Ըստ Մխիթար Այրիվանեցու, X դարում Սբ Ամենափրկիչ եկեղեցին այստեղ կառուցել է մոտակա Քեղվա բերդի իշխան Գևորգը (հավանաբար, Գևորգ Մարզպետունին): Ըստ շինարձանագրության, 1013-ին այն վերակառուցել է Գրիգոր Մագիստրոսը:
Հավուց Թառն երկու հուշարձանախումբ ունի։ Արևմտյան հատվածի XIII դարի գլխավոր եկեղեցին սրբատաշ կարմրավուն տուֆից է, պատերին արձանագրություններ կան, իսկ գմբեթն ու ծածկը քանդված են։
Եկեղեցու հարավից երկու մատուռ կա, որոնք այժմ նույնպես ավերված են: Արևելյան խմբի կենտրոնում Սբ Կարապետն է: Գմբեթավոր դահլիճի հորինվածքով եկեղեցին սկսել են կառուցել քառասյուն ժամատան ավերակի հյուսիսային կեսի վրա, բայց լեզգիների առաջին արշավանքի պատճառով այն անավարտ է մնացել:
XI դարին այստեղ է պահվել Հայ եկեղեցու հնագույն և հռչակավոր սրբություններից մեկը՝ Քրիստոսին խաչից իջեցնելու տեսարանով «Սբ Ամենափրկիչ» փայտե սրբապատկերը (այստեղից էլ վանքի երկրորդ անունն է): 1755-ին լեզգիների երկրորդ արշավանքից հետո վանքը լքել են, իսկ «Սբ Ամենափրկիչ» սրբապատկերը տեղափոխել Էջմիածին:
Մինչև 1294-ը վանքում է պահվել նաև հայ հնագույն ձեռագրերից մեկը՝ VII դարին վերագրվող «Վեհամոր Ավետարանը», որն այնուհետև տեղափոխվել է Արցախ, իսկ այժմ Մատենադարանում է:
1679-ին հունիսի 4-ին վանքն երկրաշարժից ավերվել է։ Արդեն XVIII դարում Աստվածատուր կաթողիկոսը վերանոգորել է այն, կառուցել պարիսպներ, խցեր և թաղածածկ հյուրատուն: Վանքը գործել է մինչև XVIII դարի երկրորդ կեսը:
Վանական այս համալիրն այժմ ճարտարապետական հուշարձան է՝ այն ընդգրկված է մշակույթի նախարարության Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Չնայած դրան, Հավուց Թառի Ամենափրկիչը կամաց-կամաց քանդվում է, եկեղեցու շրջակայքում խնջույքներ են կազմակերպվում, որոնք ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են շինության ներս, իսկ վանքի խաչքարերն օգտագործվում սեղանների, աթոռների, ինչպես նաև մանղալի փոխարեն։