8 նոյեմբերի 2013 - 19:39 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական դրամի պատմությունից. Հայաստանին նվիրված խորհրդային հուշամետաղադրամներ
1965 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում թողարկվել են 68 տեսակի հուշամետաղադրամներ
1965 թվականից մինչև 1991 թվականը ԽՍՀՄ-ում թողարկված 68 տեսակի հուշամետաղադրամներից երեքը նվիրված են Հայաստանին և հայկական մշակույթին՝ «Երկրաշարժ», «Մատենադարան», «Սասունցի Դավիթ»:

«Երկրաշարժ»

3 ռուբլի անվանական արժեքով հուշադրամը նվիրված է այն համաժողովրդական օժանդակությանը, որ Հայաստանըստացավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո:

Այն շրջանառության մեջ է դրվել 1989 թվականի դեկտեմբերի 7-ին:

Մետաղադրամի տեխնիկական տվյալները

Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25)

Զանգվածը՝ 14,35 (+0,2/-1,0) գ

Տրամագիծը՝ 33,0 (+0,25) մմ

Դրամաշուրթը՝ 2,3 (±0,3) մմ

Գուրտը՝ մակագրությամբ

Ընդհանուր տպաքանակը՝ 3,0 մլն հատ

Թողարկման հիմնական մասը 2,7 մլն հատ քանակով, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,3 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով:

Մակագրությունները հուշամետաղադրամի վրա ռուսերենով են:

Հուշադրամի դիմերեսի վերին մասում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը: Ներքևում մակագրված է «ԽՍՀՄ»: Ստորին մասում երկու տողով նշված է անվանական արժեքը՝ «3» և «ռուբլի» («ռուբլի» բառը մակագրված է կիսաշրջագծով): Ստորին մասում եզրի մոտ նշված է թողարկման տարեթիվը՝ 1989:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է 5 ձեռք՝ խորհրդանշելով 5 մայրցամաքի օգնությունը, որոնք Արարատի ֆոնին պահում են հավերժական կրակով գավաթը: Լեռը պատկերված է թռչունի թևերի տեսքով: Գավաթի վերևում մակագրված է «Հայաստան»: Վերին մասում դրամաշուրթի մոտ շրջագծով գրված է «Երկրաշարժի, կարեկցանքի և արարման գոտի»: Ստորին մասում պատկերված են ավերակներ ու եկեղեցու զանգ: Ներքևում դրամաշուրթի մոտ նշված է տարեթիվը՝ 7.12.1988 թ.:

Հարթ գուրտի վրա երկու տեղում առկա է փորագրած «երեք ռուբլի» մակագրությունը: Մակագրություններն երկու տեղում զատված են աստղանիշով:

Երկու կողմից մետաղադրամի դրամաշուրթն ուռուցիկ է: Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Ա. Ադամյանը (Երևան): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) դրամահատարանում:

«Մատենադարան»

5 ռուբլի անվանական արժեքով մետաղադրամին Երևանի Մատենադարանի շենքն է:

Մետաղադրամը թողարկվել է 1990 թվականի հոկտեմբերի 31-ին:

Մետաղադրամի տեխնիկական տվյալները

Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25)

Զանգվածը՝ 19,8 (+0,2/-1,0) գ

Տրամագիծը՝ 35,0 (+0,25) մմ

Դրամաշուրթը՝ 2,6 (±0,3) մմ

Գուրտը՝ մակագրությամբ

Ընդհանուր տպաքանակը՝ 3,0 մլն հատ

Թողարկման հիմնական մասը՝ 2,6 մլն հատ, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,4 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով:

Բոլոր մակագրությունները հուշամետաղադրամին ռուսերենով են:

Հուշադրամի դիմերեսի վերին մասում պատկերված է ԽՍՀՄ զինանշանը: Պատկերի ներքևում «ԽՍՀՄ» մակագրությունն է: Ստորին մասում երկու տողով նշված է անվանական արժեքը՝ «5» և «ռուբլի» («ռուբլի» բառը գրված է կիսաշրջանագծով): Եզրի մոտ ներքևում նշված է թողարկման տարեթիվը՝ 1990:

Մետաղադրամի դարձերեսին Մատենադարանի շենքի ֆոնին հայկական այբուբենի պատկերն է: Ձախ կողմում մոմով մոմակալ է, իսկ աջից ստորին մասում պատկերված է սուրով և վահանով արծիվ, որից վերև երկու տողով գրված է «Երևան» և «1959» (Մատենադարանի շենքի կառուցման ավարտի տարեթիվը):

Հարթ գուրտի վրա երկու տեղում «հինգ ռուբլի» մակագրությունն է: Մակագրությունները երկու տեղում տարանջատված են աստղանիշով:

Երկու կողմից մետաղադրամն ուռուցիկ դրամաշուրթ ունի: Մետաղադրամի էսքիզի հեղինակն է Ա. Կոլոդկինը (Մոսկվա): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) դրամահատարանում:

«Սասունցի Դավիթ»

5 ռուբլի անվանական արժեքով հուշադրամին Երևանում կանգնեցված համանուն հայկական էպոսի հերոս Սասունցի Դավթի հուշարձանն է:

Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին:

Մետաղադրամի տեխնիկական տվյալները

Մետաղը՝ պղնձանիկելային համաձուլվածք (ՊՆ-25)

Զանգվածը՝ 19,8 (+0,2/-1,0) գ

Տրամագիծը՝ 35,0 (+0,25) մմ

Դրամաշուրթը՝ 2,6 (±0,3) մմ

Գուրտը՝ մակագրությամբ

Ընդհանուր տպաքանակը՝ 2,5 մլն հատ

Թողարկման հիմնական մասը՝ 2,15 մլն հատով, սովորական որակի է և նախատեսված է շրջանառության համար, իսկ մնացած մասը՝ 0,35 մլն հատը, նախատեսված է ժողովածուների համար և պատրաստված է «պրուֆ» որակով:

Մետաղադրամը շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի նոյեմբերի 13-ին:

Հուշադրամի դիմերեսի վերին մասում ԽՍՀՄ զինանշանն է: Պատկերի ներքևում «ԽՍՀՄ» մակագրությունն է: Ստորին մասում երկու տողով անվանական արժեքն է՝ «5» և «ռուբլի» («ռուբլի» բառը գրված է կիսաշրջանագծով): Եզրի մոտ ներքևում նշված է թողարկման տարեթիվը՝ 1991:

Մետաղադրամի դարձերեսին Սասունցի Դավթի հուշարձանն է, ստորին մասում նշված է հուշարձանի կանգնեցման տարեթիվը՝ «1959»: Տարեթվի եզրով զարդանախաշ է անցնում: Դրամաշուրթին կա շրջանաձև մակագրություն՝ «Սասունցի Դավթի հուշարձանը»: Ներքևում դրամաշուրթի մոտ մակագրված է «Երևան»:

Հարթ գուրտի վրա երկու կողմից փորագրված է «հինգ ռուբլի»: Մակագրությունը երկու տեղում տարանջատված է աստղանիշով:

Երկու կողմից դրամաշուրթն ուռուցիկ է: Էսքիզի հեղինակն է Ա. Բակլանովը (Սանկտ Պետերբուրգ): Մետաղադրամը հատված է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) դրամահատարանում:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo