19 փետրվարի 2014 - 13:24 AMT
ՀՈԴՎԱԾ
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի գազանաբար սպանությունից 10 տարի է անցել
Նրան քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը
10 տարի է անցել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի անմարդկային ու վայրագ սպանությունից: Նրան քնած ժամանակ կացնահարեց ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը: 2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի քաղաքային դատարանը դատապարտեց մարդասպանին ցմահ ազատազրկման 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի:

Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվեց «Արիության համար» մեդալով: 2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց ոճրագործին: Հայրենիքում Սաֆարովին ներում և հերոսի կոչում շնորհեցին, ինչպես նաև բնակարան տվեցին ու վճարեցին 8 տարվա համար նախատեսված աշխատավարձը: Ի պատասխան Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո:

Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության ենթարկեց Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար:

Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել է 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները:

Ավելի ուշ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը փակ կուսակցական նիստում խոստովանել էր, որ որոշում է կայացրել մարդասպանին Ադրբեջանին արտահանձնելու մասին, թեև գիտեր, որ վաղ թե ուշ նրան ազատելու են: Կուսակցական նիստում Օրբանը հայտարարել էև, որ կուսակիցներն ու խորհրդականներն իրեն բազմիցս զգուշացրել են նման քայլի հետ կապված ռիսկերի մասին, սակայն հունգարացի վարչապետը դիտարկել էր այդ որոշոմը որպես ադրբեջանցիների օգտինժեստ հետագայում Հունգարիայի բյուջեի համար նոր վարկատուների ապահովելու համար: Օրբանը նաև խոստովանել էր, որ գիտեր հնարավոր հետևանքների մասին, սակայն կարծում էր, թե Սաֆարովին մի քանի ամիս անց կազատեն «առողջական վիճակի պատճառով»:

Հունգարիայի ընդդիմադիր սոցիալիստական կուսակցության առաջնորդ Աթիլա Մեշտերհազին Օրբանին անվանել էր «բարոյազուրկ» և կոչ արել հրաժարական տալ: Ինչպես հայտարարել էր Մեշտերհազին, Օրբանը պետք է անձնական պատասխանատվություն կրի իր որոշման հետևանքով առաջացած սկանդալի համար:

Փետրվարի 16-ին Մոսկվայի Սբ Պայծառակերպության մայր տաճարում հայ սպայի հիշատակին պատարագ է մատուցվել ու ծաղկեպսակ դրվել:

Ինչպես ասացին PanARMENIAN.Net-ին, Ռուս-հայկական կազմակերպությունների Համակարգող խորհուրդը (ՌՀԿ ՀԽ) հայտարարություն է արել, որտեղ ասվում է. «Հայ սպայի ստոր սպանությունը գործել է նույն դասընթացների մասնակից ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը: Նա կացնահարել է Գուրգեն Մարգարյանին միայն հայ լինելու պատճառով»:

Սաֆարովը ոչ միայն ուղղակի սպանեց Գուրգեն Մարգարյանին, այլ 16 հարված հասցրեց նրա դեմքին, գրեթե անջատելով գլուխը մարմնից:

Արյունարբու մարդասպանի հերոսացումը բացասական հետևանքներ կունենա Ադրբեջանի և նրա ԶՈւ հեղինակության համար: Եվ պատահական չէ, որ առաջնորդներից շատերը դատապարտեցին Բաքվի հակամարդկային քայլերը:

Պետք է նշել, որ Կովկասում դարեր ի վեր բարձր են գնահատվել զինվորի այնպիսի հատկությունները, ինչպիսիք են արիությունը, ազնվությունը, ուժն ու քաջությունը: Եվ անզեն ու քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը ստոր, նենգ ու անազնիվ արարք է: Նման «հերոսներին» Կովկասում միշտ արհամարհել են:

