22 մայիսի 2014 - 11:41 AMT
ՀՈԴՎԱԾ
ՖՈՏՈՇԱՐՔ
Չտեսնված Երևան. Հայաստանի առաջին Հռիփսիմեատիպ տաճարը` Ավանի Կաթողիկե. VI-VII դար
Ակնհայտ է, որ այն կառուցվել է նախկինում գոյություն ունեցող ավելի հին սրբատեղիում
Երևանի հյուսիս-արևելյան արվարձանում՝ Ավան թաղամասում, բնակելի տներով շրջապատված, թեև առանց գմբեթի, կանգուն է VI դարում կառուցված Կարթողիկե տաճարը: Եկեղեցին չի գործում, բայց վառված մոմերի թարմ հետքերը երևում են բոլոր անկյուններում...

Ավանի Կաթողիկե տաճարը հանդիպում է նաև Սբ Հովհաննաշեն, Սբ Աստվածածին, Ծիրանավոր անուններով։ Նշանավոր ճարտարապետ Թորոս Թորոմանյանը նշել է, որ սա առաջինն է այս տիպի բոլոր հայկական եկեղեցիների մեջ, և դրա օրինակով են կառուցված նույնատիպ բոլոր տաճարները:

Տեղի բնակիչները տաճարի մեջ և դրա շրջապատում պատերից ընկած քարերը չեն տարել և օգտագործել իրենց տնտեսության մեջ և ոչ միան այն պատճառով, որ համարել են սրբապղծություն, և որ քարերը օգտագործելու դեպքում կարող էր վնաս հասցվել իրենց կյանքին և գույքին, այլև որ ավելի ձեռնտու էր նոր քար կտրել իրենց տան մոտ գտնվող քարհանքից, քան պեղմամբ փլատակների տակից դուրս հանել հարյուրավոր տարիներ արևի տակ կարծրացած հուշարձանի քարերը:

Ավանը հնում մտնում Էր Մեծ Հայքի Այրարատ աշխարհի, Կոտայք գավառի մեջ։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1260 մ բարձրության վրա։ Ավան գյուղը հնուց ի վեր հայտնի է եղել տուֆի հարուստ քարհանքերով: Այդտեղի քարերով էլ կառուցվել են գյուղի մերձակա բնակավայրերի միջնադարյան բոլոր հուշարձանները: Տաճարը ևս կառուցված է գորշ ու կարմրավուն տեղեկան տուֆ քարերով, որոնք կապակցված են կրաշաղախով: Տաճարը կառուցելիս օգտագործել են Ավանի ձորում` գետառի ձախ ափի տուֆի հանքանյութը:

Հիմնադրման պատմությունը

Հայաստանը IV դարից սկսած դարձել է կռվախնձոր հարևան պետություների համար: Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև ծագած պատերազմի արդյունքում 387-ին Հայաստանն առաջին անգամ բաժանվեց երկու մասի: Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ արդեն 591-ին: Պարսկաստանը մի քանի պատերազմներից հետո համակերպվել էր հայերի դավանած ազգային երանգ ունեցող քրիստոնեության հետ: Բայց նույնը չէր կարելի ասել Բյուզանդիայի մասին: Մորիկ Կայսրը ջանք չէր խնայում Հայաստանը քաղքեդոնական դարձնելու համար:

Կայսրն առաջարկում է Մովսես Բ Կաթողիկոսին ընդունել քաղքեդոնականություն և կաթողիկոսանիստը Դվինից տեղափոխել Հայաստանի բյուզանդական մաս: Սակայն կաթողիկոսը կտրականապես հրաժարվում է: Բարկացած Մորիկ կայսրը Հայաստանի բյուզանդական մասում հակաթոռ կաթողիկոս է նշանակում Հովհաննես Բագարանցի եպիսկոպոսին, որն էլ Ավանում հինում է մի եկեղեցի` իբրև կաթողիկոսական տաճար, կողքին` իր պալատն ու միաբանների բնակարանները: Շնորհիվ Հովհան կաթողիկոսի գլխավորած քաղքեդոնական աթոռի, Ավանը դարձավ Արևելյան Հայաստանի քաղքեդոնական կենտրոն: Նրա իրավասության տակ էին գտնվում Բյուզանդիայի կայսրության սահմաններում գտնվող հայոց բոլոր թեմերը:

