Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը, ասում էր Իսահակյանը: «Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը»:
Հայ մեծագույն գրողն ու բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869-ի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։ Իմիջիայլոց, հենց այնտեղ էլ Թումանյանը գրել է իր առաջին պոեմը, 12 տարեկանում: 1883-ից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան ճեմարանում, բայց նյութական ծանր վիճակի պատճառով 1887-ին ստիպված է եղել թողնել դպրոցն ու սկսել աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893-ը Հայ հրատարակչական միության գրասենյակում:
Ստեղծագործել ու գործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ Թումանյանը սկսել է 80-ականների կեսից ։ Բայց ճանաչել նրան սկսել են «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-92) լույս տեսնելուց հետո։
1888-ին Թումանյանը 19 տարեկան էր, երբ ամուսնացավ տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք 10 երեխա ունեցան՝ Մուշեղը, Աշխենը, Նվարդը, Արտավազդը, Համլիկը, Անուշը, Արփենիկը, Արեգը, Սեդան ու Թամարն: Կրտսեր որդին՝ Արեգը, դիահերձման ժամանակ գողացել էր հոր սիրտը, որը տեղափոխել էր Թիֆլիս: Այնտեղ այն պահվում էր բանաստեղծի գրասենյակում մինչև 1948-ը, այնուհետև տեղափոխվել էր Երևանի անատոմիական թանգարան, իսկ արդեն 1994-ին՝ հայրենի Դսեղ, որտեղ էլ հողին էր հանձնվել:
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանը XIX դարի վերջին տասնամյակը - XX դարի սկիզբն է։ Իր ստեղծագործություններից շատերում նա նկարագրում էր նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը լի է ներքին ու հաճախ ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված Թումանյանի «Մարոն», «Լոռեցի Սաքոն» ու «Անուշը»:
Թումանյանի պոեզիան առավելագույն ուժի է հասնում քնարական պոեմներում, ասում էր ռուս պոետ Վալերի Բրյուսովը:
«Այլ ժողովրդի ընթերցողների համար Թումանյանի պոեմներին (օրինակ`«Անուշ»-ին) ծանոթանալը ժամանակակից Հայաստանն ու նրա կյանքը ճանաչելու գործում ավելի շատ բան կտա, քան կարող են տալ հատուկ հետազոտությունների հաստ հատորները: Բանաստեղծը ցայտուն ու վառ գծերով վերակենդանացնում է հայրենի ժողովրդի կենցաղը, բայց անում է դա որպես արվեստագետ` կյանքի կոչելով անմոռանալի կերպարներ, ոչ այնքան անհատականացված, որքան տիպական»:
Իսկ նկարիչ Մարտիրոս Սարյանը բանաստեղծի մասին ասում էր. «Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում լայն հյուրասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխաները… Այժմ, նոր կյանքի կերտման այս դարաշրջանում, անցյալի ֆոնի վրա մեծ բանաստեղծի կերպարանքն ավելի ու ավելի է ցայտուն ելնում որպես փայլող գագաթ»:
Բանաստեղծի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ժողովրդական բանահյուսությունն է։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը» հիմնված է ժողովրդական առասպելի վրա, ինչպես նաև «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմներն ու «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։
«Նրան, ով գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն», «Մուկիկի մահը»` իրոք որ չի կարելի համաշխարհային արվեստի առաջնակարգ վարպետի շարքը չդասել», Թումանյանի մասին ասել է ռուս մանկագիր Կոռնեյ Չուկովսկին:
1899-ին բանաստեղծը կազմակերպել էր «Վերնատուն» գրական խմբակը, որին անդամակցում էին բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի էր նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թթ. մասնակցում էր Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարությունը նրան երկու անգամ ձեռբակալել էր (1908 և 1911):
Թումանյանին միշտ մտահոգում ու հուզում էին հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916-ին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում, հասել մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։
1912–1921 թթ.-ը նախագահում էր Հայ գրողների կովկասյան միությունը, իսկ արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22 թթ.):
1921-ի աշնանը Թումանյանը մեկնել էր Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադարձավ հիվանդացած։ 1922-ին տարած վիրահատությունից հետո բանաստեղծի ինքնազգացողությունը բավական լավացել էր, բայց սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել տվեց։ Նրան տեղափոխել էին Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, բայց ապարդյուն՝ 1923 մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվել էր: