25 մարտի 2014 - 13:40 AMT
ՀՈԴՎԱԾ
Քեսաբի հայերն արդեն երրորդ Ցեղասպանությունն են ապրում
Քեսաբում առաջին կոտորածը 1909 թվականին էր, երբ հայ բնակչության մեծ մասը կոտորվեց
Հայերը Քեսաբում վաղուց են ապրում, Սիրիայի այդ գավառը համարվում է «հայկական»: 1915 թ. Ցեղասպանությունից հետո այստեղ ապաստան գտան թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մարդիկ: Թվում էր, թե կյանքը հունի մեջ է մտել, թեև, իրոք այդպես էր վերջին 100 տարում: Բայց հայերը Քեսաբում ավելի վաղ են հաստատվել: Վաղ անցյալում այդ տարածքը մտնում էր Կիլիկյան թագավորության կազմի մեջ, այնպես որ, չնայած պատմության ողբերգական շրջադարձներին, հայերն այստեղ իրենց հողում են ապրում: 2006 թվականի տվյալներով Քեսաբում 2500-3000 հայ է բնակվում: Քեսաբում առաջին կոտորածը 1909 թվականին էր, երբ հայ բնակչության մեծ մասը կոտորվեց։ 1915 թվականին հայ բնակչության քանակը 8000-ից մի փոքր ավելի էր, Ցեղասպանությունից հետո այն կրճատվեց ևս 5 հազարով: Մնացած երիտասարդները՝ 70 հոգի, համալրեցին ֆրանսիական բանակի Հայկական լեգիոնը և մարտնչում էին Թուրքիայի դեմ: 1920 թվականին հայերի քանակը Քեսաբում 2363 էր, իսկ 1923-ին՝ 3 500 մարդ:

Առաջին համաշխարհայինի ավարտին ըստ Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումների, տարածքն անցավ ֆրանսիական տիրապետության տակ: Ըստ 1921 թվականի հոկտեմբերի 20-ի ֆրանս-թուրքական պայմանագրի Ալեքսանդրետի սանջակը հատուկ ինքնավար վարչական միավոր դարձավ ֆրանսիական մանդատի շրջանակում: 1938 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեքսանդրետի սանջակի տարածքում կազմավորվեց Հաթայի պետությունը, որը 1939 թվականի հունիսի 29-ին զավթեց Թուրքիան: Ալեքսանդրետի թուրքական օկուպացիայի պատճառով հայ բնակչությունը նորից բռնեց գաղթի ճամփան: Այդ ագրեսիայի արդյունքում Սիրիայի կազմում մնաց նախկին սանջակի մի փոքր մասը միայն՝ Քեսաբը: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, 1946-1947 թթ. շուրջ 2,4 հազար քեսաբահայեր, այլ աղբյուրներով, մոտ 3,8 հազար, հայրենադարձվեցին Խորհրդային Հայաստան:

Այսօր Քեսաբի հայ բնակչությունը հերթական անգամ հայտնվել է բնաջնջման վտանգի առջև և կրկին Թուրքիայի Հանրապետության ձեռքով: Մոտ 400 հայ ընտանիք ապաստան է գտել Լաթակիայում, մի քանի մարդու ճակատագիր Քեսաբի վրա գրոհայինների հարձակումից հետո անհայտ է մնում: «Բազում հայ ընտանիքներ ապրում են Լաթակիայում հարազատների ու բարեկամների մոտ, ոմանք ապաստան են գտել հայկական եկեղեցում: Հալեպի թեմը և Սիրիայի Կարմիր Մահիկի կազմակերպությունն օգություն են ցուցաբերում փախստականներին»,- ասել է Լաթակիայի հայ համայնքի ներկայացուցիչ Ներսես Սարգսյանը: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Ըստ Սարգսյանի, ապստամբները Սիրիա են ներթափանցել Թուրքիայից և աջակցություն են ստանում թուրք զինվորականներից: Վիրավոր գրոհայինները տեղափոխվում են Թուրքիա բուժման նպատակով:

Լիբանանում Սիրիայի դեսպանն այցելել է Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին՝ փոխանցելով նրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուղերձն այն մասին, որ խաղաղությունը Քեսաբում կրկին կվերահաստատվի: Անթիլիասից Լաթակիա է ժամանել եկեղեցականների խումբը, որը պետք է գնահատի հասցված վնասը և աջակցություն հայտնի փախստականներին: Մարտի 23-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հաստատեց հաղորդագրությունն այն մասին, որ թուրք զինվորականները սիրիական կործանիչ են ոչնչացրել Քեսաբի երկնքում: Անկարայում պնդում են, որ սիրիական ինքնաթիռը ներխուժել է Թուրքիայի օդային տարածք: Ռեակտիվ ինքնաթիռը կործանվել է Քեսաբում: Ըստ Անկարայի, այն կրակի տակ է հայտնվել թուրքական սահմանը հատելուց հետո:

Հայ-արաբական համաշխարհային իրավական խորհուրդը դատապարտել է ահաբեկիչների խմբավորումների զինյալ ագրեսիան Քեսաբում՝ նշելով, որ գրոհայիններին աջակցում է թուրք վարչապետ Էրդողանը: Հայտարարության մեջ ասվում է.«Թուրքիայի կառավարությունը նախապես ծրագրել էր Քեսաբի շրջանում հարձակումը, որի հետևանքով 6 հազար Սիրիայի քաղաքացիներ ստիպված եղան լքել իրենց տներն ու փախստական դառնալ: Նրանց մեծ մասը հայեր են: Նախորդ դարում Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանությունն ու բռնագաղթն Էրդողանի գլխավորությամբ շարունակում է նոր սերունդը»:

Աղբյուրը Սիրիայի արտաքին գործերի ու էմիգրանտների գծով նախարարությունում հայտարարել է, որ մարտի 21-ին ու 22-ին Քեսաբի սահմանային շրջանում Թուրքիան աննախադեպ ու ոչնչով չարդարացված ագրեսիա է իրականացրել Սիրիայի ինքնիշխանության դեմ, ինչը հաստատում է, որ Էրդողանի կառավարությունը հենց սկզբից մեղսակից էր սիրիական ճգնաժամին: Դա արտահայտվում է ավազակային կազմավորումներին աջակցելու միջոցով, որոնք Սիրիա են ներթափանցում թուրքական տարածքից՝ սպանելով խաղաղ բնակիչներին ու ոչնչացնելով ենթակառուցվածքային օբյեկտները: «Թուրքիայի միջամտությունը ներսիրիական հարցերին արտացոլում է Թուրքիայի կառավարության քաղաքականության ձախողումը՝ թուրք ժողովրդի կարիքները հոգալու առումով: Բազմահազարանոց հակակառավարական հանրահավաքների մասնակիցները պահանջում են Էրդողանի հրաժարականը՝ կոռուպցիայի մեջ մեղադրելով նրա թիմը:

Սիրիան պահանջում է Էրդողանի կառավարությունից դադարեցնել ագրեսիան ու աջակցությունն ահաբեկչությանը, պահպանել ՄԱԿ ԱԽ բանաձևերը, հրաժարվել արկածախնդրությունից և թուրքական բանակը հարևան պետության դեմ օգտագործելուց, որը եղբայրական վերաբերմունք ունի թուրք ժողովրդի հանդեպ և ցանկանում է պահպանել բարիդրացիական հարաբերությունները ի շահ երկու երկրների ու ժողովրդների»,-ասվում է Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Սակայն, ինչպես և 100 տարի առաջ, միջազգային հանրության հորդորներն, ուղղված Թուրքիային, անարձագանք են մնում: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին՝ կոչ անելով պարտադրել Թուրքիային դադարեցնել աջակցությունը գրոհայիններին, որոնք հարձակվել են սիրիական հայաբնակ Քեսաբի վրա:

ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը կոչ է արել Օբամային հանձնարարել ԱՄՆ պետքարտուղարին, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչին կասեցնել Քեսաբի վրա հարձակումները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության բռնագաղթի, թալանի ու եկեղեցիների պղծման:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները դիմել են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության և արտաքին գործերի հանձնախմբի անդամներին, որպեսզի նրանք, օգտագործելով Կոնգրեսի ազդեցությունը, վերջ տան Թուրքիայի մասնակցությանը Քեսաբի ոչնչացմանը: «Հարձակումները Քեսաբի հայության դեմ փաստացի հարձակումներ են բոլոր հայերի վրա»,- նշել է Խաչիկյանը:

Ցավոք, Թուրքիայում ԱՄՆ ներկայիս դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն Հենրի Մորգենթաու չէ, նա գերադասում է մի կողմ քաշվել: …Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին՝ մարտի 24-ին, Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մամուլի համար հայտարարություն է արել։ Նախագահն իր մտահոգությունն է հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ` հիշելով Քեսաբի պատմությունը, «որը վերջին հարյուրամյակի ընթացքում հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով»:

«Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունն ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:

«Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը ցնցված է Քեսաբի իրադարձություններով, որոնց արդյունքում թուրք զինյալների գործողությունների հետևանքով տեղի հայ բնակչությունը կրկին բռնագաղթի է ենթարկվել և Ցեղասպանությունից գրեթե 100 տարի անց նորից գաղթի ճամփան բռնել», -ասվում է ԱԺ պատգամավորների հայտարարության մեջ:

«Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ, իսկ աշխարհասփյուռ հայությանը՝ միավորելու ջանքերը սատար կանգնելու սիրիահայության իրավունքների պաշտպանությանը»,- ասվում է նրանց տարածած հայտարարությունում: Գուցե այս անգամ միջազգային հանրությունը խուլ չմնա Քեսաբի հայերի ողբերգության հանդեպ, ո՞վ գիտի…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net