Ենթադրվում է, որ Հովհան Բագարանցին եկեղեցին կառուցել է ոչ թե ամայի վայրում այլ գոյություն ունեցող շինության տեղում: Այդ մասին են վկայում եկեղեցու մաքրման աշխատանքների ժամանակ հարավային պատին զուգահեռ ի հայտ եկած երկարաձիգ եռաստիճան հիմնապատը և մի քանի քանդակազարդ բեկորներ:

602-ին Մորիկ կայսեր սպանությունից հետո Ավանի կաթողիկոսությունն անկում է ապրում: Վրաց պատմիչ Արսեն կաթողիկոսի համաձայն` Մովսես կաթողիկոսը դուրս է վռնդում Հովհան կաթողիկոսի կողմնակիցներին: Այն փաստը, որ Մովսես կաթողիկոսն ապրել է մինչև 604-ը, վկայում է, որ Ավանի կաթողիկոսարանը վերացել է մինչև նրա մահը:

Երբ է կառուցվել

Տաճարի կառուցման ստույգ թվականի բացակայության պատճառվ հարցի շուրջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ: Հիմնական պատմագրական աղբյուրը Սեբեոսի պատմությունն է, որը պատմական իրադարձությունների գրեթե ժամանակակիցն է: Այնտեղ խոսվում է միայն Ավանի հակաթոռ եկեղեցու հիմնադրման մասին և որ Հովհան Բագարանցին Պարսկաստանում մահացել և մարմինը բերվել է գյուղ` իր կառուցած Ավանի եկեղեցի:

Հիմնականում բոլոր պատմաբանները տաճարի կառուցմումը վերագրել են Հովհան կաթողիկոսի գահակալության տարիներին` VIդ վերջ – VIIդ սկիզբ: Չնայած կարծիքների բազմազանությանը (տարբեր պատմչների մոտ նշվում է 588-589 թթ.-ից մինչև 611 թ.), Ավանի տաճարի կառուցուման սկիզբը թվագրվում է 591-ով (Հայաստանի երկրորդ բաժանումը), իսկ ավարտը ենթադրվում է 602 թ. (Մորիկ կայսեր սպանությունը): Մասնագետների պնդմամբ, 10-11 տարին լիովին բավարար է ոչ մեծ հուշարձանը կառուցելու համար:

VI և VII դարերի եկեղեցիներն ունենում էին կառուցման վերաբերյալ արձանագրություն, որոնք գրված էին լինում մի տողով, պատերի ամբողջ երկարությամբ և կամ որևէ ամփոփ տեղում մի քանի տողով: Կառուցման միատող արձանագրություններ փորագրվել են միայն VI և VII դդ տաճարների վրա. հետագայում բոլորովին չկան այդպիսի արձանագրություններ: Սովորաբար նրանք սկսվում են տաճարի հարավային պատի սկզբին, շարունակվում են մյուս կողմերում և վերջանում այնտեղ, որտեղ ավարտվում է գրությունը: Թեև Ավանի Հովհաննաշեն (Կաթողիկե) եկեղեցու վրա կան բազմաթիվ արձանագրություններ, սակայն դրանց մեջ չկա նրա կառուցման թվականին վերաբերվող ստույգ տեղեկություն:

