ԱՍԽՀՖՄ դրամանիշերի նկարագրությունը
ԱՍԽՀՖՄ 1923 թվականին թողարկեց հետևյալ անվանական արժեքների դրամանիշերը՝ 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1000000, 5000000 և 10000000 ռուբլի: Մակագրությունները հայերենով, ռուսերենով, վրացերենով և ադրբեջաներենով են: Այդ թողարկումները միատիպ են, դիմերեսին միության շենքի պատկերն է, որը գտնվում էր Թիֆլիսում: Դարձերեսին միության զինանշանն է: Թղթադրամների այդ թողարկման ձևավորումը տարբերվում է միայն գունային առումով, այն, որպես կանոն, միագույն է:
1923 թվականի 1000 ռուբլի անվանական արժեքով ԱՍԽՀՖՄ թղթադրամ
Շատ շուտով Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միությունը (ԱՍԽՀՖՄ) վերակազմավորվեց Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ԱՍՖՍՀ), որը դարձավ ԽՍՀՄ հիմնադիր հանրապետություններից մեկը: ԱՍՖՍՀ-ն թողարկեց 1924 թ. թվագրված դրամանիշեր:
ԱՍՖՍՀ թղթադրամների նկարագրությունը
Այդ շրջանի թղթադրամներն ըստ ձևավորման երկու տեսակի էին: Թողարկվեցին հետևյալ դրամանիշերը՝ 25, 50, 75, 100 միլիոն անվանական արժեքով, որոնք իրենց ձևավորմամբ ամբողջությամբ կրկնում էին ԱՍԽՀՖՄ 1923 թվականի թողարկումները: Դրանք տարբերվում են միայն գունային ձևավորմամբ: Երկրորդ տեսակը կազմեցին 50 մլն, 75 մլն, 250 մլն, ինչպես նաև 1 և 10 մրլրդ ռուբլի անվանական արժեքով թղթադրամները: 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով դրամանիշը շրջանառության մեջ չի դրվել: Մակագրությունները թղթադրամներինհայերենով, ռուսերենով, վրացերենով և ադրբեջաներենով էին: Դրամանիշերին Հանրապետության զինանշանը, ալեգորիկ ու այլ պատկերներ էին: Թղթադրամները գունավոր ձևավորմամբ էին:
1924 թվականի 100 միլիոն և 1 միլիարդ անվանական արժեքով ԱՍՖՍՀ թղթադրամեր
Թղթադրամների անվանական արժեքները վկայում են խոշոր չափերի հասնող ռուբլու արժեզրկման մասին, որն այդ շրջանում ոչ միայն Հայաստանում էր, այլև ամբողջ Անդրկովկասում և Ռուսաստանում:
1918-1924 թթ. մետաղադրամներ Հայաստանում չեն շրջանառվել, չեն թողարկվել: 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմավորմամբ և վերջինիս 1924 թ. դրամական բարեփոխմամբ ու պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր դրամանիշերը փոխանակել Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով:
ԽՍՀՄ ռուբլիների նկարագրությունը
ԽՍՀՄ միասնական նմուշի դրամանիշերի վրա առկա է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ) մակագրությունը, ինչպես նաև ԽՍՀՄ զինանշանը: Դրամանիշերը ներկայացված են միայն ռուբլիով: Եթե դիտարկել խորհրդանիշների տեսակետից, ապա թղթադրամներին պատկերված են աշխատավորներ՝ բանվորներ ու գյուղացիներ:
Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