24 ապրիլի 2014 - 16:39 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
«99»․ Ցեղասպանության մեխանիկան
Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ
Ինչպե՞ս իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, քանի՞ փուլով թուրքական իշխանությունները ի կատար ածեցին այդ հրեշավոր ծրագիրը և ի՞նչն էր հատկանշական յուրաքանչյուր փուլում:

1. Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը իրենց իսկ թուրք զինակիցների կողմից:

2. Երկրորդ փուլը 1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությունների շարքն էր (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում), որին հետևեց հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային գործիչների ոչնչացումը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

3. Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ և արտաքսմամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

4․ Հայոց ցեղասպանության վերջին փուլը թուրքական կառավարության զանգվածային տեղահանությունների և հայ ժողովրդի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխման, քարոզչական միջոցների, լոբբինգային գործողությունների և այլ միջոցներով:

ՖՈՏՈՇԱՐՔ