18 նոյեմբերի 2013 - 17:55 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայկական դրամի պատմությունից. Ներդրումային մետաղադրամները
Ի՞նչ է ներդրումային մետաղադրամը: Պատասխանը թաքնված է հենց անվան մեջ՝ մետաղադրամ է, որը ներդրումների առարկա է
Ներդրումային կամ ձուլածո մետաղադրամները (ինչպես դրանք հաճախ անվանում են) դրամների մի առանձին խումբ են: Դրվագվում են թանկարժեք մետաղներից՝ ոսկուց և արծաթից (սահմանափակ քանակով նաև պլատինից ու պալադիումից), ի տարբերություն կոլեկցիոն մետաղադրամների, դրվագվում են միայն 999 և ավելի բարձր հարգի թանկարժեք մետաղներից:

Ներդրումային մետաղադրամների հիմնական տարբերությունը կոլեկցիոն մետաղադրամներից՝ դրանց հատումը հատուկ որակ չի պահանջում, իսկ պատրաստման ժամանակ չեն կիրառվում բարդ տեխնոլոգիական գործընթացներ թանկարժեք ու այլ քարերի, գունավոր էմալների օգտագործմամբ, քանի որ դրա կարիքը չկա: Ներդրումային մետաղադրամները նաև հատուկ փաթեթավորում չունեն՝ հատուկ տուփեր, գունազարդ բուկլետներ և այլն: Փաթեթավորված են պարզ, իսկ երբեմն անգամ բացակայում է: Վերջին հաշվով, այդ բոլոր առանձնահատկությունները մեկ նպատակ են հետապնդում՝ առավելագույնս նվազեցնել նեդրումային մետաղադրամների ինքնարժեքը:

Ներդրումային մետաղադրամների շրջանառության կարևորագույն առանձնահատկությունն է, որ շատ երկրներում նեդրումային մետաղադրամների առք ու վաճառքի ժամանակ վերջիններս չեն հարկվում ավելացված արժեքի հարկով: Ուստի դրանց վաճառքի գինը առավելագույնս մոտ է մետաղադրամում պարունակվող թանկարժեք մետաղի գնին, ինչն էլ այնավելի գրավիչ է դարձնում բնակչության լայն շրջանակների համար: Ներդրումային մետաղադրամների իրացման ժամանակ, որպես կանոն, ամեն օր հաստատվում են առք ու վաճառիք գները: Գները հաշվարկվում են ելնելով մետաղադրամի մեջ պարունակվող թանկարժեք մետաղի գնից, որը ձևավորվում է թանկարժեք մետաղների իրացման միջազգային շուկաներում:

Ներդրումային մետաղադրամների թողարկման պատմությունը սկսում է 19-րդ դարից: Առաջին ներդրումային մետաղադրամները թողարկվել են Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլուր: 20-րդ դարի երկրորդ կեսին ներդրումային մետաղադրամների հանդեպհետաքրքրութունն աշխարհում աճում է, շատ երկրներ սկսում են թողարկել ինչպես առանձին մետաղադրամներ, այնպես էլ ներդրումային դրամների շարքեր:

Վերջին տարիներին, երբ աշխարհը ցնցվում է տնտեսական ու բնական աղետներից, բնակչության համար արդիական է դառնում կուտակումները պահպանելու հարցը: Այդ հանգամանքն անմիջապես արտացոլվում է նաև նումիզմատական շուկաներում, մասնավորապես, վերջերս կտրուկ աճել է հենց ներդրումային մետաղադրամների հանդեպ հետաքրքրությունը: Դա հաշվի առնելով, շատ երկրներ մշակում են մետաղադրամների թողարկման նոր պլաններ կամ ընդլայնում են հները:

Այդ գործընթացներից զերծ չմնաց նաև Հայաստանը, որը 2011-2012 թ. թողարկեց «Նոյյան տապան» ներդրումային մետաղադրամների առաջին շարքը:

«Նոյյան տապան» մետաղադրամի հիմնական տեխնիկական տվյալները ներկայացված են աղյուսակում:

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Քաշը՝ 1/4 տրոյան ունցիա

Տրամագիծը՝ 20.18

Մետաղն ու հարգը՝ 999 հարգի արծաթ

Գուրտը՝ անհարթ

Ընդհանուր տպաքանակը՝ մինչև 2 000 հազար հատ

Անվանական արժեքը՝ 20 000 դրամ

Քաշը՝ 5 կգ

Տրամագիծը՝ 149.62 մմ

Մետաղն ու հարգը՝ 999 հարգի արծաթ

Գուրտը՝ անհարթ

Ընդհանուր տպաքանակը՝ մինչև 50 հազար հատ

Մետաղների պատրաստման որակը սովորոկան է (չշրջանառվող)

Միատեսակ ձևավորված մետաղադրամների դիմերեսին պատկերված է Հայաստանի պետական զինանշանը, «Հայաստանի Հանրապետություն» շրջանաձև մակագրութույն կա հայերենով և անգլերենով, ինչպես նաև նշված են անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, քաշը, մետաղի հարգն և դրամահատարանի ապրանքանիշը:

Բոլոր մետաղադրամների դարձերեսը ձևավորված է միատեսակ. պատկերված է Նոյյան տապանն ու Արարատ լեռան ֆոնին ձիթենու ճյուղը կտուցին աղավնին: Կա նաև հայերենով և անգլերենով «Նոյյան տապան» մակագրությունը:

Մետաղադրամների սերիան շրջանառության մեջ է դրվել 2011-2012-ին, մետաղադրամները համապատասխանաբար թվագրված են 2011 և 2012 թվականներով:

Սերիան շրջանառության մեջ է դրվել փուլերով:

2011 թվականին.

2011 թ. նոյեմբերի 14-ին թողարկվեցին 1/4 և 1/2 տրոյան ունցիա քաշով 2011 թ. նմուշի մետաղադրամները:

2011 թ. հունիսի 27-ին թողարկվեց 1 տրոյան ունիցա քաշով 2011 թ. նմուշի մետաղադրամը:

2012 թվականին.

2012 թ. ապրիլի 2-ին թողարկվեցին 1/4, 1/2 և 1 տրոյան ունցիա քաշով 2012 թ. նմուշի մետաղադրամներ: Նույն թվականի հունվարի 10-ին թողարկվեցին 5 և 10 տրոյան ունցիա և 1,5 կգ քաշով 2012 թ. նմուշի մետաղադրամներ: «Նոյյան տապան» ներդրումային մետաղադրամների շարքը կշարունակվի: Այս տարի շրջանառության մեջ կդրվեն 2013 թ. թվագրված մետաղադրամներ: «Նոյյան տապան» սերիայի ներդրումային մետաղադրամները վճարման օրինական միջոց են Հայաստանի ամբողջ տարածքում և պարտադիր են ընդունման համար բոլոր տեսակի վճարումների դեպքում ըստ անվանական արժեքի առանց որևէ սահմանափակումների:

Հայաստանի ներդրումային մետաղադրամների թողարկման պայմաններով վերջիններս չեն իրացվում ՀՀ տարածքում, այլ տարածվում են միջազգային շուկայում: ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ 2012-ի դեկտեմբերի 25-ին շրջանառության մեջ դրվեցին «Նոյյան տապան» սերիայի 1/4 (7.77 գ), 1/2 (15.55 գ) և 1 (31.1 գ) տրոյան ունցիա քաշով կոլեկցիոն մետաղադրամները, թվագրված 2012 թվականով: Կոլեկցիոն մետաղադրամները դիզայնով և տեխնիկական բնութագրերով (քաշ, մետաղ, հարգ, տրամագիծ) չեն տարբերվում նույնանման ներդրումային մետաղադրամներից: Այս սերիայի կոլեկցիոն մետաղադրամների առանձնահատկությունն որկան է՝ «պրուֆ» որակի են: Կոլեկցիոն մետաղադրամները տարբերվում են նաև գուրտի ձևավորմամբ: Մետաղադրամների գուրտն անհարթ է և միաժամանակ համարակալված: Կոլեկցիոն մետաղադրամներից յուրաքանչյուրի տպաքանակը 2000 հատ է: Յուրաքանչյուր կոլեկցիոն մետաղադրամ տուփի մեջ է և ունի բնագրի վկայական: «Նոյյան տապան» սերիայի կոլեկցիոն մետաղադրամներն իրացվում են ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ միջազգային շուկայում:

«Նոյյան տապան» ներդրումային և կոլեկցիոն մետաղադրամների էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Բոլոր մետաղադրամները հատված են Գերմանիայում «GEIGER EDELMETALLE GmbH» դրամահատարանում:

Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net