15 մայիսի 2014 - 13:14 AMT
ՀՈԴՎԱԾ
Շուշիի հնավայր. Դամբարանները թվագրվում են մ.թ.ա. X-VIII դարերով
«Ամենակարևորը Քառքառի ամրոցի հայտնաբերումն էր»,-ասել է հնագետ Համլետ Պետրոսյանը
Անմիջապես Շուշիի հին ամրոցի պատերի մոտ սկսվում է հնավայրը, որը թվագրվում է մեր թվարկությունից առաջ 7-րդ հազարամյակով: Ինչպես և միշտ, հողագործական աշխատանքների ժամանակ այն հայտնաբերել են գյուղացիները: Անշուշտ, հայտնաբերվածը խեցեղեն բեկորներ էին, բայց դա բավական էր հնավայրի գրեթե ստույգ թվագրությունը պարզելու համար:

2005-ի հունիս-հուլիսին Շուշիում ու արվարձաններում աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գիտարշավը: Արշավախումբը գլխավորում էր պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Համլետ Պետրոսյանը: Հետազոտություններն անցկացվել են երկու հիմնական ուղղություններով.

1. Հնագույն դամբարանների պեղումներ, որոնք կոչված էին կանոնակարգելու այս տարածքում հայ ազգի ձևավորման մասին տվյալները, միջնադարի հուշարձանների պեղում, որոնք ապացուցում են հայկական մշակութային շերտի առկայությունը Շուշիի սարահարթում մինչև այնտեղ Փանահ խանի հայտնվելը:

2. Տարածաշրջանում մշակութային զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին պատմեց Համլետ Պետրոսյանը, պեղվել են երկաթե դարի դամբարաններ: Քաղաքային պարսպապատից դեպի հյուսիս ու հյուսիս-արևելք ընկած տարածքներում հայտնաբերվել են մեկուսի դամբարաններ, որոնք թվագրվում են մ.թ.ա. առաջին հազարամյակով: Նույն վայրում հայտնաբերվել են կենցաղային իրեր, բրոնզից զարդեր, երկաթից պատրաստված զենք, խեցեղեն իրեր: Հայտնաբերվել են նաև տասնյակ անոթներ, պատրաստված կենդանիների կերպարների տեսքով, ինչն արտացոլում է մեր նախնիների պատկերացումներն ու հավատալիքները և վկայում բարձր վարպետության ու գեղարվեստական ճաշակի մասին:

Պեղումները Շուշիի արևելյան պարսպի մոտ գտնվող Հայ-հունական գերեզմանոցի հին հատվածում վկայում են, որ XII-XIII դարերում այստեղ հայկական գերեզմանոց է եղել, որի խաչքարերը XIX դարում օգտագործվել են նոր հուղարկավորությունների ժամանակ: Այստեղ հայտնաբերված XII-XIIIդարերի հինգ խաչքարերը հաստատեցին, որ Շուշիի սարահարթը Խաչենի իշխանության ծաղկուն շրջանում բնակեցված էր հայերով:

Սակայն ամենակարևորը Քառքառ կամ Կարկառ բերդաքաղաքի հայտնաբերումն էր: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում մոնղոլական տիպի նետասլաքի ծայրակալն ու չինական սելադոնի բեկորը: Այդ գտածոները վկայում են, որ Շուշիի սարահարթի արևելյան մասը ոչ միայն բնակեցված է եղել, այլ այստեղով անցել է առևտրային ճանապարհ, որի պաշտպանության համար էր Խաչենի իշխանները կառուցել են ամրոցը: Այս նոր տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ Հունոտի կիրճի ամրոցը հենց պատմաբանների հիշատակած Քառքառի բերդաքաղաքն է: XVII դարեսկզբում ազատագրական շարժման ընթացքում ամրոցը վերակառուցվեց ու ստացավ նոր անվանում՝ Ավանի կամ Փոքր Սղնախ:

Շուշիի պարսպի ու համապատասխան մասնագիտական գրականության մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Շուշիի ներկա տարածքում Փանահի կողմից պարիսպների կառուցումը XVIII դարի 50-ականներին եղած ամրոցներից մեկի ավերակները համընկնում են Մխիթարաշենի դարպասների մոտ գտնվող պարսպահատվածին: Այստեղ ձեռնարկած լայնածավալ պեղումները թեև դեռ հեռու են ավարտից, բայց արդեն տվել են լուրջ տվյալներ, որոնք վկայում են, որ պարսպապատերից ներս գտնվող այս հատվածը բնակեցված է եղել գոնե մ․ թ․ ա 1-ին հազարամյակի սկզբից: Սա մի լուրջ տվյալ է վերջ դնելու Շուշիի սարահարթն առաջին անգամ Փանահի կողմից բնակեցված լինելու ադրբեջանական պնդումներին: Հայտնաբերված մոտ 2000 հնագիտական գտածոն (իրեր, կավե սպասքի բեկորներ) ժամանակավորապես տեղափոխվել են Երևան, որտեղ ուսումնասիրվում են ու վերականգնվում: Աշխատանքների ավարտին 71-րդ դամբարանի նյութերը կփոխանցվեն Շուշիի պատմաերկրագիտական թանգարանին: Պեղումները Շուշիում կարևոր քայլ են հայ պատմության ու մշակույթի ուսումնասիրման, վերականգնման ու քարոզման գործում: Պետության աջակցությունն ու հովանավորությունն այս հարցում շատ կարևոր է:

Ըստ Շուշիի պատմության թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանի, Շուշիի արվարձաններում մոտ 2000 դամբարան կա, որոնց 90 տոկոսը թալանվել է դեռ նախախորհրդային շրջանում: 2005 թվականին Շուշիի արշավախումբը քարտեզագրեց դամբարանները: Մոտ մեկ ամիս տևած պեղումների արդյունքում արշավախումբը հայտնաբերեց Կուր-արաքսյան մշակույթին պատկանող երկու դամբարան, որոնք թվագրվում են մ.թ.ա X-VIII դարերով: Այնտեղ հայտնաբերվել է օբսիդիանից շեղբ, զարդեր ու այլ իրեր: Այժմ այդ ցուցանմուշները ներկայացված են Շուշիի թանգարանում և ամենահինն են:

«Իմ տվյալներով, 1974-1975 թթ. Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան պեղումներ է անցկացրել Շուշիից ոչ հեռու գտնվող քարանձավներից մեկում և գտածոների թվում եղել են ավելի հին նմուշներ, քան իմ հիշատակածները: Սակայն, այսօր այդ բոլոր ցուցանմուշները Բաքվում ներկայացված են որպես աղվանական մշակույթի նմուշներ: Այսինքն Շուշիում «աղվանական մշակույթ» են գտել»,-ասել է Աշոտ Հարությունյանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net