Մոսկվայում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը մասնկցել են հազարավոր մոսկվաբնակ հայեր ու տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: «Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարարությունը 2012-ի օգոստոսի 31-ին հայտարարել է հայազգի Գուրգեն Մարգարյանի սպանության համար 2004-ի փետրվարի 19-ին ձերբակալված և ցմահ ազատազրկման դատապարտված ազգությամբ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան փոխանցումն արտոնելու մասին: Ընդունելով նման որոշում` նախարարությունը հղում է կատարել 1983-ի Դատապարտվածների փոխանցման Ստրասբուրգի կոնվենցիային: Հայաստանի իշխանությունները Հունգարիայի կառավարությանը բազում առիթներով տեղեկացրել են Ռամիլ Սաֆարովի կողմից իրականացված սպանությունը Ադրբեջանի պետական մակարդակով` ներառյալ նախագահի, փառաբանելու և արդարացնելու մասին:

Հունգարիայի կառավարությունը չէր կարող տեղյակ չլինել Ադրբեջանի իշխանությունների տարբեր մակարդակներում հնչեցրած բազում հայտարարություններին, որոնք պետք է որ բավարար հիմք հանդիսանային կասկածի ենթարկելու Ադրբեջանում դատավճռի իրականացման շարունակմանը: Ուստի, Հունգարիայի կառավարությունը պետք է կանխատեսեր Ռամիլ Սահիբ Սաֆարովի փոխանցման վերաբերյալ կայացրած իր որոշման հետևանքները, որի արդյունքում արդյունավետ կերպով դադարեցվեց սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ արդարադատության իրականացումը: Հունգարիայի կառավարությունն, այսպիսով, կիսում է ծանր հանցագործության հովանավորման բարոյական պատասխանատվությունը:

Հունգարիայի կառավարությունը տարբեր մակարդակներով, ներառյալ ամենաբարձրը, հետևողականորեն և մինչև վերջին պահը հավաստիանում էր Հայաստանի կառավարությանը, որ որևէ քայլ չի ձեռնարկի, որի արդյունքում ահասարսուռ սպանությունը կատարած հանցագործի նկատմամբ կդադարի արդարադատության իրականացումը և հստակորեն բացառել է հանցագործին փոխանցելու որևէ տարբերակ: Ցավալի է նաև Հունգարիայի կառավարության կողմից այս գործարքի իրականացման ձևը:

Հայաստանը դիտարկում է Հունգարիայի կառավարության վերոնշյալ որոշումը որպես ոչ բարեկամական քայլ, որը խաթարում է Հայաստանի և Հունգարիայի միջև առկա գործընկերային լավ հարաբերությունները: Այսօր Հայստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությանը երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` Հայաստանի կառավարության որոշման մասին»,- ասվում էր Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայ սպայի մարդասպան Ռամիլ Սաֆարովը կատարում էր Ադրբեջանի պետական պատվերը, գտնում է Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերը պաշտպանող փաստաբան Նազելի Վարդանյանը: «Միշտ համոզված եմ եղել, որ դա պետական պատվեր էր և Ռամիլ Սաֆարովը կատարել է այն»,- 2012-ին հայտարարել էր նա: Ըստ Վարդանյանի, ադրբեջանական իշխանությունները դատավարության հենց սկզբից գործուն մասնակցություն են ունեցել՝ արդարացնելով նրան և փորձելով մեղմել դատավճիռը: Նա նշել է, որ Ադրբեջանը նույնիսկ դեսպանատուն էր բացել Բուդապեշտում և բոլոր դատական նիստերին ներկա էին Հունգարիայում Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանատների ներկայացուցիչները:

Վարդանյանը հիշեցրել է նաև, թե ինչպես մարդասպան Սաֆարովին հերոսացրին Ադրբեջանում: Նա մեջբերել է Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի խոսքերը, որ «Սաֆարովը պետք է օրինակ ծառայի ադրբեջանցի երիտասարդների համար», նաև հիշատակել Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ հայերին պետք է Ղարաբաղում սպանել, ինչպես նաև ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչի այն արտահայտությունը, թե նման դեպք կարող է նաև ԵՄ կատարվել, քանի որ «վրեժի կացինը սպառնում է ամեն մի հայի»:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net