաշաթաղում, այն հրաշքով է կանգուն մնացել պատերազմի ժամանակ: Ի դեպ, Կովսականից Կապան ընդամենը 12 կմ է և Իրանից եկող բեռնատարները հաճախ հենց այդ ճանապարհն են ընտրում Հայաստան ուղևորվելիս:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net