Ճարտարապետական հորինվածքը

Ավանի տաճարի կառուցումով Հայաստանում հիմք է դրվել ճարտարապետական նոր հորինվածքի, որը հետագայում լայն տարածում է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում: Այս հորինվածքն առաջացել է ճարտարապետական ձևերի զարգացման հետևանքով: Հնագույն տաճարներն ավանդատներ չունեին և անհրաժեշտություն էլ չկար գույքի համար առանձին սենյակներ նախատեսելու: Մեկ դար անց եկեղեցու արարողակարգը փոփոխվեց և հարստացավ: Ի հայտ եկավ թանկարժեք սպասք, հանդերձանք, ոսկյա և արծաթյա խաչեր, ասեղնագործ ծածկոցներ, մագաղաթյա ձեռագրեր, սրբերի մասունքներ:

Վաղ միջնադարի հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիների մեծամասնությունը պատկանում է քառաբսիդ տարբերակներին: Քառախորան եկեղեցիների շարքում ¾ կորության խորշեր ունեցող հուշարձանները Հայաստանում կոչում են «Ավան - Հռիփսիմեատիպ»: Այս տիպի հուշարձանային հորինվածք հանդիպում է միայն Հայաստանում և Վրաստանում:

Այս ամենը պահպանելու համար, կառուցվեցին կից սենյակներ, որոնք կոչվեցին ավանդատներ: Սկզբում ավանդատները կառուցում էին եկեղեցու արևելյան հատվածում` ավագ խորանի հյուսիսային կամ հարավային կողմերում և հաճախ այն դուրս էր ցցված եկեղեցու ընդհանուր կառուցվածքից: V դարից սկսած եկեղեցին սկսեցին կառուցել ավանդատների հետ միասին` ընդհանուր կառուցվածքով: Սակայն այս փուլում ավանդատները, դեռևս կիսով չափ դուրս էին գալիս ընդհանուր պարագծից, և արտաքին այդ հատվածներում ստեղծվեցին սյունասրահներ: Զարգացման հաջորդ փուլում` VI-VII դդ, ավանդատներն ամբողջավին ընդգրկվեցին հորինվածքի քառանկյան մեջ և եկեղեցու ներսում առաջացավ խաչաձև հատակագիծ, որը շատ բնորոշ է հայկական եկեղեցաշինությանը:

Վաղ միջնադարյան կառույցից մեզ է հասել միայն տաճարը, իսկ կից կառույցից` մնացորդներ: Ակնհայտ է, որ տաճարը կառուցվել է նախկինում գոյություն ունեցող ավելի հին սրբատեղիում:

Իր գոյության ընթացքում Ավանի տաճարը էական վերակառուցումների չի ենթարկվել: Այն 1679 թ հունիսի 4-ի երկրաշարժից զգալիորեն վնասվել է, փլվել է գմբեթը, գմբեթատակ փոխանցման գոտին, հորիվածքի վերին մասերը:

Այստեղ 1937-38 թթ. պեղումներ է կատարել Կարո Ղաֆադարյանը և բացել է հյուսիսային պատի մեջ եղած դուռը: 1940թ պեղումների ղեկավարն էր Մորուս Հասրաթյանը: Մասամբ մաքրվել է շրջապատը, վերանորոգվել է արևմտյան ճակատը և շքամուտքը (ղեկավար` Մ. Մարտիրոսյան): Տաճարի արևմտյան պատիարտաքին կողմի հողակույտի միջից գտնվել է երեք քարերի վրա փորագրված Եզր կաթողիկոսի երկլեզու արձանագրությունը: 1940-1941 վերականգնողկան աշխատանքներ է տարվել արևմտյան ճակատում: Եղած քարերով վերաշարվել է պատը և պակասը լրացվել է նոր քարերով:

Տարբեր ժամանակներում կատարած պեղումների ընթացքում տաճարի արևմտյան և հյուսիսային կողմերում բացվել են տարբեր բարձրություւների շինություններ: Բացվել է նաև մի կառույց հարավ-արևելյան կողմում, որ հավանաբար վաղ միջնադարյան դամբարան է եղել: Այդ տարածք այժմ ասֆալտի տակ է: Սակայն մինչև այժմ կատարված պեղումները հիմնականում նպատակ են ունեցել ոչ թե Կաթողիկոսարանի հայտնաբերումը, այլ տարածքի մաքրումը փլատակներից և հողի թանձր շերտից: Նոր պեղումները և հետազոտությունները հնարավորություն կտան ճշտել, թե ինչ կառույցներ են եղել տաճարի շուրջը:

Ավանի տաճարի նախնական տեսքին շատ հետազոտողներ են անդրադարձել: Վերակազմության նախագծերը և նրա նախնական եռաչափ պատկերի մասին դատողությունները հիմնված են այլ նմանատիպ եկեղեցիների հետ համեմատությունների և ենթադրությունների վրա: Եկեղեցու պահպանված բեկորները թույլ չեն տալիս տեսնել եկեղեցու ամբողջական պատկերը:

Տաճարի արձանագրությունները

Ավանի տաճարի արձանագրություները բազմիցս ուսումանսիրվել են: Վիմագիր տեքստերի ուսումնասիրություններ օգնում են որոշակի պատմական պատկեր ստանալ թե եկեղեցու կառուցման, թե պատմական իրողությունների վերաբերյալ, քանի որ արձանագրությունները սովորաբար լինում են շինարարական, օրենսդրական, նվիրատվական, կամ նվիրված որևէ այլ առիթով:

Հետաքրքիր է եկեղեցու հնագույն պահպանված արձանագրությունը (633 թ.): Այն կարծես գաղտնի հաղորդագրություն է Եզր կաթողիկոսի դավանափոխության մասին: Ավան գյուղաքաղաքի բնակիչները գաղտնի եղել են քաղկեդոնադավան: Լսելով Եզր կաթողիկոսի դավանափոխության մասին` մասամբ հունարեն, մասամբ հայերեն և նաև ծածկագիր գրությամ, Եզրին համարել են Աստծո ճշմարիտ ծառա: Արձանագրությունը պեղումների ժամանակ ի հայտ է եկել արևելյան կողմում: Այն փորագրված է տուֆե երեք քարաբեկորների վրա: Այդ քարերից ձախակողմյանն ունի 66 սմ երկարություն, մեջտեղինը` 56 սմ և աջ կողմինը` 92 սմ, քարերի բարձրությունը 50 սմ է:

Կարո Ղաֆադրյանը իր «Ավանի երկլեզվյան արձանագրություն» աշխատությունում վերածանել է այն. «Տեր Եզր Հայոց Կաթողիկոս Ճշմարիտ ծառայ Աստծոյ: Սամէղ ծառայ Քրիստոսի»: Արձանագրությունը, որպես հայ գրության բացառիկ նմուշ, վերականգնման աշխատանքների ժամանակ չտեղադրվեց նախկին տեղում, այլ տեղափոխվեց Հայաստանի պատմության թանգարան:

Եկեղեցու արևմտյան պատին` մուտքից հարավ, երկու շարք քարերի վրա 1219 թ. արձանագրությունն է: Առաջին երեք տողերը, մասամբ նաև չորրորդը, գրված են համեմատաբար մեծ գրերով և հետզհետե փոքրացել են երկու շարք քարերի վրա տեղավորելու համար, սակայն ութերորդ տողն հասել է երրորդ շարքի քարերին:

Այն արտոնագիր է, ըստ որի Իվանե Զաքարյանն Ավանի բնակիչներին ազատել է բահավար (բահով մշակվող հողերի) հարկից` քաղկեդոնականների հետ կրոնադավանաբանական միասնության համար: Կուզան (տեղանուն) նախապես պատկանել է ավանցիներին, հետո անցել է Ջաջուռին, և այս արձանագրությունից ենթադրվում է, որ ավանցիները վճարելով «բազում գանձեր» hետ են գնել այն Իվանե Աթաբեկի օգնությամբ: Այդ օգնությունն իրավունք է տվել Իվանեին հայտարարելու, թե ինքն է նվիրել Կուզան ավանցիներին: Իսկ արձանագրության երկրորդ հատվածում Իվանե Աթաբեկը պարտադրում է, որ ով երկրի տեր լինի, պետք է հող ու ջուր ավելացնի ավանցիներին, որպես հունադավան: Այստեղից պարզվում է, որ ավանցիները XIII դարում էլ քաղքեդոնական են մնացել: Այդ է պատճառը, որ քաղքեդոնական դավանանքի պաշտպան Իվանեն օգնել է ավանցիներին hետ գնել Կուզան և ազատել նրանց տուրքերից:

Արևմտյան պատին երկշարք քարերի վրա` ութ տողով Դէմիտրե թագավորի որդի` Դավթի, 1285 թ. արձանագրությունն է: Ըստ արձանագրության` Վրաց Դեմետրե թագավորի որդին` Դավիթը (հետագայում` Դավիթ 6-րդ թագավոր), 1285 թ. այգիների համար և ջուլհակներից գանձվող հարկերը զիջել է ավանցիներին` «վասն միամտութեան սոցա»: Այստեղ, ինչպես 1219 թ. Իվանե աթաբեկի արձանգրության մեջ, «վասն միամտութեան սոցա» դարձվածքը վերաբերվում է ավանցիների քաղքեդոնական դավանանքին: Դավիթ արքայորդին նշում է նաև, որ ինքը զիջել է Ավանիտուրքը և նզովում է նաև Ավանի ապագա այն տերերին, ովքեր ջուլհակներից բնատուրք կառնեն:

Հետաքրքրական են նաև մյուս` արևելյան պատի երկու արձանագրությունները. մեկի վրա փորագրված է ՅՈՀԱՆ, մյուսին` ԳԱՐԿ (VII դ.): Այս արձանգրությունները շատ վիճաբանությունների տեղիք են տվել: Հնագետ Կարո Ղաֆադարյանը մի քանի աշխատություններում անդրադարձել այս գրությանը և պնդում է, որ նրանք առանձին են փորագրված: Երկու արձանագրություններն էլ անձնանուններ են` Յոհան և Գարկ (Գեորգ անվան հնացած ձևը): Հնագետը քիչ հավանական է համարում, որ Յոհանը դա հակաթոռ կաթողիկոսի անունն է, քանի որ անունը չի ներկայացված տիտղոսով: Սակայն պատմաբան Պ. Մուրադյանը «Յոհան Սարկավագ» թե «Յոհան, Գարկ» հոդվածում նշում է, որ այս երկու արձանագրություն միևնույն ժամանակ են արվել: ԳԱՐԿ-ը դա ծածկագիր է և բացվում է սարկավագ: Ստացվում է Յոհան սարկավագ, որն էլ Ավանի տաճարի հիմնադիրն է:

Առանց տանիքի տաճարն իրավամբ կարելի է համարել Երևանի` բաց երկնքի տակ գտնվող թանգարանի ամենաարժեքավոր ցուցանմուշներից մեկը, որը, թեև ներառված է հատուկ պահպանվող հուշարձանների ցանկում, ցավոք, չի արժանանում պատշաճ ուշադրության ու խնամքի, և շատերն անգամ չգիտեն դրա գոյության մասին:

Պատմական փաստերն ու մեջբերումները` «Ավանի տաճարի հետազոտման և ամրակայման նախագիծ», Վերականգնման դասընթացներ Հայաստանումհայ-իտալական միջպետական«Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում»ծրագրի շրջանակում,2011-2014թթ. ղեկ.` Ս. Բորտոլոտո, Հ. Սանամյան, ուսանող` Ն. Քալանթարյան

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Կարո Սահակյան / PAN Photo
ՖՈՏՈՇԱՐՔ